Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին զսպող լուրջ գործոններ այս փուլում չկան»․ Տիգրան Գրիգորյան

Նոյեմբեր 03,2023 16:47

«Եթե խոսքը լայնածավալ պատերազմի մասին է՝ դա մի իրավիճակ է: Մեկ այլ իրավիճակ է, եթե խոսքը հերթական էսկալյացիայի մասին է՝ սահմափակ ծավալներով։ Երկրորդ տարբերակի դեպքում վտանգը միշտ էլ բավականին լուրջ է»,- «Մեդիա կենտրոնի» «Հենման կետ» հաղորդման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանին զսպող լուրջ գործոններ այս փուլում չկան․ «Այն արևմտյան քննադատությունը, որ կա, դրական գործոն է: Բայց կա մեկ այլ իրավիճակ, որ ԼՂ-ում տեղի ունեցած գործողություններից առաջ ԱՄՆ-ն ուղիղ տեքստով նշել էր, որ էթնիկ զտումը կարմիր գիծ է, էսկալյացիան կարմիր գիծ է, բայց այդ ամենից հետո որևէ հետևանք Ադրբեջանի համար չեղավ։ Չնայած ամերիկյան տարբեր դիվանագետներ փակ հանդիպումների ընթացքում խոսում են այն մասին, որ ինչ-որ հետևանքներ տեղի են ունեցել, ինչ-որ այցեր ադրբեջանցի պաշտոնյաների տեղի չեն ունեցել, որոնք պիտի տեղի ունենային։ Սրանք բավարար չեն, և սա կարող է շարժառիթներ ստեղծել Ալիևի մոտ ավելի ռիսկային քայլերի գնալ, քանի որ հիմա ունիկալ հնարավորության պատուհան է ստեղծվել»։

Տիգրան Գրիգորյանը փաստեց՝ այժմ բոլորի ուշադրությանը իսրայելա-պաղեստինյան և ռուս-ուկրաինական պատերազմների վրա է կենտրոնացած․ «Այս պարագայում, եթե Ադրբեջանը որոշի հերթական անգամ հարցերը լուծել ուժի կիրառման ճանապարհով, չեմ կարծում, թե լուրջ խոչընդոտներ կլինեն այս հարցում»։

Ընդդիմությունը մեղադրում է ՀՀ իշխանությանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու հարցում:  Տիգրան Գրիգորյանն այս առիթով ասաց․ «Պարզ է, որ այս ճգնաժամը, որ գոյություն ունի, բավականին բարդ է, և պատճառները բազմաթիվ են։ Հիմնական պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկն էր, և Ռուսաստանի, ինչպես ազդեցության նվազման, այնպես էլ շահերի փոփոխման պատճառով է այս ամենը տեղի ունենում։ ՌԴ-ն չի ցանկանում դիմակայության մեջ մտնել ոչ Թուրքիայի հետ, ոչ Ադրբեջանի։ Պարզ է, որ ՀՀ-ի պատճառով չի գնալու առճակատման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ ՌԴ-ն ի վիճակի չէ կատարել իր պարտավորւթյունները։ Այս իրողությունները ակնհայտ դարձան նախորդ տարվա սեպտեմբերին, և ՀՀ իշխանություններն այդ փուլից սկսած փորձում էին դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական կապերը։ ՀՀ իշխանությունների կողմից հաճախ արվում են քայլեր ու հայտարարություններ, որոնց տրամաբանությունը շատերի համար անհասկանալի է։ Հասկացանք՝ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները, բայց նման պոռթկումների արդյունքում, եթե նորանոր կորուստներ ունենանք, իհարկե, կարելի է լինելու հետագայում ևս հայտարարել, որ գիտեք՝ ռուսներն են մեղավոր, արևմուտքն է մեղավոր, դավադիր թշնամիներն են մեղավոր։ Բայց որպես պետություն, իշխանություն՝ պատասխանատվությունն առաջին հերթին ՀՀ իշխանությունների վրա է։ Այո, ՌԴ-ն վարում է այն քաղաքականությունը, որը վարում է, բայց իմա՞ստը ինչ-որ հայտարարություններով, քայլերով բարդացնել իրավիճակը, անհասկանալի է։ Մի կողմից խոսում են քաղաքական վեկտորը փոխելու մասին, բայց ամենավերջին տվյալներով՝ ՀՀ-ի արտահանումը ՌԴ կազմում է 50 տոկոս։ Նման կախվածություն ունենալով ՌԴ-ից՝ չես կարող կտրուկ քայլեր անել արտաքին քաղաքական դաշտում։ Եթե կա նման քաղաքական որոշում, որ պետք է աստիճանաբար շարժվել դեպի արևմուտք, կախվածությունը պետք է նվազեցնել այդ կառուցվածքային մակարդակով»։

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ Ադրբեջանը վերջին տարիներին բավականին անկախ քաղաքականություն է վարում․ «Ոչ մեկը չի կարող ասել՝ Ադրբեջանի քաղաքականությունը պրոարևմտյան է, թե՞ պրոռուսական։ Այդ ամենի համար ևս կան կառուցվածքային պատճառներ․ նա կարող է թույլ տալ իրեն նման բան։ Բայց ՀՀ-ում որոշում կայացնողների մոտ, որ կան այս էմոցիաները, պետք է մի կողմ մղվեն։ Դու կարող ես համակարգային քաղաքականություն վարել՝ ուղղված կախվածությունը թուլացնելու, միևնույն ժամանակ լինել բավականին զուսպ՝ զուտ հրապարակային առումով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930