Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ աշխարհում ցանկացած մանուկ պաշտպանված է, բայց հայ մանկիկը կարող է հացի խնդրի պատճառով մահանալ, եւ որեւէ մեկն ուշադրություն չդարձնի»․ բողոքի ցույց՝ Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Հուլիս 14,2023 18:40

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ցույց անցկացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի շենքի մոտ՝ ի աջակցություն շրջափակված Արցախի։ Մասնակիցները կոչ են անում Կարմիր խաչին անտարբեր չմնալ եւ քայլեր ձեռնարկել՝ Արցախում հումանիտար աղետը դադարեցնելու ուղղությամբ։

Նախաձեռնող Ալվարդ Զաքարյանն ընթերցեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ուղերձը՝ «Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին։ Մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, եթե իր երեխան կարող է արատներով ծնվել, ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքն իրենց երեխաների համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ես ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։ Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհվածի մոր աչքերին, որն ահաբեկված աչքերով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իր մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը։ Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետեւ ես այլեւս պատասխան չեմ գտնում»։

Ալվարդ Զաքարյանը նշեց, որ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ, որովհետեւ Կարմիր խաչը Հայաստանում հաստատվել է զուտ Արցախյան հակամարտության համար։ «Եվ հիմա հրաժարվում են Արցախ եւ հումանիտար օգնություն հասցնել։ Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, դա ցեղասպանություն է։ Շուտով բոլոր մանուկներն այլեւս սնունդ չեն ունենա, եւ այս ամենի համար ինչ-որ կերպ պատասխանատվություն է կրում նաեւ Կարմիր խաչը։ Այստեղից մենք պետք է սկսենք մեր արշավը եւ բոլորին հորդորենք միանալ մեզ։ Եթե կարողանում էինք Կարմիր խաչի միջոցով  գոնե մի քանի դեղ ուղարկել Արցախ, հիմա դա էլ չի լինելու, եւ շատ մարդիկ են մահանալու։ Եվ այս պատասխանատվությունը բոլորիս վրա է։ Մենք չենք կարողանալու լռել ու տեսնել, թե ինչպես են մեր բարեկամներն ու ընկերներն այնտեղ սովամահ լինում»,- ասաց նա։

Ըստ Ալվարդ Զաքարյանի՝ ոչ մի հումանիտար կառույցի մեքենաներ աշխարհում չեն ստուգվում, բայց չգիտես ինչու ադրբեջանցիներն ստուգում են Կարմիր խաչի մեքենաներն ու արգելում, որ մարդիկ գնան Արցախ։ «Ես խնդրում եմ, որպեսզի ինչ-որ կերպ հանդիպենք նրանց հետ, եւ խնդրենք, համոզենք, հորդորենք, ինչու ոչ, նաեւ պահանջենք, որ մեր հարազատներին, ծնողներին գոնե առանց դեղորայք չթողնեն։ Ժամանակն է, որ բոլորով միավորվենք, ոչ մի քաղաքական նպատակ չունենանք, մենք կարող ենք միավորվել ու միասնական պայքարել։ Մեր միակ նպատակը միացյալ, ուժեղ, անկախ Հայաստան ունենալն է։ Կարմիր գծերը հատված են, իսկ մենք դեռ ուշքի չենք գալիս։ Մեր պայքարը սրանով չպետք է ավարտվի, պետք է փորձենք բոլորին ստիպելով, կոչ անելով բերել նրան, որ անեն այն, ինչի համար ծառայում են Հայաստանում»,- հավելեց նա։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց․ «Մենք եկանք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտից, որտեղ այսօր մոմավառություն էինք իրականացրել Արցախում մահացած երկու փոքրիկ բալիկների հիշատակին։ Կոչ ենք անում ՄԱԿ-ին, որը շուրջ 190 պետությունների միավորում է, անտարբերության չմատնել Հայաստանի ու Արցախի փոքրիկների իրավունքները, ինչի մասին անընդհատ խոսում ու կոչեր են անում։ Ստացվում է, որ աշխարհում ցանկացած մանուկ պաշտպանված է, բայց հայ մանկիկը կարող է հացի խնդրի պատճառով մահանալ, եւ որեւէ մեկն ուշադրություն չդարձնի։ Եվ այդ նույն ճակատագրին արժանանալու են 30 հազար մանուկները, եթե այս անտարբերությունը շարունակվի, եւ անգործություն լինի բոլոր միջազգային կառույցների կողմից, որոնք պարտավորություն ունեն պաշտպանելու այդ երեխաների իրավունքները, բայց բառացիորեն ոչինչ չեն անում»։

Նա նշեց, որ չի կարող որեւէ կերպ պահանջ ներկայացնել Հայաստանի կառավարությանը, որովհետեւ այդ շենքը զբաղեցրել են մարդիկ, որոնց համար հայ ժողովրդի ճակատագիրն ստորադասված է Ադրբեջան պետությանը եւ բառացիորեն իրականացնում են միայն ու միայն Ադրբեջանի պահանջները։ «Ուստի, մեր հույսը ես դնում եմ միջազգային կառույցների վրա, որ ինչպես աշխարհի յուրաքանչյուր մանուկը պաշտպանված է իրենց կողմից, նույնպես նաեւ Արցախի, հայ ժողովրդի յուրաքանչյուր մանուկն ունենա այդ նույն պաշտպանվածությունը։ Եվ սա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ, քանի դեռ իրենք գտնվում են մեր պետության տարածքում եւ ունեն պարտավորություն՝ նաեւ մեր պետության ներսում մեր իրավունքներին տեր կանգնելու»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։

Փաստաբան Ավետիք Հարությունյանն էլ հիշեցրեց, որ այսօր Արցախում համաժողովրդական շարժում է սկսել։ Եվ արցախցիների պահանջն առաջին հերթին ուղղված էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որովհետեւ այն այս պահին միակ միջազգային կազմակերպությունն է, որը լիարժեք կամ մասնակի ներկայացված է Արցախի Հանրապետությունում։

«Ինչի՞ մասին է մեր պահանջը՝ այսօր մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների երաշխավորվածության եւ այլ բարձրագոչ հարցերի մասին, սակայն որեւէ գործնական քայլ չի իրականացվում։ Այսօր մեր ծնողները, քույրերը, եղբայրները, երեխաները գտնվում են Արցախում, շատ ծանր վիճակում։ Եվ սննդի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, եւ դեղորայքի հետ կապված, այսօր խոսում ենք կյանքի իրավունքի երաշխավորվածության մասին, ազատ տեղաշարժի իրավունքի մասին, որը սահմանված է մի շարք միջազգային կոնվենցիաներով, սակայն իրականում դա Արցախում չի գործում։ Ստացվում է՝ Արցախում ապրող 120 000 մարդիկ մոլորակի 7 մլրդ-ից ավելի մարդկանց մեջ չեն մտնո՞ւմ։ Մեր հիմնական պահանջը հետեւյալն է՝ եթե խոսում ենք իրավունքների մասին, եթե խոսում ենք այն մասին, որ Կարմիր խաչը պետք է կարողանա անխոչընդոտ մուտք ու ելք ունենալ Արցախի Հանրապետություն, մեր պահանջը պետք է ներկայացվի համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան  հումանիտար այս աղետը, ցեղասպանական գործողությունները, որոնք Ադրբեջանը եւ նրա հովանավորյալներն են իրականացնում, կանխարգելեն»,- ասաց փաստաբանը։

Մարտակերտում երկու երեխաների մահվան դեպքը փաստաբանն Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտ որակեց։

Հավաքի մասնակիցներն իրենց պահանջը ներկայացրեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին եւ հայտարարեցին, որ նման ցույցեր առաջիկայում պարբերաբար անելու են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31