Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած նորմալ մարդ, անկախ այն բանից՝ քաղաքական գործիչ է, թե ոչ, պետք է հասկանա՝ ինչ է կատարվում, եւ դիմադրի դրան. Վազգեն Մանուկյան. «Հրապարակ»

Փետրվար 06,2024 10:52

Հարցազրույց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ

Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն հայտարարում են, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նոր սահմանադրությունը չորրորդ հանրապետության մեկնարկը կտա: Ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում նոր սահմանադրություն ընդունել, եթե գործող սահմանադրությունը չի խանգարում իրենց ոչնչով, եւ ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

– Առաջինը` գործող Սահմանադրության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը պետական հանցագործ է, ինչու, որովհետեւ խախտել է նույն այդ Սահմանադրությունը: Իր հայտարարություններն այդ մասին են փաստում. օրինակ` Արցախն Ադրբեջանի կազմում է եղել եւ այլն, եւ այլն: Նրա հայտարարությունները խախտում են գործող Սահմանադրությունը: Սահմանադրության փոփոխության արդյունքում` նոր սահմանադրությամբ, նա արդեն որպես պետական հանցագործ չի ճանաչվի: Երկրորդը․ նա փաստարկներ է բերում, որ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք գրգռում են մեր հարեւաններին, ուղղակի ծիծաղելի է: Օրինակ, կարելի է կարդալ Միացյալ Նահանգների կարեւոր օրենքները եւ հասկանալ, որ դրանք ժամանակի ընթացքում չեն փոխվել: Այս մարդու մոտ մի հիվանդագին բան կա, նա միշտ իր արածներն արդարացնելու եւ իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, անգամ հայոց պատմությունը ջնջելու: Ինձ թվում է` նա վախեցած է պատերազմից, դրսից` Ադրբեջանից, Թուրքիայից: Նա միայն մտածում է այն մասին, որ հանկարծ պատերազմ չլինի, բայց ոչ թե ժողովրդի կամ մեր երկրի մասին է մտածում, այլ իր իշխանությունը պահելու: Նրան թվում է, որ շինծու բաներ անելով կարող է խուսափել դրանից, բայց իրականում մեկը մյուսի հետ կապ չունի: Նա այդ ամենը չի հասկանում: Իմ տպավորությամբ` հիվանդ մարդ է:

Դուք տարբեր ընդդիմադիր շարժումներ եք առաջնորդել, սակայն Նիկոլ Փաշինյանը ցայսօր կառավարում է, շարունակում իր «սեւ գործը»: Ի՞նչ եք պատրաստվում առաջիկայում անել: Ինչո՞վ եք զբաղվում:

– Ընդդիմադիր լինում են, երբ պետության ներսում լինում է իշխանություն, երբ լինում են կուսակցություններ, որոնք ընտրության միջոցով ձգտում են իշխանության եւ այլն: Մեր կարգավիճակն այսօր ուրիշ է: Իշխանությունների կողմից բացահայտ ազգային շահերին ուղղված դավաճանություն է տեղի ունենում, եւ ցանկացած նորմալ մարդ, անկախ այն բանից՝ քաղաքական գործիչ է, թե ոչ, պետք է հասկանա, թե ինչ է կատարվում, եւ դիմադրի դրան: Այստեղ «ընդդիմադիր» բառը, իմ կարծիքով, տեղին չէ:

Տեղեկություններ կան, որ նոր սահմանադրության համար «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվում` ընդդիմադիրների կողմից: Չե՞ք միանալու:

– Կարծում եմ, որ բոլորը պետք է միավորվեն դրա շուրջ: Սա մի հարց է, որը կապված է մեր հայրենիքի հետ: Այդ հարթակը կարող է դառնալ բոլորի միավորման հարթակը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829