Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստան են ներմուծվել մանկական քաղցկեղի անորակ դեղամիջոցներ, որոնք կողմնակի ազդեցություն են ունենում․ «Հետք»

Օգոստոս 19,2023 12:54
dex

Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն էր հրապարակել, որում նշվում է նաև Հայաստանի մասին:

Հետաքննությունը բացահայտել էր, որ աշխարհի ավելի քան 90 երկիր ասպարագինազա (asparaginase) դեղանյութ պարունակող անորակ դեղամիջոց է ներմուծվել։ Ասպարագինազան մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակի՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բուժման նպատակով օգտագործվող հիմնական դեղանյութն է։

Լրագրողներն ամբողջ աշխարհում անորակ ասպարագինազայի ապրանքանիշերի տարածմանը հետևելու համար օգտագործել են Panjiva բեռնափոխադրումների տվյալների բազան: Ըստ հետաքննության՝ 2021 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել «Օնկոնաս» (Onconase) և «Ասպատերո» (Aspatero) դեղամիջոցները։ Պարզվել է, որ դեղամիջոցների որոշ խմբաքանակներ անարդյունավետ են, կողմնակի ազդեցություն են ունենում, և շատ երկրներում դրանց կիրառումն արգելվել է։

2020թ. հոկտեմբերի 3-ին Կառավարության «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշմամբ՝ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներմուծումը։ Նշված դեղամիջոցները Հայաստան են բերվել հենց այս որոշումից հետո` 2021 թվականի մարտին, մայիսին և դեկտեմբերին։ Մեր գործընկերների փոխանցած տվյալների համաձայն՝ դեղերը Հնդկաստանից ներմուծել է երկու տնտեսվարող, որոնցից մեկը հայտնի է՝ «Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, մյուսի տվյալները պարզել չի հաջողվել։

«Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արկադի Դաշյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «Օնկոնաս» դեղամիջոցը 2021 թվականին Հայաստան են բերել փոքր խմբաքանակով՝ 50 հատ։ Դաշյանի խոսքով՝ դեղերը ընդհանրապես չեն վաճառվել, ժամկետանց են դարձել և ոչնչացվելու են։

«2021 թվականին դեղ ենք բերել, 2023-ին պարզվել է, որ կողմնակի ազդեցություն է ունենում։ Ընդ որում, խոսքը գուցե հենց այդ խմբաքանակին չի վերաբերում։ Համենայն դեպս, դրանք վաղուց վաճառվող դեղերի մեջ չեն, ոչ մի հատ էլ չի վաճառվել։ Առանձնացրել ենք պահեստից, պիտի ոչնչացնենք»,- նշեց Արկադի Դաշյանը։

Ըստ Առողջապահության նախարարության՝ «Ասպատերո» դեղի ներմուծման թույլտվություն ստանալու համար որևէ դեղագործական ընկերություն չի դիմել։

Թե որ տնտեսվարողն է «Ասպատերո» դեղամիջոցը Հայաստան ներկրել, ինչ խմբաքանակով, և արդյոք այդ դեղերը օգտագործվել են բուժման նպատակով, մեզ չհաջողվեց պարզել։ Նախարարությունից հայտնում են՝ Հայաստան բերված դեղերի իրացման վերաբերյալ տեղեկություններ չունեն, եթե դրանք պետպատվերով տրամադրվող դեղերի ցանկում չեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031