Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգի «տառակերության» ու «կամայականության» վնասները

Հուլիս 22,2023 13:00

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին միջնորդություն եմ ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

Մեր դատական համակարգն անցումային ժամանակահատվածում, սկսած 90-ական թվականներից, երբեք մոտ չի եղել պահանջված նորմերին: Այսօր դատական համակարգում տեղ է գտել ոչ պակաս վտանգավոր, այսպես կոչված՝ տառակերությունն ու կամայականությունը: Դատավորը, հղում անելով այս կամ այն օրենքի դրույթին, յուրովի մեկնաբանելով այն, բազմաթիվ անգամներ վերադարձնում է հայցադիմումը, ձգձգում ժամանակը, անհարկի հետաձգում դատական նիստերը՝ առաջացնելով քաղաքացիների արդարացի վրդովմունքը, ձեւավորելով համընդհանուր հուսալքություն ու անվստահություն արդարադատական համակարգի նկատմամբ:

Եղել են դեպքեր, երբ հայցադիմումը դատավորի կողմից վերադարձվել է, պատճառաբանությամբ, թե «հայցադիմումում հայցվորի հայրանունը գրված չէ», այն դեպքում, երբ հայցադիմումին կից ներկայացվել է հայցվորի անձնագրի պատճենը: Եղել է դեպք, երբ դատավորն ընդհատել է արդեն իսկ սկսված դատական նիստը (Երեւան քաղաքի դատարան, Աջափնյակի նստավայր, դատավոր Գրիգորի Վարդանյան) եւ հայցվորին պարտավորեցրել վճարել պետական տուրք՝ երկրորդ հայցապահանջի համար, երբ դա կարող էր արվել մինչեւ հաջորդ դատական նիստը: Եղել է դեպք, երբ դատական կազմը տեղափոխվել է նոր նստավայր, այդ պատճառով նախկին դատական նիստը հետաձգվել է, հաջորդ դատական նիստին Արմավիրից ժամանած հայցվորին չի հաջողվել ժամանակին գտնել դատարանի նոր հասցեն, դատավորը (Աջափնյակ նստավայր, դատավոր՝ Գրիգորի Վարդանյան), օգտվելով առիթից, որոշում է կայացրել՝ նրա հայցը թողնել առանց քննության:

Այս շարքը երկար կարելի է շարունակել: Երկար տարիների դատարանների հետ սերտ առնչության իմ փորձը թույլ է տալիս շատ դեպքեր հիշել, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը սեւեռել նմանօրինակ իրավական կամայականության եւ տառակերության տված վնասների վրա, վնասներ, որոնք անդառնալի հետք են թողնում մեր առանց այն էլ խոցելի իրականության եւ մարդկանց հոգեբանության վրա: Այլ խնդիր է, թե ինչ ահռելի ծախսեր է կրում պետությունը այս, իբր օրինապաշտության տակ թաքնված կամայականության արդյունքում:

Այսօր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին եմ ներկայացրել հերթական նմանօրինակ մի դեպք, երբ դատավորն արձակուրդ է գնալու եւ կամայական մեկնաբանությամբ «ցրում» է իրեն հասցեագրված գործը: Բարձր աշխատավարձը մի բան է, որ նյութապես կարողունակ պետք է լինես ու լավ հանգստանաս, այլ բան է, որ պահանջկոտ քաղհասարակության կողմից իրեն սեւեռված աչքերից էլ հնարավորինս հեռու պետք է մնաս, որ լավ հանգստանաս:

Եվ այսպես, Գրիգոր Մինասյանին միջնորդություն եմ ներկայացրել այն մասին, որ 2023 թ. հունիսի 13.-ին Հովհաննես Մամիկոնյանը հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ կեղծ եւ շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանի (դատավոր՝ Անահիտ Անտոնյան)՝ 16.06.2023 թ. թիվ ԿԴ/6798/02/23 որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Եվ քանի որ հայցվորը ժամանակավորապես ապրում եւ աշխատում է Երեւանում, այդ պատճառով դատարանի հիշյալ որոշման մասին տեղյակ չի եղել: Ես, «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքից տեղեկանալով դատարանի այս որոշման մասին, որպես լիազորված անձ, 10.07.2023 թ. այցելել եմ Չարենցավան քաղաքի համապատասխան փոստատուն՝ ստանալու դատարանի որոշումը, փոստային բաժանմունքից ինձ հայտնել են, որ ժամկետը լրանալու պատճառով նամակը վերադարձվել է դատարան:

Նույն օրը հայցվորի հետ ներկայացել ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, դատարանին հայցվորի կողմից ներկայացվել է միջնորդություն այն մասին, որ հայցադիմումում առկա թերությունները վերացվել են, խնդրել է այն ընդունել վարույթ, նշանակել դատական նիստ:

Դատավորի մեկ այլ՝ 12.07.2023 թ. թիվ ԿԴ/6798/02/23 որոշմամբ կրկին հայցադիմումը վերադարձվել է, այս անգամ, ըստ հիշյալ որոշման՝ «Հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունը, հայցադիմումի թերությունները վերացնելու համար դատարանի կողմից եռօրյա ժամկետ չի տրամադրվում»:

Դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմանը կից փաստաթղթերում զարմանալիորեն բացակայում է հայցվորի կողմից 10.07.2023 թ. դատարանին ներկայացրած դիմումը, այդ դիմումի մասին դատարանի որոշման մեջ խոսք անգամ չկա: Այսպիսով, ներկայացված փաստերից ակնհայտ է դառնում, որ դատարանի որոշման մեջ տեղ է գտել կամայականությունն ու անօրինականությունը, առկա են քաղաքացիական գործն անհարկի ձգձգելու, օրենքի պահանջը չկատարելու միտումներ, ինչը կարելի է համարել արդարադատության խոչընդոտում, տառակերություն, այլ ոչ թե արդարադատության կայացմանն ուղղված արդյունավետ գործողություններ: Այլապես, ինչպես կարելի է մեկնաբանել նշված դատարանի հիշյալ բացթողումները, կամ ինչպես կարելի է մեկնաբանել դատարանի հիշյալ որոշմամբ ամրագրված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 4-րդ մասը, երբ սահմանված պետական տուրքը վճարված է եւ անդորրագիրը կցված գործին, մնում է անբացատրելի:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրել եմ ստուգել ներկայացված փաստերը եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ, ենթարկել նրան պատասխանատվության, հայտարարել նկատողություն կամ դադարեցնել վերջինիս լիազորությունները:

Այս կերպ միայն կարելի է մեղմացնել դատական համակարգում ամենաթողությունն ու կամայականությունը: Այսպես միայն դատավորին կարելի է ստիպել աշխատել հանուն օրինականության ու հանուն արդարադատության: Մյուս դատավորները թող սպասեն, հերթը իրենց էլ կհասնի: Միայն բարձր աշխատավարձ տալը, ինչպես շատերն են կարծում, երաշխիք չէ լավ աշխատելու եւ օրենքը հարգելու համար:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31