Լրահոս
Օրվա լրահոսը

«Համատիրությունները վերացվելու են», պատժվելու են «անբարեխիղճ սեփականատերերը»․ «Առերեսում»

Սեպտեմբեր 09,2023 22:00

Երեւանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային գաղափարներից է․ «Երևանի բնակիչներից հավաքագրված միլիարդավոր դրամների մեծ մասը համատիրությունները ծախսում են վարչական մասի աշխատավարձերի վրա։ Առաջարկում ենք վերացնել համատիրությունները և բազմաբնակարան շենքի պահպանման պարտավորությունը հանձնել Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությանը»։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը գլխավորող Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն իսկ հայտնել է, որ համատիրությունների մասին նոր օրենքի նախագիծ են մշակել, որով համատիրությունները կվերակազմակերպվեն, քաղաքապետարանի ու կառավարության կողմից ֆինանսավորում կստանան։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն այս առնչությամբ ասաց․ «Դեռեւս 2018-2019 թվականներից արդեն իսկ խոսվում էր համատիրությունների բարեկարգման օրակարգի մասին։ Մենք ներկայացնում էինք մեր ծրագրային դրույթները եւ պնդում, որ այդպես պետք է իրականացվի բարեփոխումը, բայց այն մերժվեց թե քաղաքային իշխանության կողմից, թե այն ժամանակ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի կողմից։ Ուստի այս առումով հիմա ինչ էլ անեն՝ ժամանակավրեպ է․․․ Իշխանությունները հիմա կարծես վատ սովորող ուսանողի նման փորձում են արագ հասցնել այն, ինչը չեն հասցրել անցած 3-4 տարվա ընթացքում։

Այդուհանդերձ՝ կա նաեւ ծրագրային տարբերություն, որովհետեւ երբ իրենք ասում են, թե համատիրությունները պետք է վերակազմակերպվեն՝ միեւնույն է, այդտեղ բաց է մնում (տանիքների, վերելակների, շքամուտքերի, լուսավորության եւ այլն) կապիտալ հիմնանորոգման ծավալը, աշխատանքը։ Մենք հասկանում ենք, որ ներդրման այն ծավալը, որն անհրաժեշտ է շենքը կապիտալ բարեկարգելու համար՝ բնակիչներն իրենց միջոցներով չեն կարող հավաքել։ Այն, ինչ այսօր հավաքվում է՝ մի կողմից վատնվում է համատիրությունների կողմից, մյուս կողմից՝ այն բավարար չէ։ Դրա համար՝ մենք ունենք այլ ծրագիր։ Ասում ենք, որ առաջին փուլով պետք է վերացվեն համատիրությունները։ Սա երկու փուլանի գործողություն է մեզ համար։ Եվ հետո պետք է սկսվեն կապիտալ հիմնանորոգման աշխատանքները, ու 5 տարվա ընթացքում քաղաքում բոլոր բազմաբնակարան շենքերը կհասցնենք այնպիսի վիճակի, որ ընթացիկ սպասարկումն արդեն բավարար կլինի։ Եվ դրանից հետո արդեն՝ աշխարհի լավագույն փորձը ներդնելով՝ բնակիչների ներգրավմամբ ձեւավորված համատիրությունների պարագայում կկարողանանք պատշաճ իրականացնել ընթացիկ սպասարկումը»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը կարեւորեց գույքագրման, աուդիտի անհրաժեշտությունը։ Եվ Հայաստանի եվրոպական կուսակցության՝ Երեւանի զարգացման ծրագրում այսպիսի դրույթ կա․ «Նախևառաջ կատարվելու է քաղաքային տնտեսության անշարժ ու շարժական սեփականության գույքագրում՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը, հաշվետվությունն ու վերահսկողությունը հասարակության կողմից։ Արդյունքում բացահայտված ապօրինություններն ու չարաշահումները, անօրինական սեփականաշնորհման և անբարեխիղճ յուրացման հետևանքները վերացվելու են եւ գույքը ազգայնացվելու է դատական կարգով՝ ելնելով հանրային շահի և սոցիալական արդարության սկզբունքից»։

Հարցին, թե արդյոք փորձելու են քաղաքային ծավալով իրականացնել այն, ինչ առաջարկվում էր հանրապետության մասշտաբով՝ «անցումային արդարադատության» համակարգի միջոցով՝ Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Անշուշտ։ Ընդ որում՝ ազգայնացումը նշանակելու է, որ մենք ընդամենը բերելու ենք միջազգային աուդիտ եւ հետո միջազգային աճուրդի ենք հանելու այդ ամենը։ Այսինքն՝ դա բոլշեւիկյան էքպրոպրիացիա, կուլակաթափություն չէ։ Բայց մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ սեւ խոռոչներ են առաջացել՝ Հրազդան մարզադաշտը կամ հենց քաղաքի կենտրոնում նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութը»։ Այս օրինակները նա գնահատեց որպես «անբարեխիղճ» սեփականատիրություն։

Ոչ պակաս ուշագրավ էր Տիգրան Խզմալյանի մեկ այլ առաջարկ, որը հնչեցրեց, երբ քննարկվում էր մայրաքաղաքի կանաչապատման թեման․ «Բավական հեշտ լուծում է ու շատ անսպասելի։ Երեւանն ունի բազմաթիվ գերեզմանատներ։ Այդ գերեզմանոցները հիմա անապատ են։ Ես կարծում եմ, եթե այնտեղ քաղաքապետարանի հաշվին ոռոգման ջուր ապահովենք՝ կարող ենք շատ արագ, 3-5 տարվա ընթացքում այդ անապատը վերածել այգիների։ Մենք կունենանք անտառ, այգի՝ այսօր ամայի անապատ հանդիսացող գերեզմանատներում»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930