Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է պաշտպանի Արցախը, չպետք է ձեռքներս ծալած նստենք». քաղաքագետ

Սեպտեմբեր 19,2023 16:11

«Ռուս խաղաղապահները վաղուց ապացուցել են, որ իրենք եւ ընդհանրապես Ռուսաստան պետությունը երբեք էլ հուսալի չեն, եւ որեւէ դեպքում չպետք է այդ երկրի հավաստիացումներին հավատալ: Եթե իրենց պետք լինի, աչք կփակեն, եթե պետք լինի, կարող են կանխել Ադրբեջանի կողմից ռազմական ցանկացած գործողություն»,-Մեդիա կենտրոնում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով. «Արդեն քանի տարի է՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա եռյակը գործում է համատեղ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության: Սա անգամ հասարակ քաղաքացիներն են հասկանում: Մի ժամանակ, երբ ասում էինք այդ մասին, շատ քիչ մարդիկ էին հասկանում այս պարզ բաները, շատերը էյֆորիայով տարված՝ մտածում էին, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, կպաշտպանի մեզ անհրաժեշտ պահին։ Բայց հիմա նույնիսկ Արցախում, որտեղ ավանդաբար պրոռուսական տրամադրություններ են, բոլորը հասկանում են, որ ռուս խաղաղապահների վրա որեւէ հույս դնելն անմտություն է»:

Քաղաքագետը փաստեց, որ միջազգային հանրությունը գլոբալ առումով չի կարողանում կանխել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները. «Մենք պետք է աշխատենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, ցույց տանք, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է եւ հասնենք նրան, որ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Երբեք ուշ չէ, հենց հիմա էլ կարելի է աշխատել. Ուղղակի պետք է կարողանալ նրանց համար ընկալելի լինել»:

Դառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, թե այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը եւ պաշտպանի իր քաղաքացիներին՝ Արմեն Վարդանյանը նշեց. «Արցախի անկախությունն այս պահին ճանաչելը տեղին չեմ համարում, որովհետեւ դրա համար պետք է լինի միջազգային ճանաչում, Հայաստանի ճանաչումը որեւէ բան չի տալու, բայց որ պետք է Հայաստանը պաշտպանի Արցախը, միանշանակ է: Չպետք է ձեռքներս ծալած նստենք եւ միայն միջազգային հանրության հետ աղերսանքով, խնդրելով խոսենք:

Մեր լեզուն չպետք է միայն թղթե շերեփի լեզուն լինի, պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք եւ գործնականում ապացուցենք, որ թույլ չենք տա մեր հայրենակիցների ցեղասպանությունն Արցախում»:

Հարցին՝ ինչպե՞ս է դա պատկերացնում, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Պետք է բյուջեում ինչքան փող գա, զենք առնել, այլ ճանապարհ չկա, պետք է արագացնեն ԱԱԾ-ն, դատախազությունը ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքով, 20-30 տարի այս երկիրը թալանեցին, մարդիկ միլիարդներ են կուտակել, գնացել խաղաղ ապրում են: Պետք է Ադրբեջանից զենքով պաշտպանենք: Աղերսագրերը, խնդրագրերը ոչ միշտ են աշխատում, միջազգային իրավունքում, միջազգային քաղաքականության մեջ միայն ուժի գործոնն է ազդում: Ուկրաինան էլ երկար ժամանակ խնդրում էր Արեւմուտքին…Միայն պայքարողին են զենք տալիս»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930