Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ առաջարկություններ ունի կառավարությունը Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Դեկտեմբեր 12,2023 13:54

ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ կառավարությունը որոշ առաջարկություններ է ներկայացրել՝ նախագիծը լրամշակելու նպատակով։

«Կառավարությունը գտնում է, որ ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով  պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը։

Երկրորդ՝ 18-27 տարեկան զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկվում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները՝ 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15 ամսով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով։

Առաջարկվում է նաեւ հստակեցնել 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման վերցվելու դեպքերը, համապատասխան փոփոխություններ նախատեսել նաեւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, 27 տարին լրացած եւ տարկետման հիմք ունեցող քաղաքացիների համար նախատեսել 15 մլն դրամ պարտավորություն, նաեւ հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները, որպեսզի առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած ՀՀ քաղաքացիների վրա»,- ասաց Արման Սարգսյանը։

Ըստ նրա՝ Քրեական օրենսգրքում պետք է հստակ նախատեսել, որ 27 տարին լրանալուց հետո գումարի վճարման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատումը կարող է իրականացվել միայն տվյալ անձի ներկայանալու դեպքում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031