Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները մեր իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր են, որովհետեւ իշխանությունները մտածում են միայն իրենց իշխանության պահպանման մասին»,- Անուշ Սեդրակյան

Օգոստոս 14,2023 14:57

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեկօրյա չոր հացադուլ է հայտարարել՝ հրաժարվելով ոչ միայն սննդից, այլ նաեւ ջրից։ Այսպիսով, ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Անուշ Սեդրակյանը, «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության հացադուլների շարքն ավարտվում է։ Ըստ նրա՝ չոր հացադուլը կրիտիկական միջոց է, որին դիմում է։ Իսկ նախաձեռնությունն առաջիկայում կհայտարարի հետագա անելիքների մասին։

«Մենք ուզում ենք, որ ՄԱԿ-ի հետ մեր համագործակցությունը շարունակվի, բայց մի փոքր այլ բնույթ ստանա, որովհետեւ հացադուլն իրեն սպառել է։ Իրեն սպառել է ոչ թե այն առումով, որ մենք կամավորներ չունենք, ոչ, կամավորներ ունենք, բայց առաջին փուլը հաղթահարված է, որովհետեւ մեր իշխանությունները վերջապես դիմել են ՄԱԿ-ին։ Ես վստահ եմ, որ այս չոր հացադուլին կդիմանամ, ինչքան էլ անհայտ ծագման բլոգերներ գրեն, որ Փարիզից եկա հացադուլի։ Այդ նարատիվն էլ մեկ նպատակ ունի՝ մեզ լռեցնել։ Եվ ինձ թվում է, որ իշխանության փոփոխությունից հետո առաջին դատական գործը պետք է լինի ֆեյքերի գործը, որովհետեւ, ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում ամենամեծ դերակատարումն ունեցել են նրանք, ովքեր կազմավորել են ֆեյքերի ֆաբրիկա եւ երկար ժամանակ մարդկանց պահել են տեղեկատվական ու բարոյական ճահճի մեջ։ Եվ հիմա, երբ ժողովուրդը արթնանում է, իրենք նորից փորձում են գցել այդ ճահիճը, բայց ես կարծում եմ՝ չի ստացվելու»,- ասաց նա։

Անուշ Սեդրակյանը նշեց, որ այս բոլոր շարժումները, այդ թվում՝ իրենց շարժումը կոտրել են իշխանությունների՝ խնամքով մշակված պլանը։ «Ո՞րն է այդ պլանը, հետեւյալն է՝ ցույց տալ, որ Հայաստանի հանրությունը ոչ միայն հաշտ է Արցախի ուծացման, էթնիկ զտման, քաղաքացիների սովի, Հայաստանի սահմանների անպաշտպանության, զինվորների ամենօրյա սպանության, ներսում իշխանական օղակի անօրինական գործողությունների հետ, այլ նաեւ շատ ու շատ ողջունում է այդ գործողությունները։ Դրանով է պայմանավորված զվարճությունների այդ տենդագին կազմակերպումը, պատերազմական փուլում ո՞ւմ են պետք այդպիսի փառատոնները, Սնուփ դոգերը։ Եվ երբ հեռահար հայացք ես նետում, հասկանում ես, որ այդ ամենն արված է ոչ թե որպեսզի մեզ շեղեն մեր առօրյա դիսկուրսից, չնայած դա էլ կա, բայց դա դրսին ուղղված մեսիջ է, որ, տեսեք, Հայաստանը միանգամայն համահունչ է այս կարգավիճակի հետ, շատ նորմալ է ընդունում Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին, ընդհանրապես ապագա ինտերգրացիան Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մեր իշխանություններն անընդհատ այն նարատիվն են զարգացնում, որ այն անհամաձայնությունը, որը կա հայերի եւ ադրբեջանցիների կամ հայերի ու թուրքերի միջեւ, դա զուտ ինչ-ինչ չար ուժերի պարտադրած նարատիվն է, իսկ իրականում ժողովուրդները պատրաստ են իրար հետ շատ բարեկամաբար ապրել։ Եվ արցախցիները մեր իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր են, որովհետեւ մեր իշխանություններն այս պահին մտածում են միմիայն իրենց իշխանության պահպանման մասին։ Ուրիշ խաղաքարտ այստեղ չկա։ Գոնե Հայաստանի անկախության, բարեկեցության համար ինչ-որ քայլեր տարվեն… պաշտպանական մեխանիզմի զարգացումն է այդ քայլը, տնտեսական մեխանիզմի զարգացումը, ծնելիության խրախուսումն է այդ քայլը։ Նայեք, թե ինչ արտագաղթ է Հայաստանից»,- հավելեց նա։

Անուշ Սեդրակյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։ Նրա խոսքով՝ արցախցիների աչքերը բացվում են, նրանք տեսնում ենք, որ ռուսական պաշտպանությունը պաշտպանություն չէ։ «Ռուսաստանն իսկապես շատ թուլացած է եւ զինամթերքի, եւ քաղաքական ազդեցության տեսանկյունից։ Իսկ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերը։ Եթե մենք ունենք պետություն, պետք չէ նոր հեծանիվ հորինել, այսպիսի իրավիճակում կա միայն մեկ մոդել՝ երկիրը պահելու, դա իսրայելական մոդելն է։ Այն է՝ զարգանալ, զենք արտադրել, գնալ բոլոր հնարավոր սխեմաների եւ խաբեությունների։ Մեր իշխանությունն արտահայտում է ոչ ազգային ու հակապետական նարատիվ, եւ մենք հասկանում ենք, որ 120 հազար հոգուն մատաղ անողը վաղը 1 միլիոնին էլ մատաղ կանի շատ հեշտությամբ»,- ասաց նա։

Ըստ Սեդրակյանի՝ ինտեգրացիոն մոդելներին պատրաստ են շատ ուժեղ պետությունները, որոնք ունեն ատոմային զենք, հզոր ինստիտուտներ, ազգային իդենտիֆիկացիայի քաղաքացիական մոդել։ Իսկ Հայաստանի դեպքում, եթե այսպես շարունակվի, որեւէ երաշխիք չունենք, որ, օրինակ, չորս տարի հետո Երեւանի քաղաքապետ չի լինի ազգությամբ ռուս կամ ադրբեջանցի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031