«Որպես տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի տնօրեն, որպես դեկան, որպես երկարամյա դասախոս, ուղիղ առնչություն եմ ունեցել այն ուսանողների հետ, որոնք ուսումնառություն են անցել, տարկետումից են օգտվել, հետո են վերադարձել, առաջին տարին են գնացել բանակ և այլն։ Եվ ի՞նչ է եղել իմ, որպես կարելի է ասել, փորձագիտական-մասնագիտական եզրակացությունը՝ որ բոլոր տիպի արտոնությունները տարկետման պետք է հանվեն։ Այսինքն՝ մարդը դարձավ 18 տարեկան, նա պետք է գնա բանակում ծառայության։ Դա իր կյանքի լավագույն բանաձևումն է հետագա կազմակերպման իմաստով։ Տարկետումը խափանում է մարդու և՛ կրթական, և՛ անձնական կյանքի բնականոն ընթացքը, որովհետև եթե մարդը համալսարանն ավարտում է, հետո ասպիրանտուրա է սովորում, հետո է գնում բանակ, բանակից գալուց հետո դժվարանում է աշխատանք գտնել, դժվարանում է ընտանիք կազմել, դժվարանում է նորից կրթական շարունակականություն ունենալ»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Հանձնաժողովում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։ Նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ։
Իսկ ինչ վերաբերում է բանակին, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լուրջ խնդիր ունենք․ «Հիմա այս վերջերս կարդում եմ, որ նախնական զինվորական պատրաստության ժամկետներն են կրճատում։ Հակառակը պիտի արվի․ փաստացի մեր բանակում ծառայությունը ոչ միայն այն երկու տարին կամ տարվա կեսն է, այլ նաև դրա նախապատրաստությունն է։ Ես ինքս՝ որպես մարզպետ, առնչվել եմ այն աղետալի խնդրի հետ, թե ինչ դրվածք ունի նախնական զինվորական պատրաստությունը դպրոցներում, և մեր հրամանատարները՝ կորպուսի հրամանատարը ինձ կանգնում, ասում էր՝ զինվոր է գալիս բանակ, եռագույն դրոշի գույները չգիտի։ Նախնական զինվորական պատրաստության պրոբլեմն է, որը պետք է լուծվի դպրոցում։ Իսկ ի՞նչ վիճակ է այսօր ամբողջ կրթական համակարգում՝ աղետ։ Վերջին այս ութ տարվա ընթացքում դպրոցականները շարադրություն չեն կարողանում գրել, դպրոցականները տեքստ չեն կարողանում կարդալ, դպրոցականները թելադրություն չեն կարողանում գրել իրենց ծրագրով, չեն կարողանում անցնեն, ու դրա վրա ծախսվում են միլիարդավոր դրամի փողեր պետական բյուջեից։ Նույնը բարձրագույն կրթության համակարգում։ Պատասխանատվությունն այն է, երբ որ դու հանդիսանում ես մի բուհի կառավարման խորհրդի նախագահ, այդ բուհի ռեկտորին կոռուպցիայի համար ձերբակալում են, կոռուպցիայի պատճառն էլ դպրոցի ուսուցիչների ատեստավորման թեստերը ծախելն է։ Պատասխանատվություն ունեցող քաղաքական գործիչը հրաժարական կտար…»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանի ելույթի հատկապես վերջին մասը դուր չեկավ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Պարոն Ղազարյան, հանրային գործիչը, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պիտի պատասխանատու լինի։ Ո՞վ է ձեզ թույլ տվել սուտ խոսել։ Դուք ի՞նչ գիտեք Մանկավարժական համալսարանի ռեկտորի նախաքննության գործի ընթացքից։ Ո՞վ է ձեզ թույլ տվել այստեղ սուտ հայտարարություններ հնչեցնել։ Ի՞նչ ատեստավորում, ի՞նչ թեստերի վաճառք…Այդպես կասեք, կանցնի՞։ Սրանից հետո, երբ որ մի բան խոսում եք, երբ որ մի բան խոսում եք, իմացեք՝ ինչից եք խոսում։ Իսկ աղետը եղել է կրթության համակարգում ձեր իշխանության շնորհիվ, ու եթե պետք է, ես դրա մասին փաստերով հատ առ հատ կխոսեմ։ Ոչ մի կոռուպցիա, և մենք ինչ որ անում ենք՝ ձեր աղետի հետևանքներն ենք վերացնում»։
Միջամտեց հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ նկատելով, որ եթե հիմա այս հնարավորությունը չենք տալու մարդկանց, նրանք օգտվելու են 15 միլիոնի հնարավորությունից․ «Ավելի լա՞վ չէ՝ հնարավորությունը տանք, գան այստեղ, իրենց գիտելիքով արժեք ստեղծեն, ոչ թե դուրսը ստեղծեն, հետո գան բյուջե փող վճարեն, ազատվեն, մենք էլ ասենք՝ հա՛, բյուջե փող վճարեցին»։
Ինչ վերաբերվում է բուն նախագծի շուրջ պատգամավորների դժգոհություններին, Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Այս նախագիծը 18 տարեկանների մասին չի։ Մենք խոսում ենք մի խմբի մասին, որոնք արդեն գնացել են, իրենց կրթությունը ստացել և արդեն ունեն որոշակի մասնագիտական որակավորում և ներուժ։ Եվ հարցն այն մասին է՝ այդ մարդկանց մենք ինչպե՞ս կարող ենք մեր երկրում ներգրավել և օգտագործել նրանց ներուժը ճիշտ ուղղությամբ։ Պարոն Խաչատրյանն այստեղ նշեց, որ այդ մարդիկ երբեք չեն եկել՝ գրեթե երբեք։ Եվ ես ուզում եմ հիշեցնել՝ շատ ավելի կոնկրետ կար «Լույս» հիմնադրամ, որը աջակցում էր, որ գնային և դրսում սովորեին։ Մենք ուսումնասիրել ենք՝ ինչ է տեղի ունեցել այն շրջանավարտների հետ, որոնք այդ հիմնադրամով սովորել են, քանի՞սն են հետ եկել և ինչպե՞ս են հետո ներգրավել մեր հանրային զարգացման մեջ։ Գրեթե զրոյական։ Մենք ուսումնասիրել ենք նաև արդեն իսկ թոփ 50 հեղինակավոր բուհերում ուսումնառությունից տարկետում ունեցող քաղաքացիների հետ վերադարձելիությունը՝ գրեթե զրոյական, բանակում ներգրավվելը՝ գրեթե զրոյական։ Եվ սա ընդամենը ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունները արդյունավետ չեն։ Եվ այն, ինչ որ այսօր առաջարկում է կառավարությունը… շուրջ 40 քաղաքացի, որ այսօր կարող էր արդեն դիմել հոկտեմբերի 1- 31-ը, նրանցից 21-ը դիմել են։ Սա մի մոտեցում է, որն արդեն իսկ արձագանք է ստացել է․ հետևաբար, արդեն իսկ իր կենսունակությունն ապացուցում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ























































