Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշին «համոզել է» ներդրում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կերպարը ևս օգտագործվել է խաբեբաների կողմից. JAMnews

Հունվար 25,2024 12:24

JAMnews. Համացանցային խաբեբաները Հայաստանի դյուրահավատ քաղաքացիներից գողացել են կես միլիոն դոլար։ Խարդախության հեղինակները նեյրոցանցերի միջոցով ստեղծում են գովազդային տեսահոլովակներ, որոնցում հայտնի մարդիկ կոչ են անում գումար ներդնել տարբեր նախագծերում և բաժնետոմսեր գնել։

Անձնական պատմության, տեղեկատվության անվտանգության փորձագետի և հոգեբանի հետ զրույցների միջոցով փորձել ենք պարզել՝ ովքեր և ինչու են խարդախների զոհը դառնում։

Խարդախների զոհ են դառնում նաև գիտակ մարդիկ

«Այն, ինչ արել եմ, ուղղակի հիմարություն է։ Ամաչում եմ այդ մասին պատմել, որովհետև միշտ վստահ եմ եղել, որ իմ նման կիրթ, բանիմաց մարդը երբեք չի կարող այդքան էժան խաբեության զոհ դառնալ։ Բայց արի ու տես, որ դարձա»,– ասում է 38–ամյա Անուշ Կ․–ն։

Նա հասարակագիտություն է դասավանդում Տավուշի մարզի ավագ դպրոցներից մեկում։ Համոզված է՝ եթե իր աշակերտներն իմանան այս դեպքի մասին, կկորցնեն իր նկատմամբ հարգանքն ու վստահությունը․

«Հասարակագիտության շրջանակում նաև մեդիագրագիտություն եմ դասավանդում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծիծաղելի է, որ համացանցում անվտանգ վարքականոնից ամեն օր խոսում է մի մարդ, որն իր ունեցած գումարը գիտակցաբար փոխանցել է խաբեբաներին»։

Անուշը մեկն է այն հազարավոր քաղաքացիներից, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից տարածվող համացանցային խարդախության զոհն են դարձել։

Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ դյուրահավատ քաղաքացիներն արդեն իսկ կես մլն դոլարի «ներդրում» են կատարել գոյություն չունեցող ֆինանսական համակարգում։

«Նեյրոնային ցանցերի միջոցով խաբեբաները գովազդներ են մշակել, որտեղ հայտնի դեմքեր՝ քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր, կոչ են անում ներդրումներ կատարել տարբեր նախագծերում կամ ձեռք բերել բաժնետոմսեր՝ տարբեր ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Խաբեբաների զոհերը հիմնականում այն ​​մարդիկ են, որոնք չեն տիրապետում տեխնոլոգիաներին և համաձայնում են տրամադրել իրենց բանկային տվյալները»,– ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Անուշին «համոզել է» ներդրում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կերպարը ևս օգտագործվել է խաբեբաների կողմից։

«Ես գիտեի, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս կրկնօրինակել յուրաքանչյուր մարդու արտաքին տեսքն ու ձայնը։ Բայց վստահ էի, որ հնարավոր չէ ստեղծել այնպիսի տեսագրություն, որն ուղղակի չտարբերվի իրականից։ Տեսանյութում, որը ես եմ տեսել, Փաշինյանի ձայնը, միմիկաները, խոսքը, որևէ բանով չէին տարբերվում իրականությունից։ Հենց դա էլ իմ հիմնական սխալն էր՝ հավատալ նրան, ինչ տեսնում էի»,– պատմում է նա։

Սա այն հոլովակներից մեկն է, որ խաբեբաները տարածել են Ֆեյսբուքում.

«Զգոնությունը կփրկի»

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խարդախությունների հաջողության հիմնական պատճառը մանրակրկիտ կերպով մշակված գովազդներն են․

«Իրենք որակյալ տեսանյութեր են պատրաստում՝ հայտնի անձանց դեմքերով։ Հետո դրանք տարածում են ֆեյսբուքյան ու ինստագրամյան գովազդների միջոցով։ Շատերն ասում են՝ պիտի արգելափակել իրենց բոլոր էջերը, թույլ չտալ նորերը ստեղծել։ Բայց դա անհնար է, որովհետև գովազդները դրվում են անընդհատ փոփոխվող ու նույնիսկ կոտրած էջերի միջոցով։ Հետևաբար՝ մարդկանց փրկությունն այս խարդախությունից հենց իրենց զգոնությունն է»։

Փորձագետն ասում է՝ կան կարևոր նշաններ, որոնց առկայության դեպքում մարդիկ պետք է սկսեն կասկածել։ Օրինակ, երբ բոլորովին անծանոթ մարդիկ առաջարկում են ոչ մեծ ներդրում կատարել, բայց մեծ եկամուտ ստանալ։ Մարտիրոսյանի խոսքով՝ կամայական ներդրում կատարելուց առաջ պարտադիր է շուկան ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ տոկոսներ են առաջարկվում այդտեղ առհասարակ։ Խաբեությամբ զբաղվողներն առաջարկում են շատ ավելի մեծ տոկոսներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031