Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է մեղադրել, թե ինչու են Երեւանի համար շատ գումար ծախսում, բայց Հանրային հեռուստաընկերության՝ Տիգրան Ավինյանին ինտենսիվ լուսաբանումը հանրային ռեսուրսի չարաշահում է»․ Բարսեղյան

Օգոստոս 10,2023 22:58

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս Երեւանի բյուջեից մայրաքաղաքի բակերի հիմնանորոգմանն ու կառուցմանն ուղղված ֆինանսական ցուցանիշներն է հրապարակել՝ սկսած 2014 թվականից։ Հատկանշական է, որ նախորդ տարիների համեմատ, այս տարվա միջոցները շեշտակի աճել են։ Օրինակ, 2021-ին մոտ 1 միլիարդ դրամ է հատկացվել, 2022-ին՝ 1,6 միլիարդ դրամ, իսկ ընտրական այս տարում՝ 5,3 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշն Ավինյանը ռեկորդային է համարում։ Ավինյանը հայտարարել է․ «Արդեն իսկ մեկնարկած բարեկարգումների շնորհիվ կիրականացվեն աննախադեպ թվով՝ 210 բակային տարածքների վերանորոգման աշխատանքներ»։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հիշեցնենք, իշխող ուժի՝«Քաղաքացական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն է։ Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին։

Նախընտրական այս փուլում արդյոք բակերի հիմնանորոգումներին հատկացվող գումարի նման աճը կասկածելի չէ։ Օրինակ՝ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը կոռուպցիոն ռիսկ է տեսնում այստեղ։

Նախկինում էլ Հանրապետականներն էին նախընտրական շրջանում ակտիվանում, բակերն ասֆալտապատում էին, խաղահրապարակներ կառուցում։

Լեւոն Բարսեղյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն Aravot.am-ի հետ զրույցում նշում է՝ իշխանություններն ընտրությունների ժամանակ միշտ ունեն մրցակցային առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ․ «Նախկինում եմ նշել՝ իրենք ունեն պետական կամ համայնքային բյուջեի ռեսուրսներն այնպես ծախսելու հնարավորություն, որպեսզի ստանան ավելի շատ քվե՝ եթե դա արվում է օրենքով նախատեսված դեպքերում, առանց կոռուպցիոն գնումների։ Այդ մեխանիզմն աշխատում է եւ աշխարհում այդպես է։ Եթե իշխանությունն իր աշխատանքը բարեխղճորեն է կատարում, բյուջետային հատկացումները ծախսում է՝ ըստ հնգամյա ծրագրով նախատեսված պլանի, դա նորմալ է։ Շատ դժվար է մեղադրել, թե ինչու են շատ ծախսում Երեւանի համար։ Այստեղ կարեւորն այն է, թե այդ շինաշխատանքների համար մրցույթներն ինչպես են տեղի ունենում, շահողներն ովքեր են լինում»։

Բարսեղյանը կարծում է՝ համայնքներին գումարներն անարդար են բաշխվում, ըստ՝ բնակչության համամասնության, ճանապարհային ցանցի, ենթակառուցվածքների եւ այլն։

«Երկու տասնամյակների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Երեւանն այլ համայնքների շարքում ունի արտոնյալ կարգավիճակ, ավելի շատ ռեսուրսներ են ներդնում։ Սա հնից եկած բան է։ Մեկ շնչին ընկնող հաշվով Երեւանն երկու-երեք անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ ունի՝ ի համեմատություն այլ համայնքների»,-ասում է Բարսեղյանը։

Մեր դիտարկմանը՝ նախկինում երբ նախընտրական փուլում, ի տարբերություն դրան նախորդող տարիների, օրինակ՝ ասֆալտապատումներն ակտիվանում էին, աղմուկ էր բարձրացվում, քաղհասարակությունն էլ դրա վրա ուշադրություն էր հրավիրում, կոռուպցիոն ռիսկեր էին տեսնում, Բարսեղյանը պատասխանեց․ «Ես միշտ դժգոհել եմ անարդար բաշխումներից։ Բայց երբ խոսում էինք ընտրակաշառքի մասին, դա արդեն այլ խոսակցություն է։ Նախկինում, երբ դա ակնհայտ կապված է եղել ընտրությունների հետ, այո, քննադատելի է եղել։ Ասում են՝ համաչափորեն հինգ տարվա մեջ արեք այդ աշխատանքները։ Պետք է նայել 2018-ից հետո Երեւան համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը՝ ինչ էր նախատեսված, դիտարկենք արդյոք այդ նախատեսվածի չափով է արվել, թե՞ շեշտակի ավելացել են ծախսերը։ Այս տարի Ավինյանի նշած ցուցանիշները շեշտակի աճել են։ Այդ դեպքում, կարող ենք ասել՝ հարգելիս, եթե դու ունեիր հնարավորություն այդպես անելու, ինչո՞ւ չես պլանավորել այդպես անել, ու եկել ես ընտրական տարում շեշտակի ավելացնում ես ծախսը։ Օրինակ, իրենք կարող են ասել՝ Երեւանն այս տարիների ընթացքում հարստացել է, ավելի շատ եկամուտ ենք ունեցել, ծախսն ավելացրել ենք։ Բայց բոլորովին այլ բան է ընտրակաշառքը, երբ ընտրողներին գնան ասեն՝ մեզ կընտրեք, սա կանենք, սա նախընտրական խոստում է, որը քրեականացված է։ Իսկ այս դեպքում դժվար է առայժմ բակերի բարեկարգմանը հատկացվող բյուջեի աճը ընտրակաշառք համարել»։

Բարսեղյանը մեկ այլ ուշագրավ երեւույթի վրա է ուշադրություն հրավիրում․ ասում է՝ հատուկ եւ վաղուց դիտարկում է Հանրային հեռուստաընկերության եթերները, նկատել է ՝ Հայաստանում 71 համայնք կա՝ համայնքապետերով եւ 150 տեղակալներով․ «Բայց Հանրային հեռարձակող, ինչո՞ւ եք ուշքումիտքներդ դրել մեկ համայնքի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի մեկ տեղակալի՝ Տիգրան Ավինյանի վրա։ Իսկ օրինակ Դիլիջանի, Նոյեմբերյանի համայնքապետը տեղակալ չունի՞, ինչո՞ւ չեք լուսաբանում։ Սա հանրային միջոցների ծայրահեղ անարդար բաշխում է։ Եթե Հանրայինը մեկ անգամ հյուր է հրավիրվում Երեւանի քաղաքապետի տեղակալին, մյուս անգամ պետք է այլ համայնքների տեղակալներին հրավիրել։

Մենք տեւական ժամանակ է՝ ակնհայտորեն տեսնում ենք Երեւանի համայնքապետի տեղակալներից մեկի գործունեության ինտենսիվ լուսաբանում հանրային միջոցներով։ Հանրային հեռարձակողը հատուկ շեշտված, ահռելի ծավալի ժամանակ է հատկացնում 71 համայնքապետերի 150 տեղակալներից ընդամենը մեկ համայնքապետի մեկ տեղակալին։ Սա ինձ հուշում է, որ արվում է հանրային ռեսուրսի չարաշահում, օգտագործում հատուկ մեկի համար, իսկ եթե մոտենում են ընտրությունները, հասկանալի է, որ դա ընտրությունների հետ կապ ունի։ Իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարն ինչո՞ւ այդքան շատ չի երեւում։ Այստեղ անարդարություն կա, բայց կոռուպցիա չեմ տեսնում»։

Բարսեղյանը մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ է նշում՝ Երեւանի քաղաքապետի տեղակալներին նորմատիվ ակտերով նախատեսված գործառույթներն արդյոք չեն վերաբաշխվել հօգուտ մեկի, այնպես, որպեսզի հենց տվյալ փոխքաղաքապետը զբաղվի այնպիսի խնդիրներով, որոնց շուրջ հանրային իրազեկումը կբերի նախընտրական դիվիդենտներ․ «Ասենք՝ մեկ տեղակալին այնպիսի լիազորություններ տան, որ շատ երեւա։ Բայց վստահ եմ՝ մյուս տեղակալներն էլ այնպիսի գործառույթներ ունեն, որ կարելի է նրանց էլ շատ լուսաբանել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031