Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբանները համակարծիք էին՝ ներկայումս լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծ չէ, սակայն միջադեպերն ու բախումները հնարավոր են

Սեպտեմբեր 19,2023 08:29

 «Ամերիկայի ձայն»․ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտն առցանց քննարկում էր կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի վերաբերյալ։ Բանախոսներն էին վերլուծաբաններ Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից։

Չնայած որոշակի տարակարծությանը, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ առցանց քննարկմանը մասնակցած վերլուծաբաններն, ընդհանուր առմամբ, այն կարծիքին են, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է։

Քննարկմանը, որին մասնակցում էին փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից, սեպտեմբերի 18-ին կազմակերպել էր Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտը:

«[Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումը] Հայաստանի իշխանությունների նպատակն է, որի մասին նրանք հայտարարել են բազմիցս: Նրանք պատրաստ են ստորագրել նման պայմանագիր»,- պնդում էր հայաստանցի վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ադրբեջանից վերլուծաբան Ահմադ Ալիլին թեև չբացառեց խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը, սակայն կարծիք հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, պատրաստ չէ դրան, ուստի նման փաստաթուղթ կարող է ստորագրվել արտգործնախարարների կամ ավելի ցածր մակարդակով:

«Կարծում եմ, խաղաղության պայմանագիրը հնարավոր է, սակայն, անկեղծ ասած, դժվար թե այն ստորագրի Փաշինյանը: Կարծում եմ, Հայաստանից որևէ մեկը, ով կստորագրի նման պայմանագիր, երկրում կունենա հեղինակության ահռելի կորուստ»,- ընդգծեց Ալիլին:

Ռուսաստանցի վերլուծաբան Յուլիա Նիկիտինան համակարծիք էր՝ պայմանագրի ստորագրումը մեծ վնաս կհասցնի այն ստորագրած գործչի հեղինակությանը հայաստանյան հանրության շրջանում, սակայն կարևոր է, թե ինչպիսի ձևակերպումների կլինեն փաստաթղթում:

«Ամեն ինչ կախված է տարաձայնությունների վերաբերող ձևակերպումներից: Եթե դրանք լինեն բավականաչափ լայն և ազատ դաշտ թողնեն մեկնաբանությունների համար, ապա ստորագրումը միանգամայն հնարավոր է: Բայց խնդիրն այն է, որ կողմերը չեն կատարի նման փաստաթղթի դրույթները։ Խնդիրը ստորագրումը չէ, այլ՝ արդյո՞ք կողմերը կհարգեն այդ փաստաթուղթը»,- ասաց Նիկիտինան:

Ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, առաջնայինը Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքների քննարկումն է:

«Կողմերը նախևառաջ պետք է քննարկեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքները, որպեսզի [պայմանագրի ստորագրումը] Հայաստանում չընկալվի որպես դավաճանություն, այլ որպես մի բան, որն, իրոք, կարող է ամրապնդել Հայաստանի անվտանգությունը»,- շարունակեց Յուլիա Նիկիտինան:

Վերլուծաբանները անդրադարձան նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցին, և ըստ ադրբեջանցի փորձագետի՝ այն, ինչ հայկական ու միջազգային մամուլը կոչում է արգելափակում, Բաքուն անվանում են անցակետի ստեղծում և սահմանային վարչարարության ներդրում Հայաստանի հետ սահմանին:

«Այն Ադրբեջանի համար պարզ բյուրոկրատական գործընթաց է, որն ունի նշանակալի քաղաքական արդյունք: Նման կերպ, Ադրբեջանն իրականում ցանկանում է, որ պահպանվեն մաքսային բյուրոկրատիայի որոշակի կանոններ, երբ բեռը մուտք է գործում Ղարաբաղ: Այն պետք է ունենա համապատասխան փաստաթղթեր, ուր նշված է, թե բաղկացած է հետևյալ ապրանքներից, որոնք, օրինակ, Երևանից են կամ Հայաստանից, իսկ վերջնակետը՝ Ղարաբաղն է, ստորակետ Ադրբեջան»,- նշեց Ահմադ Ալիլին:

Իր հերթին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անօրինական է, քանի որ այն պետք է բաց մնար 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի համաձայն:

«Եթե Ադրբեջանն, իրոք, ցանկանում է խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ում անվանում է իր քաղաքացիներ, ապա ավելի լավ է, միգուցե, դիմել ուրիշ միջոցների, ոչ թե փակել ճանապարհը և հայտարարել՝ եթե չհամաձայնվեք բյուրոկրատական ընթացակարգերին, կմեռնեք»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Վերլուծաբանները համակարծիք էին՝ ներկայումս լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծ չէ, սակայն միջադեպերն ու բախումները հնարավոր են:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, լայնածավալ պատերազմը կհանգեցնի նաև ռուս խաղաղապահների հետ ընդհարմանը, ինչն այս պահին ցանկալի չէ Բաքվի համար, սակայն իրավիճակը կարող է արագորեն փոխվել:

Ահմադ Ալիլիի կարծիքով, լարվածության որոշակի նվազում արձանագրվեց հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ հեռախոսազրույցների արդյունքում, որից հետո Թուրքիայի նախագահը առաջարկեց քառակողմ բանակցություններ Բաքվի, Երևանի, Անկարայի ու Մոսկվայի միջև՝ ղարաբաղյան հարցի շուրջ: Նիկիտանայի կարծիքով էլ՝ Ադրբեջանն այսօր ունի բավարար քաղաքական լծակներ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930