Լրահոս
Օրվա լրահոսը

Գետքյան չհանդարտվող կրքերը, գյուղացիների ցասումն ու Շիրակի մարզպետի պարզաբանումը

Փետրվար 07,2024 21:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի սահմանամերձ Գետք գյուղի  բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղու՝ Գետքի  գյուղի սկզբնամասը՝ պահանջելով պարզաբանում տալ, թե ինչո՞ւ են հարկադրել իրենց վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին առանց պատճառի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։

Գյուղացիներն ապշահար են, թե ինչպե՞ս կարելի է  7 ամիս առաջ նշանակված ու գյուղի համար դրական փոփոխություններ կատարած վարչական ղեկավարին պաշտոնազրկել այն պատճառով, որ նա հարզազրույց է տվել մամուլով՝ թվարկելով գյուղի խնդիրները։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի  ներկայությամբ էլ  ցուցարարները պատմեցին, որ իրենց վարչական ղեկավարին իրականում պաշտոնազրկել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ հարցազրույցից հետո կանչելով ու ասելով՝ դու չես կարող լինել մեր քաղաքական թիմից,  հեռացված ես պաշտոնից, դիմում տուր։

Գյուղացիները նշում էին, որ Աշոտ Շաբոյանի փոխարեն նոր նշանակում են արել, դպրոցի ուսուցիչ Նարինե Հարությունյանին են նշանակել, որին գյուղովի դեմ են։

Գյուղացիները վրդովված են, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել։

 

Պաշտոնազրկված  Աշոտ Շաբոյանը թեև չէր մասնակցում բողոքի ցույցին, սակայն ցուցարարներին միացել էին նրա մայրն ու կինը։

Կինը՝ Արմինե Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցազրույցն ուղղակի առիթ էր իր ամուսնուց ազատվելու համար, մարզպետ Մուշեղ Մուրադյանը վաղուց էր ուզում իր մտերմուհուն նշանակել, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական։

Ցուցարարների հետ հանդիպման եկած Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար  Զավեն Մանուկյանը նրանց պարզաբանեց, որ որոշումը քաղաքական է։ Նա գյուղացիներին հորդորում էր՝ դիմում ներկայացրած Շաբոյանից ճշտել, թե ինչո՞ւ է եկել ու ազատման դիմում ներկայացրել։

 

Թեմայի շուրջ պարզաբանումներ  ներկայացրեց  նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Շիրակի մարզպետն ասաց․ «Համայնքի ղեկավարի ուղիղ  լիազորությունն է վարչական ղեկավարի նշանակելն ու ազատելը, ձևակերպեմ ավելի հստակ՝ վարչական ղեկավարին պաշտոնի նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը։ Եթե համայնքի ղեկավարը որոշում է կայացրել, որ պիտի պաշտոնանկ արվի, վարչական ղեկավարը պաշտոնանկ կարվի։

Ի դեպ, ասեմ՝ մենք Ախուրյանում իշխանության ենք եկել նախորդ տարվա կեսին և մարդիկ, որ ասում են գյուղապետ, գյուղապետեր այլևս գոյություն չունեն,լ վարչական ղեկավարները նշանակովի պաշտոններ են և նրանց նշանակելը ուղիղ համայնքի ղեկավարի գործառույթն է»։

Մարզպետն, անդրադառնալով գյուղացիների այն պնդումներին, թե մամուլում գյուղի խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո հրավիրել է վարչական ղեկավարին իր մոտ ու հարկադրել դիմում տալ,  պարզաբանեց․ «Եթե վարչական ղեկավարը աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, ի՞նչ խոսակցությունների մասին է խոսքը»։

Լրագրողների հարցին, թե դիմումը ստիպողաբա՞ր է գրել, Մուշեղ Մուրադյանը պատասխանեց․

«Իսկ դուք տեսե՞լ եք որևիցե մի մարդու ներկա ժամանակներում, ով ստիպողաբար ինչ-որ գործողություն է կատարում։ Չի կարող աշխատել, դիմում է գրել աշխատանքից ազատման»։

Մարզպետը հերքում է, որ վարչական ղեկավարն իր մոտ եկել է հանդիպման, ըստ նրա, երբ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը որոշում կայացնելիս է եղել, խոսել է նաև իր հետ։

«Եթե նշանակում է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի և կարողունակ անդամ է, բնականաբար, ես  կողջունեմ համայնքի ղեկավարի  կայացրած որոշումը»,-ասում է Մուշեղ Մուրադյանը։

Լրագրողների այն հարցին, թե  գյուղացիները պնդում են՝ նոր նշանակված վարչական ղեկավարը ձեր մտերմուհին է,  տեղյա՞կ եք՝ ով է նա, Շիրակի մարզպետն ասաց, « Նշանակվողը, բնականաբար, Գետք բնակավայրից է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Գետք գյուղից մեր միակ կուսակցական գործընկերն է։

Եվ եթե պարոն Մանուկյանը՝ համայնքի ղեկավարը, նման որոշում է կայացրել, ես կողջունեմ այդ որոշումը։ Տեղյակ եմ նաև, որ նշանակվողը Գետք գյուղի բնակչուհի է, և և մանկավարժ է, աշխատում է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում»։

«Ձեր միջամտությունը եղե՞լ է այդ կնոջը նշանակելիս» այս հարցին ի պատասխան՝ մարզպետը լրագրողներին խորհուրդ տվեց վարչական ղեկավարների նշանակման պահով հարցումներ անել  թե՛ վարչական ղեկավարներից և թե՛ համայնքների ղեկավարներից։ Նա հավաստիացնում է, որ երբեք չի միջամտում համայնքապետերի որոշումներին՝ վարչական ղեկավարների նշանակելիս։

«Որևիցե մեկի համար Շիրակի մարզպետը միջնորդե՞լ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ ասել իմ մասով, որ որևիցե մի դեպքով միջնորդություն չեմ անում, եթե ցուցանիշները լավ չլինեն կամ իր վարքագիծը լավ չլինի, բնականաբար, ես կունենամ իմ դիտողություններն իր կատարած աշխատանքի և ներկայանալի լինելու վերաբերյալ։ Իսկ մնացած մասով, բնականաբար, տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանք է, գործառույթ է, համայնքների աշխատանքներին մենք միայն ու միայն օժանդակում ենք, մենք չենք միջնորդում, համայնքի ղեկավար կա, նա կկայացնի իր որոշումը»։

Նա նշում է, եթե նոր նշանակումն իր օգտավետությունը չբերի, նորից կհանդիպի լրագրողների հետ, նորից կքննարկի ու համեմատականներ կանցկացնի։

Ըստ նրա, կապրենք, կտեսնենք, նաև պարզ կդառնա՝ ով ում է հովանավորել, այնպիսի մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ որևիցե մի բան թաքուն չի մնում։

Լրագրողներից մեկի հարցին, թե գյուղի բնակիչների ասելով՝ իրենք դեմ են նոր ղեկավարին, մտավախություն չկա՞, որ նրա աշխատանքը չստացվի, մարզպետը հարցով պատասխանեց․ «Իսկ դուք տեղյա՞կ եք՝ ինչպիսի՞ ազգություն ունի նոր վարչական ղեկավարը, դուք գնացել, տեղում տեսել եք քանի մարդ էր եկել։ Ինչ-որ անձնական հարաբերություններով պայմանավորված՝ գյուղի բնակիչներից մի քանիսն ասում են՝ ես դեմ եմ, քանիսին ձեռնտու չէ,  բնականաբար, բարեկամ ունեն, այս մարդուն լավ է եղել, այն մարդուն լավ է եղել, բայց որոշ ժամանակ անց այս նույն թեմայի շուրջ մենք լրացուցիչ կխոսենք, էդ համախոհների մասով։

Եթե համայնքի ղեկավարը մանրակրկիտ ուսումնասիրած չլինի, ի՞նչ եք կարծում նման  որոշում կկայացնի»։

Ըստ նրա, վարչական ղեկավարը միայն աշխատավարձ չպիտի ստանա, այլ համայնքապետի, պատկան մարմինների դռները թակի ու ծրագրեր բերի համայնք, իսկ տվյալ պարագայում, ըստ նրա, Գետքում ի՞նչ կա արված։

Մուշեղ Մուրադյանի ասելով՝ իրենց աչքից ոչինչի չի վրիպում, ամեն ինչ իրենց հսկողության տակ է,  վարչական ղեկավարները չպիտի  մտածեն աշխատավարձը կա, ծառայողական մեքենաներն էլ հետը ու ապրեն նախկին գյուղապետերի շնչով՝ չմտածելով, որ պատասխանատվության շեմն այլ է, պիտի կարողունակ լինեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829