Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար․ «Հանրապետությունում գրանցված է 98 սպանդանոց, որոնցից լավագույն դեպքում, կեսն է գործում, այն էլ՝ ոչ ամբողջ հզորությամբ»

Դեկտեմբեր 05,2023 18:33

Վաղվանից հանրապետությունում ուժի մեջ է մտնում նոր կարգավորում մսամթերքի իրացման շուկայում՝ եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային մորթի միս, ապա կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու եւ ոչնչացվելու է, այդ միսն անգամ կենդանաբանական այգուն չի տրամադրվելու, իսկ ամբողջ ֆինանսական ծախսը տնտեսվարողի վրա է լինելու։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։

Նրա խոսքով՝ իրենց վերլուծություններով պարզվել է, որ իրականում սպանդանոցային մորթի պահանջը, որը բավականին ժամանակ է՝ ներդրվել է, չի ապահովում անհրաժեշտ պայմանները․«Այսինքն, միեւնույն է, շուկայում հայտնաբերում ենք ոչ սպանդանոցային մթերք, եւ վերահսկողության արդյունքում պարզվել է, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը լիարժեք չկիրառվելու դեպքերը բավականին շատացել են, հետեւապես անհրաժեշտ է կիրառել ավելի հստակ միջոցներ, որպեսզի եւ տնտեսավորողներն ավելի զգոն լինեն, պահպանեն սպանդանոցային մսի պահանջը, եւ սպառողները ավելի տեղեկացված լինեն»։

Շիրվանյանի ներկայացմամբ՝ հիմա վերահսկողությունը շատ ավելի խիստ է լինելու։

Նրա խոսքով՝ այս նոր պահանջը հնարավոր է դժգոհություններ առաջացնի հատկապես տնտեսվարողների շրջանում, բայց պետք է հաշվի առնել, որ առաջնային է հանրային առողջությունը եւ չի կարելի ռիսկի տակ դնել հանրային առողջությունն ու անվտանգությունը․«Այստեղ այլ հարց չի կարող շահարկվել»։

Ասուլիսի մեկ այլ բանախոսի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի ներկայացմամբ էլ՝ շուկայում հայտնաբերված հիմնարկ խնդիրը 5-րդ ձեւի փաստաթղթի բացակայություն էր, միսը չէր նույնականացվում որպես սպանդանոցային մորթի։

Ծառուկյանի ներկայացմամբ՝ շուկայում խախտումների թիվն ավելացել է՝ 2022 թվականին իրականացվել է 270 ստուգում, որից հայտնաբերվել է 93 խախտում, այս տարվա 9 ամիսներին 261 ստուգում է իրականացվել, հայտնաբերվել 106 խախտում․«Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ խախտումները կավելանան։ Քիչ չեն դեպքերը, երբ փաստաթղթերը կան, սակայն գործնականում սպանդանոցում մորթը կազմակերպված չի եղել։ Խախտումներ արձանագրվել են ինչպես ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ, այնպես էլ մանր, խոշոր տնտեսվարողների»,-ասաց Ծառուկյանը։

Մինչ այս նոր պահանջը, խախտումներ հայտնաբերելու դեպքում, ինչպես ասաց Ծառուկյանը, վարչական վարույթ է նախաձեռնվել, տուգանք է կիրառվել՝ 30 հազարից 300 հազար դրամ, սակայն մսի առգրավում կամ ոչնչացում չի իրականացվել, ու թե հետո ինչ են արել այդ մսերը պարզ չէ․«Հնարավոր է էլի վաճառքի են դրվել կամ օգտագործվել ինչ-որ կազմակերպություններում»։

Աշխեն Շիրվանյանի ներկայացմամբ էլ՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում նախատեսվում է փոփոխություններ կատարել, ավելացվելու է տուգանքների չափը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նույն տնտեսվարողները մի քանի անգամ են տուգանվել, բայց ֆինանսական լծակը բավարար ազդեցություն չի ունեցել։

Մանրամասն՝  տեսանյութում

Արդյոք հանրապետությունում բավարար են գործող սպանդանոցները, որպեսզի նշված պահանջը հնարավոր լինի կիրառել, այս հարցին ի պատասխան Շիրվանյանն ասաց՝ այս պահին հանրապետությունում գրանցված է 98 սպանդանոց, որոնցից լավագույն դեպքում կեսն է գործում, այն էլ ոչ ամբողջ հզորությամբ․«Եթե գրանցված այդ բոլոր սպանդանոցները գործեն լիարժեք, խնդիր չենք ունենա։ պարզապես խնդիրն այն է, որ սպանդանոցները բացվում են, որոշ ժամանակ հետո հասկանում են, որ պահանջարկ չկա, նորից փակվում են։ Հիմա մեր խնդիրն այն է, որ այս սպանդանոցները սկսեն լիարժեք աշխատեն բոլորը։ Այս կարգավորումները նպատակաուղղված են նրան, որ սպանդանոցները լիարժեք աշխատեն, մորթը կատարվի պատշաճ պայմաններում»։

Նրա խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է իրավական ակտ, որպեսզի լինեն այսպես ասած՝ սպանդային հարթակներ համայնքներին ավելի մոտ ու հասանելի․«Առաջարկում ենք կարգավորում, որ լինեն ոչ մեծ սպանդանոցային մոդելներով փոքր սպանդային տարածքներ, որոնք հանրապետությունում ավելի մեծ քանակությամբ կլինեն, համայնքներին ավելի մոտ լինեն, որպեսզի հասանելիության խնդիր չլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031