Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Հովհաննիսյան․ Երազանքս Օլիմպիական չեմպիոն դառնալն է ու Գառնիում իմ անվան ըմբշամարտի դպրոց բացելը

Հունվար 02,2024 19:57

Ռոման Հովհաննիսյանը տասնմեկ տարեկան է, ծնվել և ապրում է Գառնիում։ Հայրը շինարար բանվոր է, մայրը զբաղվում է որդու և դստեր դաստիարակությամբ։ Ռոմանը Գառնիի ըմբշամարտի դպրոցի սան է:

Ըմբշամարտով զբաղվում է հինգ տարեկանից։ Վերջին երկու տարիներին նա մասնակցում է ինչպես մարզային, այնպես էլ արտերկրում Հայաստանը ներկայացնող մրցումներին։ Թեև իր քաշը 39 կգ. է, նա գրեթե միշտ հաղթանակով մրցում է 41-42 կգ. քաշային կարգ ունեցող պատանիների հետ։

Ռոմանի տարած 29 հաղթանակներից 16-ը զբաղեցնում են առաջին հորիզոնականը։ Մեծ ոգևորությամբ է խոսում հատկապես Պարսկաստանում Օլիմպիական չեմպիոն Հասսան Յազդանի, և 2022 թվականին Մոսկվայում Հերակլիոնի անվան մրցումներում 1-ին տեղը գրաված իր հաղթանակների մասին։

-Իսկ հազվադեպ պարտվելիս ի՞նչ ես զգում,-հարցին պատասխանեց.

-Զայրանում եմ իմ վրա, բայց նաև սովորում եմ իմ սխալների վրա։

-Չե՞ս հուսահատվում:

-Չէ, հակառակը. աշխատում եմ ավելի շատ, ավելի լավ մարզվել հաջորդ մրցումներին հաղթելու համար։

-Մի քիչ էլ խոսենք դպրոցից։ Ո՞ր դասարանում ես։

– Սովորում եմ համար 1-ին դպրոցում, 6-րդ դասարանում։

– Սպորտով զբաղվածությունը դասերիդ չի՞ խանգարում։

-Չէ, ավելի օգնում է, չեմ հոգնում, պարապ մնալու ժամանակ չի մնում։ Հենց պարապ եմ մնում՝ հոգնում եմ։

-Ո՞ր առարկան ես սիրում։

-Մաթեմատիկան։ Ասե՞մ ինչու։ Որովհետև մաթեմատիկան ինձ ստիպում է, որ ես ճիշտ մտածեմ ու իրեն հաղթեմ։ Ես սիրում եմ հաղթել։

-Ռոման, 2024 թվականի, կամ ապագայի հետ կապված, առհասարակ, ի՞նչ ծրագրեր, երազանքներ ունես։

-Ես ծնվել եմ վիշապի տարին. 2024 թվականը իմ տարին է։ Պիտի ձգտեմ հասնել հաղթանակների։

Իսկ երազանքս՝ Օլիմպիական չեմպիոն դառնալն է ու Գառնիում իմ անվան ըմբշամարտի դպրոց բացելը։

…Նայում եմ Ռոմանի հաստատուն հայացքին ու ինքնավստահ, ամուր բնավորություն արտահայտող դեմքին և համոզվում եմ, որ Օլիմպիական հաղթանակներ երազող այս սերունդն է կերտելու Հայաստանի պայծառ ապագան…

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031