Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների աշխատակիցները՝ Տիգրան Ավինյանի հանրահավաքին․ ահազանգ վարչական ռեսուրսի չարաշահման մասին

Սեպտեմբեր 08,2023 19:44

Շինարար, ակտիվիստ Արթուր Չախոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ սեպտեմբերի 7-ին Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի անցկացրած հանրահավաքին մասնակցել են պետական հաստատությունների մեծ թվով աշխատակիցներ։

«Երեկ Տիգրան Ավինյանը բոլորին հրավիրել էի Գայի արձանի մոտ, ես գնացի, տեսա, որ 90-95 տոկոսը տարեց մարդիկ էին ու տարբեր պետական կառույցների աշխատողներ։ Մոտեցել եմ մարդկանց, հարցրել եմ՝ որտե՞ղ են աշխատում, քանի հոգի են եկել, այդ ամենը ֆիքսված է տեսահոլովակում։ 743 -778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500-ը: Վերջում էլ ցուցագրմանը խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները, որոնք հետեւիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են եւ քանի հոգով են եկել»,- նշել է Արթուր Չախոյանը։

Մասնավորապես, նրա հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ թիվ 108 մանկապարտեզից Ավինյանի հանրահավաքին մասնակցել է 35, 106 մանկապարտեզից՝ 12, 116 մանկապարտեզից՝ 27, 163 դպրոցից՝ 35-40, 112 մանկապարտեզից՝ 30, 117 մանկապարտեզից՝ 25, 111 մանկապարտեզից՝ 20, 102 մանկապարտեզից՝ 26, 135 դպրոցից՝ 40-50 անձ։

Տեսնելով, որ մասնակցության վերաբերյալ տվյալներ են ճշտվում, դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներն իրենք են մոտեցել Չախոյանին՝ ներկայացնելով, թե քանի հոգով են մասնակցում հանրահավաքին։ Մասնավորապես, 135 դպրոցի ներկայացուցիչը մոտեցել ու ասել է՝ «Ամբողջ կոլեկտիվով եկել ենք»։ Թիվ 133 դպրոցի փոխտնօրենն էլ ասել է․ «Ես 133-ի փոխտնօրենն եմ, մենք տնօրենի հետ դիմացը կանգնած ենք, մասնակիցների քանակը՝ 25 հոգի»։

Արթուր Չախոյանը նաեւ արձանագրել է, որ հանրահավաքի մասնակիցների թվում են եղել «Ջրաշխարհի» աշխատակիցները, ընկերության ներկայացուցիչն ասել է, որ մոտ 100 աշխատակից է ներկա։ Հանրահավաքին ներկա են եղել նաեւ գրադարանների, պոլիկլինիկաների, այլ հաստատությունների աշխատակիցներ։ Մասնավորապես, արձանագրվել է, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ –ից հանրահավաքին մասնակցել են 30-40, գրադարանից՝ ️25, մշակույթի կենտրոնից՝ 141, «Տորք Անգեղ» սպորտ դպրոցից՝ 25 աշխատակիցներ եւ այլն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930