Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում գտնվող պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոս 30,2023 17:22

Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի և «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերության միջև կնքվել է Պուրակում գտնվող տարածքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Պուրակը (4668 քմ) 25 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել է «Ֆոտոմաստեր» ընկերությանը:

2014 թվականի հուլիսի 8-ին Ընկերության բաժնեմասերի նկատմամբ գրանցվել է Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների սեփականության իրավունքը: Նույն թվականի օգոստոսի 4-ին Ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն՝ պուրակում սրճարանների տաղավարների ստորգետնյա շինության կառուցման աշխատանքների կատարման համար:

Երևանի քաղաքապետի՝ 2017 թվականի մարտի 25-ի որոշմամբ` 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է: Նույն օրը, առանց մրցույթի, Ընկերության հետ կնքվել է վերոնշյալ հողամասի վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2026 թվականի փետրվարի 12-ը:

2017 թվականի ապրիլի 12-ին Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 29/4 հասցեում գտնվող 3923,54 քմ մակերեսով հողամասի նկատմամբ (հողամասի սահմանները վերաճշտվել են Երևանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ) գրանցվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերության վարձակալության իրավունքն ու նույն օրը վերոնշյալ հողամասում գտնվող ընդհանուր 1737,06 քմ մակերեսով ստորգետնյա շինությունների նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը: Մինչդեռ, Երևանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 16-ի 415-Ա որոշման համաձայն՝ Մոսկովյան 29/4 հասցեում գտվող 3923,54 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ):

Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձինք վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով, առանց մրցույթի, հանձնել են «Ֆոտոմաստեր» ընկերությանը, վարձակալության պայմանագիրը լուծելուց հետո ստորգետնյա շինությունները համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու փոխարեն՝ «Ֆոտոմաստեր» ընկերության համար ստեղծել են արտոնյալ պայմաններ և օրենսդրության կոպիտ խախտումներով ստորգետնյա շինությունների նկատմամբ գրանցել են Ընկերության սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 24-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի օգոստոսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազությունն առաջիկայում հայց կներկայացնի դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումները վիճարկելու և այդ հիմքով՝ կատարված գործընթացներն անվավեր ճանաչելու պահանջով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031