Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի դիտորդական առաքելություն չի կանխել Ադրբեջանի այս քայլերը. Նարինե Դիլբարյան

Սեպտեմբեր 01,2023 16:14

«Մինչեւ այս ուղղակի ռազմական հարձակումը բոլորս հայ հասարակության մեջ փորձում էինք բարձրաձայնել այն խնդիրը, որ Արցախում ցեղասպանություն է իրականացվում, Արցախում կրակոցներ են, որ մարդիկ ոչ միայն սովի, առեւանգման, այլ պատերազմական հանցագործությունների նախաշեմին են: Բայց մարդիկ մտածում էին՝ ոչինչ, կհանձնենք Արցախը, հանգիստ կապրենք, ոչինչ որ այնտեղ պատերազմ է, ռազմական հանցագործություններ են, կարեւորը մենք Հայաստանում կկարողանանք ապահովել փառատոներ, խաղաղ կյանք:

Եվ ահա գործուն, կենսաբանական, ֆիզիկական, տիեզերական եւ աստվածային ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ սա ուղիղ, հստակ ուղերձ է հայ այն հասարակությանը, որը կարծում էր, որ եթե թաքնվում է ջայլամի պես ավազի մեջ կամ երազում է բարի լուրեր, ուրեմն այդ բարի լուրերը գալու են»,- «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը:

Նրա ձեւակերպմամբ, երբ ազգի կեսը ողբերգություն է ապրում, մեր հայրենիքի մի հատվածում ծանր իրավիճակ է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող գնալ անգամ անարժանապատիվ խաղաղության: «Ադրբեջանական կողմի այդ հարձակումը ռազմական ակնհայտ ագրեսիա է, ընդ որում ոչ մի դիտորդական առաքելություն չի կանխել Ադրբեջանի այս քայլերը: Եվ Արցախի Հանրապետության հռչակման օրվան՝ սեպտեմբերի 2-ին ընդառաջ տեղի ունեցավ Ադրբեջանի հարձակումը:

Ռազմական փորձագետները եւ բանակում գտնվող անձինք շատ վաղուց էին ահազանգում, որ հատկապես Սոթքի, Գեղարքունիքի ուղղությամբ թշնամին ուժեր է կուտակում: Եվ այժմ ունենք զոհեր, ու թիրախը միայն Սոթքը եւ Նորաբակը չեն: Չի կարելի պետության ամբողջ կառավարումը, հանրային կյանքը սահմանափակել այդ հավերժական դարձած կարեկցանքի եւ սգակրության խոսքերով… Նաեւ չի կարելի առաջնորդվել ԽՍՀՄ սոսկալի ժամանակների այն սկզբունքով, որ երբ որեւէ ողբերգական բան էր լինում, դրանից առաջ բեմադրում էին ուրախ , անհոգ ներկայացումներ՝ իրականությունը ծածկելու համար:

Իսկ ո՞ւր մնացին հրապարակայնության երաշխիքները, որոնք հնչում էին 2018թ իշխանափոխության հեղինակների կողմից: Պաշտպանության նախարարությունը վաղուց պետք է ահազանգած լիներ այնտեղ կուտակված զորատեսակների եւ զինատեսակների մասին, որոնք այսօր ողջ հզորությամբ շարունակում են մեզ գնդակոծել եւ պարզ չէ, թե ինչ պայմաններով կրակը կդադարեցվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930