Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնեցված է նաեւ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս չունենալ»․ Փաշինյան

Նոյեմբեր 16,2023 11:41

«Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ։ Սրա համար անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի ստորագրությունը»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչեւ տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։ Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն ըստ էության համաձայնեցված են Ադրբեջանի հետ, եւ այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում։ Առաջին սկզբունքը հետեւյալն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քկմ է, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քկմ։ Հենց սա ապահովելու համար է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ կարեւոր սկզբունքն արձանագրվել։ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է։ Ըստ էության ըմբռնում կա նաեւ այն մասին, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն ԽՍՀՄ զինված ուժերի ԳՇ 1974-1990 թվականի քարտեզները։ Համաձայնեցված է նաեւ հետեւյալը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ հաջորդ սկզբունքը հետեւյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա։ Նա հավելեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով իրեն վերագրվել են խոստումներ, նույնիսկ դավադրություններ։ «Մեր բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «խաղաղության խաչմերուկ» նախագծում, եւ մենք պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը։ Եվ ակնկալում ենք տարածաշրջանային երկրների եւ միջազգային հանրության աջակցությունը։ Հիմա ուզում եմ անդրադառնալ մի հարցի՝ եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են, ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ առաջ չենք գնում ու չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Մեծ հաշվով, պատճառն անվստահությունն է կողմերի միջեւ, որովհետեւ ամեն անգամ մենք Ադրբեջանի, երեւի Ադրբեջանը մեր հայտարարությունների ու որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու եւ ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա։ Առաջիկայում հստակեցնելու եւս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձեւակերպումն է։ Մյուսը՝ անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որեւէ էսկալացիա հնարավոր չլինի»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ մտադիր է ակտիվացնել այս հարցերի հաղթահարման ուղղված դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930