Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է, բայց այդ բառերից ոչ մեկը չկա այս իշխանության գործողությունների մեջ»

Օգոստոս 21,2026 08:18 Share

Ի դեմս Արեգնազ Մանուկյանի՝ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման եւ դրանց վրա եվրոպական կառույցների աչք փակելու առիթով ԵՄ դեսպանատան առջեւ կազմակերպված ցույցի մասնակից, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց. «Բոլորի ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ պատահական չէ, որ այս իշխանությունները խոսում են «իրական Հայաստանի», այլ ոչ թե իրավական Հայաստանի մասին։

Իրավական Հայաստանը պետք է լինի թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական նպատակներից մեկը, եթե չասեմ՝ գլխավորը, Հայաստանի ցանկացած իշխանության համար, որի սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է։

Ուշադրություն դարձրեք, որ այդ խոսքերից ոչ մեկը չկա այս իշխանության ո՛չ գործողությունների, ո՛չ անվանման մեջ։ Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը, գալով իշխանության, արդեն կապ չունի՝ ինչպես, նկարած թվերի մասին չեմ խոսելու, նորից նստած է ոչ թե իշխանության աթոռներին, այլ գահին։

Այն, ինչպես իրենց պահում են օրվա իշխանության կարկառուն դեմքերը, ինձ հուշում է, որ Հայաստանը, կարծես թե, ոչ թե հանրապետություն է, այլ ուղղակի միապետություն, եւ գահակալին բոլորը ենթարկվում են ոգեւորված ու սիրով։ Դա խայտառակություն է։

Այս թիմը դաժան է։ Այս թիմին ներհատուկ է արյան տենչը։ Հիշեցնեմ, որ այս տարիների ընթացքում մենք ամենաարյունոտ օրերն ենք ապրել։ Եվ խոսքը ոչ միայն պատերազմական վիճակի մասին է։ Այս ռեժիմի զոհն է դարձել Արմեն Գրիգորյանը, այս ռեժիմի զոհ է դարձել մի անձնավորություն, որը հոգեկան առողջության հետ ուներ խնդիրներ ու որի մասին ասում են՝ ինքնասպանություն է գործել։ Տեղին է ասել, որ այդ վայրերում 27 մահ է տեղի ունեցել, որոնցից 10-ը, ասում են՝ ինքնասպան են եղել։

Մեկ անգամ եւս հիշեցնեմ։ Կյանքում չեն լինում ինքնասպանություններ։ Միշտ լինում է ինքնասպանության հասցնելու գործընթաց։ Եվ այս առումով այս մահը եւս այդ թիմի խղճի վրա է, եթե այդպիսի բան կա։

Ես մի բան պետք է ասեմ։ Տվյալ դեպքում, երբ մենք խոսում ենք մահերի մասին՝ լինի բանակում, լինի քրեակատարողականում, այսինքն՝ այն վայրերում, որտեղ պատասխանատվություն կրում է պետությունը, խնդիրն այն չէ, թե դա ադրբեջանցիների կողմից է տեղի ունեցել, թե Հայաստանում՝ հենց տեղական իշխանությունների կողմից։ Պրոբլեմը լրիվ այլ է։ Եթե տեղի է ունեցել որեւէ դեպք՝ մահվան ավարտով, ուղղակի պարտադիր կերպով անպայման պետք է գործ հարուցվի, այլեւ ի լուր հասարակության հստակեցվի, եւ մենք իմանանք՝ ովքեր են այդ պատասխանատուները։ Ուզում է Ադրբեջանի կողմից լինի կամ Հայաստանում, այդ օրվա պատասխանատու անձը պետք է պատասխանատվության կանչվի։

Արդեն 37 մահ կա բանակում, եւ որեւէ մի գործընթաց, որեւէ մի պատասխանատու չկա։ Ավելին, խրախուսվում է դա։ Բավական է ասել, որ այսքանից հետո նորից է նշանակվել նույն պաշտպանության նախարարը։ Զարմանալի բան է։ Որ նա նշանակվում է, դա առաջինը նշանակողի մեղքն է, երկրորդը՝ համաձայնողի»,- ասաց տիկին Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31