Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն կոչ է անում օրենքի ամբողջ խստությամբ պատժել այն կրթօջախների տնօրեններին ու նրանց ապօրինի պահանջ ներկայացրած անձանց, որոնք խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչության կանոնները

Սեպտեմբեր 09,2023 11:04 Share

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ հայտարարությունը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, ի շարս այլ պետական հաստատությունների, կրթօջախների ներկայացուցիչների զանգվածային մասնակցության վերաբերյալ անհերքելի փաստերն ի չիք են դարձնում պետական և հասարակական հարթակներում կրթական բարեփոխումներ իրականացնելու բոլոր փորձերն ու քայլերը։

Օրերս գիտելիքի օրվա առթիվ հնչեց ԿԳՄՍ նախարարի ուղերձն, ըստ որի հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրման գործընթացը պահանջում է կամք, հետևողականություն, համբերություն և սրտացավություն: Նախարարի հայտարարության համաձայն՝ այդ փոփոխություններն առաջին հերթին մեր երեխաների կրթությունն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու, բայց նաև ուսուցչի գործն ավելի հեշտացնելու մասին են:

Սակայն, դատելով հրապարակված տեսանյութից, հարց է առաջանում․ ինչպե՞ս կարող են կրթօջախների ներկայացուցիչները զբաղվել երեխաների (որակյալ) կրթությամբ, եթե ամբողջ կոլեկտիվով մասնակցում են (իշխանական) թեկնածուի նախընտրական քարոզարշավին՝ միևնույն ժամանակ ամենևին չխորշելով փաստից, որ դարձել են վարչական ռեսուրսի չարաշահման օբյեկտ և անգամ հպարտանալով, որ ապահովել են ներկայացուցչական մասնակցություն։

2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո հնչում էր պահանջ նախորդ տարիների ընտրակեղծիքներին մասնակից դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց պաշտոնազուրկ անելու վերաբերյալ։ Սակայն իրավասու մարմինները ոչ միայն չընդունեցին այդ հանրային պահանջը, այլև այսօր փաստացի շարունակում են նախորդ իշխանությունների օրոք բարգավաճած վարչական ռեսուրսի գործադրման անթույլատրելի և արատավոր պրակտիկան, որը կրթության ողջ գործընթացի վրա ունենում է քայքայիչ ազդեցություն։ Դեռ թարմ է հանրության հիշողությունը կրթական համակարգն ապաքաղաքականացնելու՝ իշխանական խոստումների մասին։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն կոչ է անում օրենքի ամբողջ խստությամբ պատժել այն կրթօջախների տնօրեններին ու նրանց ապօրինի պահանջ ներկայացրած անձանց, որոնք խախտել են ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչության կանոնները՝ մտնելով օրենքով պատասխանատվություն կրելու դաշտ։

 «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն 

ՀՀ ԿԳՄՍ նախարարին հորդորում է դիմել անհապաղ քայլերի և կրթօջախների պատասխանատուների վերաբերյալ կայացնել համապատասխան որոշումներ, բացի այդ վարչական ռեսուրսների չարաշահում նախաձեռնողների գործողությունների համար պահանջել իրավապահ մարմինների համարժեք գնահատականը։

ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է անում ստուգել տեսանյութում ակնհայտորեն աղաղակող վարչական ռեսուրսի չարաշահման փաստերը և հանրությանը ներկայացնել արդյունքները՝ այսուհետ իսպառ կանխելով զանգվածային օրինախախտման դատապարտելի դեպքերը։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930