Լրահոս
Օրվա լրահոսը

Նարե Հովհաննիսյան. «Դատապարտյալներն իրենց աշխատանքների վաճառքից ստացած գումարները փոխանցել էին երեխաների խնամքի հաստատություններին եւ զինվորական հաշմանդամություն ունեցողների հարցերով զբաղվող կազմակերպություններին»

Դեկտեմբեր 16,2023 17:41

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Իմփակտ Հաբի» իրականացրած ամանորյա տոնավաճառում այսօր «Ձեռք տուր, հասարակություն» խորագրի ներքո կազմակերպել էր մեկ նախկին ցմահ դատապարտյալի, «Աբովյան», «Արմավիր», Սեւան» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ինը դատապարտյալների, որոնցից 2-ը կին է, 6-ը՝ ցմահ դատապարտված եւ 1-ը՝ անչափահաս, կավից, փայտից եւ այլ նյութերից պատրաստված ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց. «Մենք անցած տարի կազմակերպել էինք դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք ու նախաձեռնությունը կայացել էր: Հասկացանք, որ մարդկանց մեջ կա հետաքրքրություն: Այս ընթացքում աշխատել ենք ընդլայնել գործընկերային ցանցը ու աշխատանքներ ներկայացնել ամանորյա տոնավաճառ: Իրականում սա մի քանի տեսանկյունից նշանակություն ունի մեզ համար: Նախ, որ դատապարտյալները մասնակցում են հանրային նշանակություն ունեցող միջոցառումների: Այսինքն, սա իրենց հետ հասարակության կապը պահելու տարբերակներից մեկն է: Սա նաեւ սոցիալական ներառմանն ուղղված կարեւոր քայլ է, որովհետեւ այս աշխատանքները ցուցադրվում են սկսնակ բիզնեսների, սոցիալական ձեռներեցների արտադրանքներին, ապրանքներին զուգահեռ, եւ հանրությունն իր հետաքրքրությամբ եւ կատարած գնումներով քայլ է անում դեպի դատապարտյալների սոցիալական ներառումը:

Մենք նաեւ նպատակ ունենք՝ խթանել դատապարտյալների ստեղծագործական ներուժը եւ ապահովել հասարակության ու դատապարտյալների կապը:

Այստեղ ներկայացված են ծանր հիվանդության հիմքով պատժից ազատված նախկին ցմահ դատապարտյալի պատրաստած փայտե աշխատանքները եւ կենցաղային տարբեր իրերը: Մյուս ցուցադրանմուշները նույնպես, որ կավից են, հիմնականում պատրաստել են ցմահ դատապարտվածները: Ներկայացված են նաեւ անչափահաս եւ կին դատապարտյալների աշխատանքներ: Ստացված հասույթը փոխանցվելու է դատապարտյալներին, այսինքն, այստեղ մեր կազմակերպությունը որեւէ շահույթ չի հետապնդում»:

Մեր հարցին, թե դատապարտյալներն այդ գումարներն ինչպես են տնօրինում, Նարե Հովհաննիսյանը պատասխանեց. «Գումարը փոխանցվում է ՔԿՀ հաշվեհամարին, որպեսզի այն ոչ կանխիկ ձեւով հասնի հենց դատապարտյալ հասցեատիրոջը: Իսկ թե ինչպես են նրանք այդ գումարը տնօրինում, մեր նախորդ փորձից կարող եմ ասել, որ նրանք այդ գումարները փոխանցել էին երեխաների խնամքի հաստատություններին, նաեւ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների: Այդպես իրենց վաստակած գումարով նրանք փորձել են օգտակար լինել հասարակությանը: Կար նաեւ դատապարտյալ, որի ընտանիքը սոցիալապես անապահով է, եւ նա կարողացել էր իր վաստակած գումարով օգնել իր ընտանիքին:

Սա եւս մենք շատ կարեւորում ենք, որովհետեւ սա մարդուն օգնում է գալ տնտեսական դաշտ, կայունության դաշտ եւ օրինական եկամուտ ունենալով մարդկանց ու հանրությանը օգտակար լինել: Բայց մենք ավելի շատ ֆիքսվում ենք ոչ այնքան գումարների ծավալի, այլ այլ բովանդակության վրա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031