Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծեծում էին նաեւ մահակով, Արա Մխիթարյանն ընկավ գետնին, ես իմ մարմնով փակեցի իրեն»․ մեղադրվող սպաները պնդում են, որ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել

Նոյեմբեր 07,2023 18:30

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր հետաձգվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի գործով սուտ մատնության հոդվածով մեղադրվող զինվորականների գործով դատական նիստը։ Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019թ. սեպտեմբերի 17-ին ծեծի էին ենթարկել, գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցրել, եւ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել էր այս տարվա հուլիսի 23-ին։

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ.Հ.-ն, Մ.Մ.-ն եւ Մ.Հ.-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նաեւ Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռեւս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2019թ. հոկտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք: 2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ. Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով։

Սպանված Արա Մխիթարյանի ընկերները՝ Լեւոն Հարությունյանն ու Մխիթար Մելքոնյանը, որոնք դեպքին ականատես են եղել եւ վկայություն տվել, մեղադրվում են սուտ մատնության մեջ։ Փոխգնդապետներ Լեւոն Հարությունյանի ու Մխիթար Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։ Երրորդ վկան Մանյա Օհանյանն է, որը նույնպես սուտ մատնության հոդվածով է մեղադրվում։

Մխիթար Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում այսօր ասաց, որ դատախազը ապօրինի ու անհիմն կերպով որոշում է կայացրել դադարեցնել իր լիազորությունները։ «Հիմք է ընդունել այն, որ իմ հետ ծառայող նախկին սպաներից մեկի վրա, որը զորացրվել է, ես կարող էի պաշտոնեական ազդեցություն ունենալ, եւ նա ցուցմունք կփոխեր։ Բայց այդ մարդ հիմա դերասանությամբ է զբաղվում, թամադա է, ինչն ընդհանրապես կապ չունի զինվորականության հետ եւ ընդհանրապես ուրիշ զորամասից է զորացրվել։ Վերջին 2 տարում ես սովորել եմ Ռուսաստանի Դաշնությունում՝ զինվորական ակադեմիայում եւ ընդհանրապես այդ մարդու մասին մասին տեղյակ չեմ եղել։ Այդ հիմքով ինձ զրկել են պաշտոնից, հիմա կադրերի տրամադրության տակ եմ գտնվում։ Ես պետք է պաշտոնի առաջխաղացում ունենայի, բայց այս գործի հետ կապված կասեցվեց առաջխաղացումս։ Նախքան կասեցումը 5-րդ բանակային կորպուսի հակաօդային պաշտպանության պետն եմ եղել»,- ասաց նա։

Մխիթար Մելքոնյանը հավելեց, որ ծեծի ժամանակ դեպքի վայրում է եղել։ «Ես չեմ թողել, որ Գրիգորյան Հարութին ինչ-որ մեկը ծեծի, հարվածի։ Ինքն այդ առիթից օգտվել է, զանգել է իր ընկերներին եւ մնացածին, եկել են եւ ծեծ են կազմակերպել մեր դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր իրենց մատով չեն կպել»,- ասաց նա։ Մխիթար Մելքոնյանը պնդում է, որ դեպքի վայրում տեսել է նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին։ Իսկ Հարություն Գրիգորյանը մարզպետի օգնականն էր, ով դատապարտվել է Արա Մխիթարյանի ծեծի գործով։

«Տրդատ Սարգսյանն ասում է, որ ինքը սեւ մայկա չի հագնում, հետո իրեն տեսնում են սեւ մայկայով, նկարում ուղարկում են քննիչին, ինչից հետո ինքը ասում է, որ նոր է գնել ու սկսել սեւ շորեր հագնել։ Ինձ մեղադրում են նրանում, որ ես վկայություն եմ տվել, որ Հարությունն Գրիգորյանի եղբայրն այնտեղ է եղել եւ մասնակցել է ծեծկռտուքին։ Իր ցուցմունքների մեջ էլ կա, որ ինքն այնտեղ է եղել, բայց ասում է՝ ես չեմ մասնակցել։ Քննիչն այնպես է հաշվարկել, որ մի քանի կմ հեռու ճանապարհով է տեղ հասել, որ փոսեր կան Եղեգնաձորում այդ փոսերով է եկել։ Մի խոսքով՝ մի հատ բեմադրություն են արել»,- հավելեց նա։

Մյուս մեղադրյալ Լեւոն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարություն Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը եղել է դեպքի վայրում եւ մասնակցել է ծեծկռտուքին։ «Ես անձամբ եմ տեսել, որ Զավենն ինձ ու իմ ընկերոջը խփում էր։ Իր եղբոր զանգով ինքը եղել է դեպքի վայրում։ Այնպես են ուզում ներկայացնել, որ զանգվածային ծեծկռտուք չի եղել, մեկ հոգի է ծեծել։ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել դեպքին, ես տեսել եմ, մարդիկ խոսել են հետը, բայց հերքում է, ասում է՝ այնտեղ չի եղել։ Հիմնական խնդիրը Արա Մխիթարյանի հետ էր, իմ հրամանատարն էր, իմ ընկերն էր, ոնց կարո՞ղ էի ես իրեն թողնել։ Որ խփեցին, Արա Մխիթարյանն ընկավ գետնին, ես էլ գնացի ու իմ մարմնով փակեցի իրեն։

Շատ մարմնական վնասվածքներ եմ ստացել, դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է։ Եթե իմ մարմնով չփակեի, այդ օրը Արան կմահանար, վկաներից մեկը տեսել է, որ ձեռքով, ոտքերով, մահակով են խփել։ Ես Զավենին տեսել եմ, բայց չեմ իմացել, որ մարզպետի օգնականի եղբայրն է։ Հաջորդ օրը ոստիկանությունում տեսել եմ, ասել եմ՝ ինքն էլ է հարվածել»,- ասաց նա։ Լեւոն Հարությունյանի լիազորությունները եւս կասեցվել են։ Ասում է, որ թեեւ 2020 թվականի ավարտել էր իր ծառայությունն ու անցել թոշակի, սակայն 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ դիմում էր գրել ու երեք տարով երկարացրել էր ծառայության ժամկետը։ Այս տարվա սեպտեմբերին լրացել է նաեւ այդ ժամկետը, եւ դատախազի միջնորդության համաձայն՝ Լեւոն Հարությունյանի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։

Լեւոն Հարությունյանի փաստաբան Աննա Թամազյանը հույս է հայտնում, որ այս գործով արդար դատաքննություն կընթանա։ «Ես մի քանի փաստ արձանագրեմ։ Իմ պաշտպանյալն ի սկզբանե եղել է տուժող, եղել է հարուցված քրեական գործ։ Ինքն իր մարմնով պաշտպանել է հանգուցյալ Արա Մխիթարյանին, ճանաչվել է տուժող եւ համապատասխան ցուցմունքներ է տվել, որտեղ հստակ արձանագրված է, որ Զավենն ու իր եղբայրն այդ հարվածները տվել են։

Եվ հետաքրքիրն այն է, որ եթե վարույթ է նախաձեռնվում, ուրեմն հանցակազմ կա։ Եվ Զավենին, եւ իր եղբորը ճանաչել են մեղադրյալ, բայց հետո դատարանը անմեղ է ճանաչում Զավենին, որ նա դեպքի վայրում չի եղել։ Երբ Զավենն անմեղ է ճանաչվել, գլխավոր դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը վերաքննիչ ու վճռաբեկ կարգով, այսինքն՝ ի սկզբանե դատախազությունը համոզված է եղել, որ նա դեպքի վայրում եղել է։ Հակառակ դեպքում, հարց է ծագում, թե դատախազությունը ինչո՞ւ պետք է բողոքարկի մինչեւ վճռաբեկ»,- ասաց փաստաբանը։

«Հանրային ազդարար» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Սեմյոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա կուսակցական պատվեր է։ «Սուտ մատնության համար մեղադրվող սպաները ոչ մի շահադիտական նպատակ չեն ունեցել։ Հարց է ծագում՝ երեք հոգի ինչո՞ւ են ցուցմունք տալիս, որ մարզպետի օգնականը, օգնականի եղբայրը, մարզպետը եղել են այնտեղ։

Հասկանալով, որ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատացել է, տվյալ անձինք, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ուղիղ կապ են ունեցել Արա Մխիթարյանի սպանության հետ եւ առնչություն ունեն պետական ապարատի հետ, հայտարարել են, որ իբր կեղծ ցուցմունք են տվել պարոնայք սպաները։ Փաստացի այս մարդիկ այսօր զրկված են իրենց ապրուստի միջոցից, իսկ պետությունը զրկվել է լավագույն սպաներից»,- ասաց Սեմյոն Բաբայանը։

Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը 12:30-ին, որի ժամանակ քննարկվելու է Մխիթար Մելքոնյանի միջնորդությունը՝ խափանման միջոց պաշտոնավարման դադարեցման հարցով։ Մխիթար Մելքոնյանը եւ Լեւոն Հարությունյանը պնդում են, որ իրենց պաշտոնավարումը պետք է վերականգնվի։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930