Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն երկիր չէ, որ ունի անիմացիոն պատմություն». բացվել են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը

Հոկտեմբեր 25,2023 18:10

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։

Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները, արվեստագետներ և մտավորականներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել  իրականացրած կարևոր աշխատանքի համար:

«2023 թ. հոբելյանական տարի է. մենք նշում ենք հայ կինոյի 100, հայկական անիմացիայի 85, «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի 15 և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 20-ամյակները: Սա խոսում է նոր ժամանակների, կենսունակ և ոլորտները զարգացնող ավանդույթների մասին: Անչափ կարևոր է, որ այդ նոր ավանդույթները և արդի ժամանակների շունչն ու զարգացումը արժևորելով՝ մենք նաև հիշում ու գնահատում ենք այն հիմքերն ու փորձառությունը, որ մեզ առաջ գնալու հնարավորություններ է տվել: Այս արարողությանը մասնակցում ենք՝ նշանավորելու ժամանակների միջև կապը, ապահովելու ավանդույթների շարունակականությունն ու հեռանկարները: Այդ իմաստով խորհրդանշական է, որ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվում են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը: Անգնահատելի են նրանց ավանդն ու ներդրումը հայ մուլտիպլիկացիայի  հիմնադրման և զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ հայկական անիմացիայի պատմությունը վերհանելու ու ներկայացնելու տեսանկյունից հուշաստղերի բացումը նշանակալի իրադարձություն է. «Այսկերպ մենք հավերժացնում ենք վարպետների անունները և նրանց ճանաչելի դարձնում ոչ միայն մեր հայրենակիցների և քաղաքի բնակիչների, այլև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկներին շրջանում։ Լև Ատամանովն ու Վալենտին Պոդպոմոգովը հայկական անիմացիայի հիմնադիրներն են, ու եթե չլինեին նրանք, մենք այսօր չէինք ունենա այսօրվա անիմացիան։ Գուցե տարօրինակ թվա, բայց ամեն երկիր չէ, որ ունի անիմացիոն պատմություն, իսկ մենք ունենք, այն էլ՝ 85-ամյա, և դա հենց այս մարդկանց շնորհիվ»։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը  նշել է. «Շատ ուրախ եմ, որ այս հոբելյանական տարում՝ Հայ կինոյի 100-ամյակի, հայկական անիմացիայի 85-ամյակի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն միջազգային կինոփառատոնի 15-ամյակի շրջանակում բացվեցին երկու կարևոր արվեստագետների հուշաստղերը։ Նրանք այն մարդիկ են, որոնք հաստատել են իրենց անգնահատելի դերն ու նշանակությունը ոլորտի կայացման և անիմացիոն ժառանգության հարստացման գործում»։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի հավելմամբ՝ խորհրդանշական է, որ հայկական անիմացիայի ակունքներում կանգնած մարդկանց հուշաստղերը բացվեցին այս հոբելյանական տարում. «Նրանք հենց հայկական անիմացիայի հիմնադիրներն են, որոնց թողած ժառանգությամբ մենք հպարտանում ենք։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն տևական ժամանակ վերականգնում է նաև այս վարպետների անիմացիոն ֆիլմերը, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, թե անիմացիոն ինչպիսի պատմություն ունենք, ինչ դեր ունի հայկական անիմացիան միջազգային անիմացիոն կինոյի ոլորտում»։

Նշենք, որ «ՌեԱանիմանիա» փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, իրականացվում է ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կողմից:

Փառատոնն ունի հատուկ հայկական անիմացիոն ֆիլմերին նվիրված հատված՝ «Ռետրոսպեկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված են հայ անիմացիոն արվեստի լեգենդներից վեցին՝ Լև Ատամանովին, Վալենտին Պոտպոմոգովին, Ռաֆայել Բաբայանին, Ստեփան Անդրանիկյանին, Ռոբերտ Սահակյանցին և Յուրա Մուրադյանին։

Բոլոր ցուցադրությունները լինելու են «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Հալաբյան 16) ժամը՝ 16:00-17:00: Ստորև ցուցադրությունների ժամանակացույցը.

  • 10- Ի հիշատակ Լև Ատամանովի՝ մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
  • 10- Ի հիշատակՎալենտին Պոտպոմոգովի՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր
  • 10- Ի հիշատակՌաֆայել Բաբայանի՝ թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
  • 10- Ի հիշատակ Ստեփան Անդրանիկյանի՝ անիմատոր
  • 10- Ի հիշատակ Ռոբերտ Սահակյանցի՝ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, ՀՀ ժողովրդական արտիստ
  • 10- Ի հիշատակ Յուրա Մուրադյանի՝ անիմացիոն ռեժիսոր

Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո լինելու է քննարկում, որը վարելու է արվեստաբան Անի Սարդարյանը:

«ԹՈՒՄՈ» կենտրոնում ցուցադրությունների մուտքն ազատ է։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031