Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններն ամեն ինչ անում են՝ իրենց անգործությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կոծկելու համար՝ դառնալով նրանց փաստաբանը»․ Սեյրան Օհանյան

Փետրվար 09,2024 11:40

«Երկրագնդի վրա չկա մի ազգ, որը չհպարտանա իր պատմությամբ, անցյալի հաղթանակներով։ Առավել եւս, հայ ժողովուրդը, որը համաշխարհային պատմության մեջ հայտնի է որպես կրթություն, գիտություն, քաղաքաշինություն, արվեստ ու արհեստներ մատակարարած ազգ։ Հայկական լեռնաշխարհում սերված բնիկ մի ազգ, որը ոչ միայն զորավարներ, մարշալներ է տվել աշխարհի տարբեր բանակներին, այլեւս անցյալ դարավերջին ազատագրել է հայկական Արցախը, քառորդ դարից ավելի պաշտպանել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Եվ ազգովին հպարտացել ենք մեր նորօրյա հաղթանակներով։ Սակայն վերջին տարիներին փաստորեն նրա իշխանությունը պարտվել է՝ Ադրբեջանին հանձնելով 5000 տարիներից ավելի մեր սրբազան բնօրրանը հանդիսացող հայկական Արցախը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Նիկոլ Փաշինյանը բառացի ասում է՝ «մեր երկրի ամբողջ ռեսուրսը ծախսել ենք անլուծելի խնդրի վրա, որովհետեւ մեզ ասել են՝ շարունակիր, ճանապարհներ մի կառուցիր, դպրոցներ մի կառուցիր, հիվանդանոցներ մի կառուցիր, տո նույնիսկ բանակը, ինչի՞դ է պետք բանակը։ Այսինքն՝ մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պիտի դնեինք պետություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա»»։

Օհանյանը նշեց, որ դա բացարձակ սուտ է։ «Անցյալ դարավերջին, Արցախյան հաղթանակից հետո Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայ ժողովուրդն ամեն ինչ արել է՝ պետություն, բանակ կառուցելու համար։ Մենք կառուցել ենք բանակ՝ բացառապես հայկական, եւ ոչ ոք մեզ չի ասել եւ չէր էլ կարող ասել՝ դա պետք է լինի հայկական, թե՞ ոչ հայկական։ Իսկ ՀՀ Սահմանադրության մեջ այն կոչվում է ՀՀ զինված ուժեր։ Եվ երկրորդ, բանակաշինությանը զուգահեռ՝ տարեցտարի մենք հետեւողականորեն աշխատանքներ ենք կատարել միջազգային տարբեր հարթակներում՝ հայ ժողովրդի պահանջատիրությունը լսելի դարձնելու, պատմական անհերքելի իրողություններն իրենց անուններով կոչելու, Արցախի հարցը լուծելու եւ հետագա ցեղասպանությունները կանխելու նպատակով։ Սա եղել է ՀՀ այն գաղափարական հենքը, որն էլ հանդիսացել է աշխարհասփյուռ հայության համախմբման, մեր ինքնության պահպանման, անվտանգ ու կայուն զարգացման մեր առանցքը։ Սակայն այսօր Հայաստանը դարձել է երկրագնդի վրա միակ պետությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որտեղ տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ ծաղր ու ծանակի են ենթարկվում ազգային մեծ երազանքը, գաղափարները, կեղծում, փորձում են աղավաղել մեր պատմությունը, փորձում են հիմնովին քանդել հայեցի կրթությունն ու դարավոր արժեքների համակարգը՝ եկեղեցին, Անկախության հռչակագիրը, նույնիսկ Սահմանադրությունը, ինչն ամենամեծ հարվածն է, որը կարելի է հասցնել մեր ազգին»,- ասաց Օհանյանը։

Նա հավելեց, որ միանշանակ կարող է ասել՝ նա, ով ծաղրում է կամ կասկածի տակ է դնում հայոց պատմությունը, ազգային վեհ երազանքներն ու հաղթանակները, գուցե գենետիկորեն, բայց մենթալ հարթության մեջ չի կարող լինել հայ։ «Ազգային արժեքները ծաղրում են նրանք, ովքեր ոչինչ չեն արել մեր պետությունը պաշտպանելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Եվ փոխանակ այդ ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկեն, ամեն ինչ անում են՝ իրենց անգործությունը, անարդյունավետ կառավարումը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կոծկելու համար՝ դառնալով, ըստ էության, փաստաբանը նրանց Հայաստանում։ Առանց ազգային վսեմ գաղափարների, անհնար է պետություն ունենալ»,- հավելեց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր առաջնահերթություններն այսօր մեր անվտանգությունն է, ինքնիշխանությունն ու պետականության պահպանումն է, Արցախի Հանրապետության հարցի արդարացի լուծումն ու մեր բազմադարյա արժեքների պահպանումը։ Այն, ինչն իրենց գործունեությամբ ՀՀ այսօրվա իշխանությունները կասկածի տակ են դնում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829