Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Շիրակի մարզից ընտրված պատգամավորները․ Գյումրու ավագանու 3 անդամներ անցել են խորհրդարան

Հուլիս 07,2026 19:55 Share

Խորհրդարան անցած քաղաքական ուժերը սկսել են հրապարակել իրենց պատգամավորների նախնական ցուցակը։

29 մանդատ ունեցող «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Գյումրիից ընդգրկված են երեք հոգի․ 3-րդ տեղում «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի աշխատանքները համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանն է, 6-րդ տեղում՝ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն նրա պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն է՝ Վարդան Ղուկասյանի փեսան, որը մինչ օրս դեռ կողմնորոշված չէ՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ Նրա մանդատը վերցնելու դեպքում Գյումրիում ստիպված կլինեն ընտրել քաղաքապետի առաջին տեղակալ, որը, ըստ ՏԻՄ օրենքի, կստանձնի քաղաքապետի պարտականությունները։ Չի բացառվում, որ նրա խորհրդարան գնալու դեպքում Գյումրիում փլուզվի տեղի ընդդիմադիր իշխանությունը, հատկապես որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակաները անընդմեջ հայտարարում են Գյումրիում իշխանափոխություն անցկացնելու, նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։

Այս քաղաքական ուժից մեզ հուշեցին, որ ծնունդով Գյումրիից է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ցուցակի 12-րդ համարը՝ Լենա Մաթևոսյանը, նա երևանաբնակ է։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակում, ցավոք, Շիրակի մարզից որևէ մեկը ընդգրկված չէ, թերևս Շիրակի մարզից միակ ներկայացուցիչը պիտի համարել Արթուր Խաչատրյանին, որը, պաշտոնավարելով Շիրակի մարզպետի պաշտոնում, մանրամասնորեն տիրապետում է այս տեղանքի խնդիրներին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարան են անցել ԱԺ նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Խորհրդարան կանցնի նաև ՔՊ-ի ցուցակում 67-րդ տեղը զբաղեցնող Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Թե նրանցից ո՞վ կվերցնի պատգամավորական մանդատը, դեռևս հայտնի չէ։ Սարիկ Մինասյանի անունը շրջանառվում է որպես Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուի։

Դավիթ Առուշանյանի՝ Շիրակի մարզպետի պաշտոնից խորհրդարան տեղափոխվելու մասին էլ հակասական տեղեկություններ կան․ ՔՊ-ի համար Շիրակի մարզպետի պաշտոնում համապատասխան կադր գտնելն այնքան էլ հեշտ չէ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել