Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան․ «Եթե ազգը 44-օրյա պատերազմից հետո գնացել եւ քվեարկել է Արցախը հանձնողի օգտին, այդ ազգը գնում է ինքնացեղասպանության»

Հոկտեմբեր 10,2023 18:44

Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը «Փաստարկ» մամուլի ակումբում խոսեց մեր տարածաշրջանում Մերձավոր Արեւելքում խորացող  պատերազմական գործողությունների հնարավոր ազդեցությունների մասին:

Սպասվա՞ծ էր, արդյոք, պաղեստինա-իսրայելական այս հակամարտությունը, թե ոչ, բանախոսը դժվարացավ միանշանակ գնահատական տալ: Սակայն նրա դիտարկմամբ. «Մինչ այս հակամարտության սկսվելը իսրայելական ծայրահեղականների կողմից  լսվում էին ձայներ, թե Գազայի թնջուկը պետք է վերացնել, ինչը խիստ անհանգստացրեց պաղեստինցիներին: Իմ կարծիքով, հարցեր, այնուամենայնիվ, կան: Օրինակ, ինչպե՞ս պատահեց, որ իսրայելական հետախուզությունը եւ բանակը անակնկալի եկան  այն դեպքում, որ նրանց բանակն ու հետախուզությունը լավագույններից մեկն է աշխարհում: Կամ, արդյո՞ք, սա նրա համար չէր, որպեսզի սկսվի Գազայի հետ կապված խնդիրը եւ Գազան այս ամենի վերջում ունենա շատ տխուր վախճան»: Գագիկ Հարությունյանը չբացառեց, որ այս ամենը կարող է կազմակերպված լինել այն հաշվարկով, որպեսզի պաղեստինցիներին ստիպեն լքել այդ տարածքը:

«Մյուս կողմից այս ամենը շատ ավելի բարդ է, որովհետեւ աշխարհն այսօր ապրում է բազմաբեւեռ աշխարհի ստեղծման դարաշրջան:: Իսկ Իսրայելը միաբեւեռ աշխարհի ամենահզոր հենարաններից մեկն է, որին արաբական աշխարհը փորձում է դիմադրել»,-ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ ներկայումս ցանկացած սցենար, իրադարձությունների զարգացում չի կարելի բացառել: Բանախոսի կարծիքով ակնհայտ է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի նման զարգացումը ակնհայտորեն ձեռնտու է Ռուսաստանին եւ Թուրքիային։ Առաջինի դեպքում գոնե այն առումով, որ հավաքական արեւմուտքը ստիպված է ուշադրությունը բացի Ուկրաինայից բեւեռել նաեւ Իսրայելի վրա, երկրորդի համար, որ բայրաքթարները վաճառվում են:

Հարցին, թե մերձավորարեւելյան հակամարտությունը որքանով կարող է ազդել Կովկասյան տարածաշրջանի վրա, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ հնարավոր է, որովհետեւ ամբողջ աշխարհում ապակայունացման գործընթացներ  են։ Նա անգամ որոշակիորեն տեսնում է Իսրայելի կողմից միջուկային զենքի հնարավոր օգտագործման սցենարներ, ինչն իր հերթին կարող է նոր բախումների սկիզբ դնել։

Խոսելով պաղեստինա-իսրայելական հակամարտության արդյունքները Անդրկովկաս տարածվելու հնարավորության եւ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին՝ Գագիկ Հարությունյանն նկատեց, որ ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, այսօր մի շատ տարօրինակ իրավիճակ է տեսնում։ «Մեր հասարակությունն ինքն է գնում ինքնացեղասպանության։ Եթե ազգը 44-օրյա պատերազմից հետո գնում եւ քվեարկում է Նիկոլի օգտին թեկուզ ոչ այն թվերով, որ ներկայացվում էր, ապա այդ ազգը գնում է ինքնացեղասպանության։ Եթե ոչ թե մեր կամքով, ապա շատ լավ մշակված քաղտեխնոլոգիաների՝ տեղեկատվական եւ բիոլոգիական։ Ու՞ր գնացին ամերիկյան այն լաբորատորիաները, որոնք կային մեր երկրում։ Խորհրդային Միության փլուզումից հետո, իսկ ես միշտ ակտիվ պայքարել եմ Խորհրդային Միության դեմ, Հայաստանում 14 անգամ պակասել են մտավոր եւ հոգեւոր արժեքները։ Մենք ունեինք 1988 թվականի Հայաստան՝ ինտելեկտուալներ, հերոսներ։ Եվ այդ ամենը փոխարինվեց ամբոխով, որը 300-400 հազար ձայն է տալիս Արցախը հանձնողին»,-ասաց քաղաքագետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աղասի says:

    Այն ինչ կատարվում է ՀՀ-ում դա անհավատալի է որ,1980-ից սկսած ծնված սերունդին, շատ անտարբեր է մեր երկրի հետագա ճակատագիրն։Երբ կորցրեցինք մոտ 5 հազար զինվոր, դեռ 40 օրն չլրացած մարդիկ հարսանիք էին անում և ամենացավալին այն էր որ լկտիավարի ոտնկաց կուլ էին տալիս օղին ու ձևացնում 5 վայրկան որ նրանք ազգասեր են։Ցավալի փաստ է, որ եթե շարունակվի ապա մենք կկորցնենք ՀՀ-նն։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031