Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ սենյակում ասացին՝ մի հատ շարժի ոտերդ, Գագիկ Խաչատրյան, դուրս եկան, եզրակացություն տվեցին, որ վիրահատության կարիք չունի». Երեմ Սարգսյան

Հունվար 19,2024 15:33

Այսօր Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն այնպես է սրվել, որ նրա վիրահատության հապաղումը կարող է այնպիսի վիճակի հասցնեն, որ վիրահատությունից հետո էլ քայլելու ունակությունը չվերականգնեն. «Կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների, այդ թվում՝ մահվան»:

Մեղադրանքի կողմը հայտարարեց, որ արդեն որերորդ դատական նիստն է՝ Սեդրակ Առուստամյանը եւ նրա փաստաբանը ներկայանում են դատարան ու չեն կարողանում նրան հարցաքննել. «Սա արդեն լուրջ խնդիր է, տասնյակ դատական նիստեր չենք կարողանում հարցաքննել Առուստամյանին: Առաջարկում եմ դատական նիստը անհարկի չձգձգվի ու չվերածենք այս դատական նիստերը անվերջանալի միջնորդությունների ու միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումների»:

Երեմ Սարգսյանը հակադարձեց, որ կա առաջնահերթություն ու երբ մեղադրողը խոսում է հանրային շահից, տպավորություն է, որ «հանրային շահը մարդու առողջությունը չի, կյանքի իրավունքը չի»: Նա ասաց, որ ոչ մի խնդիր չեն տեսնում, եթե Սեդրակ Առուստամյանին հարցաքննեն, բայց Գագիկ Խաչատրյանը, եթե երկար նստի դատարանում, սուր ցավեր են առաջանում, պիտի դեղեր ընդունի. «Եթե դատարանում հանկարծ իրավիճակն այնպես սրվեց, որ չկարողացավ միջնորդության քննարկմանը մասնակցել, հանրային շահը այստեղ ո՞րն է: Ասում են՝ կալանքի միջնորդությունը կքննարկենք հետո: Հետո չկա՛, կյանքի իրավունքի մասին ենք խոսում»:

Մեղադրող կողմն ասաց, որ ամեն դատական նիստին անհիմն միջնորդություններ են ներկայացվում ու արդեն հաշիվն էլ են կորցրել, թե որերորդ դատական նիստն է հետաձգվում. «Ամիսներով, տարիներով ձգվում է, ակնհայտ է չէ՞ պաշտպանության կողմի մարտավարությունը»:

Ի վերջո` դատավորը թույլատրեց միջնորդություն ներկայացնել: Երեմ Սարգսյանը համեմատեց Գագիկ Խաչատրյանի գործը Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի եվրոպական դատարան ներկայացվված գործի հետ, որով ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, որ խախտվել են մարդու իրավունքները, խոշտանգում է եղել:

Երեմ Սարգսյանը ներկայացրեց, թե քանի դիմում են գրել դատախազություն, ՀՔԾ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին ու ստիպված բողոք են ներկայացրել ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու. «Մեկ օրվա մեջ նշանակվեց նոր փորձաքննություն, հանձնաժողով հավաքվեց, բոլոր հանձնաժողովականներով մտան ՔԿՀ, առանց որեւէ գործիքի, որեւէ հետազոտության, տեսակցությունների սենյակում ասացին՝ մի հատ շարժի ոտերդ, Գագիկ Խաչատրյան, դուրս եկան, եզրակացություն տվեցին, որ ոչ միայն վիրահատության կարիք չունի, այլ ընդհանրապես որեւէ բուժման կարիք չունի, ընդամենը ցավազրկելու կարիք ունի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Սա այն դեպքում, երբ որ բոլոր գլխավոր բժիշկները տվել էին այլ եզրակացություն: ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ այդպես չի կարող լիներ, որ բազմաթիվ բժշկական փաստաթղթերը այլ բան են ասում, պարտավորեցրեց ՀՀ-ին, որ պատշաճ բուժօգնություն տրամադրվի, այդ թվում՝ արտասահմանից հրավիրված բժիշկներով իր հաշվին: Կառավարությունը չի ապահովել ոչ բժշկի ներկայությունը, ոչ էլ»:

Երեմ Սարգսյանը թվարկեց փորձագետների եզրակացությունները, փաստաթղթերը առ այն, որ եթե անհապաղ չվիրահատվի, կհանգեցնի հաշմանդամության, ընդ որում, դրանք դեռ 2019-ի հետազոտության արդյունքներն էին, հիմա Գագիկ Խաչատրյանի վիճակն ավելի է սրվել:

Դատական նիստերը անընդհատ հետաձգվում էին 5-ական րոպեով՝ Գագիկ Խաչատրյանին ցավազրկելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031