Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետ․ «Մենք կատարում ենք մեր խոստումը՝ նոր շարժակազմ ենք բերում, կռացած, արժանապատվությունը վիրավորող երթեւեկությունը պետք է վերացվի»

Փետրվար 13,2024 11:44

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է միասնական տոմսային համակարգի ներդրման եւ տրանսպորտի թանկացման հարցը։ Հիշեցնենք, որ ավագանին որոշեց հարցը քննարկել, բայց չքվեարկել, քվեարկելուց առաջ հարցը հանել օրակարգից։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը զեկուցեց՝ առկա իրավիճակը գործող սակագնով չի կարող շարունակվել այն տրամաբանությամբ, որ գործող շարժակազմը փոփոխվել է ոչ միայն համայնքային միջոցներով․ «Այն սուբսիդավորվում է համայնքային բյուջեից, ինչը նշանակում է հանրությունը վճարում է տրանսպորտի համար, վճարել է նախկինում, վճարելու է միշտ։ Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղեւորափոխադրումներից, որ մասը՝ համայնքային բյուջեից, ինչը նշանակում է, որ այն վճարվելու է, օրինակ՝ նոր կառուցված մանկապարտեզի կամ նոր կառուցված ճանապարհի եւ այլ ոլորտների հաշվին»։

Գրիգորյանի ներկայացմամբ՝ ընդհանուր սուբսիդավորման չափը մետրոպոլիտենի, տրոլեյբուսների եւ ավտոբուսների համար նախորդ տարի կազմել է 7 միլիարդ դրամ եւ այս միտումը աճում է, քանի որ անընդհատ նոր շարժակազմ է բերվում, քաղաքային իշխանությունն իր խոստումը կատարում է՝ կռացած, արժանապատվությունը վիրավորող երթեւեկությունը պետք է վերացվի․ «Բայց նոր շարժակազմը եւ նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր։ Եթե անգամ որոշումն այս տեսքով ընդունվի, չնայած կարծում եմ՝ փոփոխություններ կլինեն, սակայն այսօրվա որոշման նախագծի ընդունման դեպքում էլ մենք դուրս չենք գալու սուբսիդավորման տրամաբանությունից։ Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ եկեք սակագների վերանայումն այնպես կատարենք, որ ոլորտն այլեւս չսուբսիդավորվի։ Ոլորտը էլի ունենալու սուբսիդավորման կարիք։ Ուղղակի ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանական սահմանները։ Եթե մենք չենք ուզում տասը տարի հետո կանգնենք նույն կոտրված տաշտակի առաջ, որ նորից չհասկանանք, թե որտեղից պետք է գումար հայթայթենք ու նորից այլ ոլորտներից անհամաչափ կտրենք եւ ուղղենք նոր շարժակազմերի ձեռքբերմանը՝ մենք պետք է ունենանք նոր համակարգ։ Դրա տրամաբանությունը հետեւյալն է՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար եւ խոցելի խմբերի համար սակագինը եթե պետք է վերանայվի, ապա պետք է վերանայվի մինիմալ կամ անգամ չվերանայվի, իսկ այն անձանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում, ում համար փոփոխությունը դրամատիկ չի լինի, օրինակ` զբոսաշրջիկների դեպքում, չպետք է սուբսիդավորվեն նրանց ուղեւորափոխադրումները»։

Գրիգորյանի խոսքով՝ որոշման նախագիծը երբ էլ ընդունվի, անգամ մարտի նիստում եթե ընդունվի, քաղաքային իշխանությունը այս համակարգի ներդրումը փոխկապակցում է 171 հատ 8,6 մետրանոց նոր ավտոբուսների Երեւան ժամանելու հետ, որը նախատեսվում է, որ տեղի կունենա սեպտեմբերին, մրցութային գործընթացը հիմա ընթանում է։

Գրիգորյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է ամսական փաթեթ, եռամսյակային փաթեթ, տարեկան փաթեթ, 70 րոպեի փաթեթ, որը ենթադրում է երկու տեղփոխ, մեկօրյա, մեկշաբաթյա տոմս եւ նվազագույն՝ տասը փաթեթով լիցքավորվող տոմս, եւ օդանավակայան ուղղությամբ ավտոբուսը։

Մանրամասն՝ տեսանյութում

«Հանրապետություն» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե որքան է կազմում մեկ ուղեւորափոխադրման միջինացված ինքնարժեքը, եւ այդ 7 միլիարդից որքանով է կրճատվելու սուբսիդավորումը։

Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց՝ կդժվարանա միջինացված արժեք հրապարակել․ ոչ թե, որ զլացել են հաշվարկել, այլ որովհետեւ հաշվի առնելով տարբեր տոմսային փաթեթները տարբեր փաթեթի օգտագործման դեպքում եւ կախված նրանից, թե քանի ուղեւորափոխադրում է կատարում տվյալ փաթեթից օգտվողը, գինը տարբերակվում է, ուստի մեկ թիվը հրապարակելը կարող է շահարկումների առարկա դառնալ։

Ինչ վերաբերում է սուբսիդավորման կրճատմանը, փոխքաղաքապետը հստակ թիվ չասաց։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ չնայած պարոն Գրիգորյանը կարծում է, որ մենք շարունակելու ենք սուբսիդավորումը, ես այդպես չեմ կարծում․ «Արդյունավետ կառավարման եւ գործարկման դեպքում մենք կկարողանանք նվազագույնը ինքնաֆինանսավորման հասնել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829