Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր բերետավորներով կարելի է աթոռը պահել մեկ, երկու օր, կարմիր բերետավորն էլ է հոգնելու. Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 06,2023 13:46
Gegham Manukyan

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ այսօր Վանաձորի նախկին քաղաքապետի խափանման միջոցի փոփոխության հարցով հրավիրված դատական նիստը քաղաքական դատավարության հերթական նիստն էր:

«Երեկ էր ԱԺ-ում ԲԴԽ նախագահի մասնակցությամբ քննարկվում դատավորների հետ կապված հարցը, բարձրաձայնվեց նույն բանը, որ դատավորների մեծ մասը գտնվում է իշխանության ճնշման տակ, իշխանությունն իր ցանկությամբ, իր կամակորությամբ քաղաքական նպատակներով շարունակում է կալանքի տակ պահել մեր շատ հայրենակիցների, ամենավառ օրինակներից մեկը հենց Մամիկոն Ասլանյանն է, որն արդեն երկու տարի՝ անազատության մեջ է լոկ մեկ բանի համար, որ իշխանության համար ոչ հաճո քաղաքապետ է, Հայաստանի երրորդ խոշոր համայնքի ղեկավարն է, իշխանությունները ընտրություններում պարտվել են Ասլանյանին: Քինախնդիր, թշնամական հերթական կամակորությունն է իշխանությունն անում ու քաղաքական նպատակներով նրան պահում անազատության մեջ: Դատարանն էլ շարունակում է մնալ իշխանության ճնշման տակ, որի վառ վկայությունը երեկվա նիստն է, որտեղ պաշտպանական կողմը շատ հիմնավոր փաստարկներ ներկայացրեց, բայց դատարանն այսօր իշխանության ցանկությամբ որոշեց որպես օրինակ ու դաս մյուսների համար Մամիկոն Ասլանյանին պահել անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպանական կողմի երեկ ներկայացրած միջնորդությունը Ասլանյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաեւ, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021-ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

Անդրադառնալով Ալավերդիի դեպքերին՝ պատգամավորը շարունակեց, «Այդ գործընթացները տանում են դիկտատուրայի, մենիշխանության, որն արդեն ակնառու է բոլոր ոլորտներում, միակ ձեւը փորձել դրա դեմն առնել բոլոր միջոցներով: Ընդդիմությունը առաջին շարքում պետք է լինի ու է, բայց հանրային լայն համախմբում է պետք, սա վերաբերում է մեր ամեն հայրենակցի: Կարմիր բերետավորներով կարելի է աթոռը պահել  մեկ օր, երկու օր, կարմիր բերետավորն էլ է հոգնելու։ Այս դատավորներն էլ են մի օր իրենց երեխեքի աչքերին նայելու, հասկանալու, որ մարդ չեն: Այսպիսի ամուր իշխանություններ չեն, որ ինչ-որ ժամանակ հետո տապալվել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031