Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմը գերմանական հեղինակավոր փառատոնում է

Հոկտեմբեր 10,2023 15:03

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կկայանա Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկը եւ փաստաբանը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ֆիլմի վրա աշխատել է հինգ տարի, այն հայ-ֆրանսիական արտադրություն է: «Սիրունիկը և փաստաբանը» վավերագրական ֆիլմը ներկայացված է միջազգային մրցույթում, եւ նոմինացված է երեք մրցանակի:

«Երբ այս ֆիլմը նկարում էի, դա ինձ համար մի ժամանակաշրջան էր, որ փորձում էի հասկանալ, թե մեր սերնդի համար (մեր սերունդ ասելով՝ նկատի ունեմ հետխորհրդային առաջին սերունդը, որ արեւմտյան ազատություններն է կլանել, պոստմոդեռն հասարակություն են անվանում իրեն) ինչ է սերը: Իմ ֆիլմում ոչ շատ սովորական մի զույգ է՝ կին եւ տղամարդ, ամուսինը նույնասեռական է: Իրենք սիրահարվում եւ ամուսնանում են, հետո երեխա են ունենում…

Ինձ համար դա մի շրջան էր, երբ իմ սերնդակիցներն ընկճախտով բաժանվում էին: Ու նույնիսկ ամենահաճելի թվացող զույգերը, որ մտածում էիր՝ մի ողջ կյանք կապրեն իրար հետ, բաժանվում էին: Բայց մեկ էլ հանկարծ հայտնվում է այսպիսի մի զույգ, որը հարատեւում է, երեխա է ունենում: Ես փորձում էի իրենց միջոցով իմ բացահայտումներն անել: Ու ֆիլմում գտա պատասխանը, որ ի վերջո, որ ժամանակաշրջանում էլ լինի, հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ մասը միասին ապագա կերտելն է: Համատեղ ծրագիրը, նպատակը ամրացնում են հարաբերությունները»,-ասաց Հովհաննեսը:

«Ես 5 տարի առաջ եմ սկսել ֆիլմի նկարահանումները, այդ ժամանակվա հարցերս էին արծարծվում այնտեղ, դրանից հետո շատ բան է փոխվել»,-հավելեց ֆիլմի հեղինակը;

Մեր հարցին՝ ֆիլմի հերոսներն ունե՞ն նախատիպեր, թե հորինված կերպարներ են, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Իրենք իրական մարդիկ են, ապրում են Հայաստանում, ես ուղղակի հետեւել եմ տարիներով իրենց եւ նկարել եմ»:

Հովհաննես Իշխանյանն ասաց, որ ավելի քանի 10 ֆիլմ ունի, սակայն «Սիրունիկը եւ փաստաբանը» առաջինն է, որի վրա աշխատել է ֆիլմարտադրության ամբողջ տրամաբանությամբ:

Հարցրինք, թե այս օրերի համատեքստում, այս օրերի հրամայականների մասին հնարավո՞ր է նոր ֆիլմ ծնվի: «Ես աշխատում եմ նման ֆիլմի վրա: Այս նույն արտադրության հետ 2020 թվականին էր, դեռ պատերազմը չէր սկսվել, արդեն սկսել էինք նոր ֆիլմի վրա աշխատել: Հետո պատերազմը սկսվեց… Այժմ եւս շարունակում ենք աշխատել: Հիմա ամբողջ միտքս, հարցերս ներծծված են ներկա իրականությամբ, ուրիշ բան դժվար է պատկերացնել, որով կարող է միտքս զբաղվել եւ անեմ դա»,- նշեց ռեժիսորը:

Նա նաեւ հավելեց. «Հինգ տարի աշխատեցի այս ֆիլմի վրա, ինչը տեւական եւ բարդ աշխատանք էր, բայց ամեն դեպքում զուգադիպեց այն պահին, երբ այս իրավիճակն է Հայաստանում, ու ամբողջությամբ փառատոնի տոնը չեմ կարողանում վայելել, զգալ: Մյուս կողմից էլ մտածում եմ, որ սա եւս մի եվրոպական հարթակ է ներկայացնելու ասելիքդ, հավելյալ հնարավորություն՝ մեր նպատակներին ծառայեցնելու համար: Հատկապես հիմա, երբ տեսնում ենք, թե ինչպես է եվրոպական քաղաքականությունը պաշտպանում դիկտատորներին, նման հարթակները միջոց են, որպեսզի եվրոպական հասարակության հետ կինոյի լեզվով խոսես»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031