Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ որեւիցե անձ ինձ վրա ճնշում չի գործադրել». Նանա Սարգսյան

Փետրվար 13,2024 15:13

«Վարդան Ղուկասյանը հորդորել էր, բայց իմ բացակայությունը կապված չէր Վարդան Ղուկասյանի հորդորի հետ: Ինձ հետ դժբախտություն էր պատահել, ես մեկնել էի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մասնակցել եմ հորեղբորս հուղարկավորությանը ու վերադարձել: Ինձ վրա ոչ ոք երբեք ճնշում չի գործադրել՝ ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ որեւիցե անձ: Եթե ձեզ նման բան ասեն, չհավատաք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա (Ամալյա) Սարգսյանը, որը պատրաստվում է վայր դնել մանդատը: Ինչ վերաբերվում է խմբակցությանը, այն նրա խոսքով. կշարունակի իր աշխատանքը՝ հօգուտ Երեւանի եւ երեւանցու:

Հարցին՝ անձամբ ինքը Վահե Եսայանի ու Վահան Ավագյանի հետ շփվո՞ւմ է,  Նանա Սարգսյանն այսպես արձագանքեց. «Վահան Ավագյանն իմ կնքահայրն է, Վահե Եսայանը իմ շատ վաղեմի ընկերն է, որոնց ես շատ սիրում ու հարգում եմ: Եվ իմ հրաժարականը բոլորովին չի նշանակում, որ մարդկային, ընկերական հարաբերությունները պետք է դրանով ավարտվեն կամ վերջանան»:

Դիտարկմանն ի պատասխան, թե իրենց մեղադրում են դավաճանության մեջ, ասում են՝ ՔՊ-ի հետ են համագործակցում, դարձել են ՔՊ-ին օժանդակող ուժ, Նանա Սարգսյանը կարճ արտահայտվեց՝ ղալաթ են անում:

Հարցին՝ վայր է դնում մանդատը, քանի որ չգիտի ո՞ր կողմ գնալ՝ դեպի Վարդան Ղուկասյան, թե իր կնքահայրը, Նանա Սարգսյանը պատասխանեց, որ իր այս քայլն ավելի ճիշտ որոշում է, քան մնալը եւ այդպես է վարվում անձնական հարցերից ելնելով:

Մեկ այլ դիտարկմանը, թե Վարդան Ղուկասյանը հորդորել էր մանդատը վայր չդնել, բայց չգնալ նիստերին «Հանրային ձայն» խմբակցության անդամը պատասխանեց, որ լսել է այդ եթերը, իսկ Վարդան Ղուկասյանի հետ չի խոսել:

Նանա Սարգսյանն ասաց, որ չի ընդունում այն պնդումները, թե «Հանրային ձայնը» մինչ այս պահը աջակցում է ՔՊ-ին, հատկապես որ ասում են՝ Տիգրան Ավինյանը չէր ընտրվի, եթե իրենք քվորում չապահովեին: «Շատ բան կարող են ասել, շատ բան կարող են ենթադրել, հորինել, անգամ նույնիսկ լրագրողները, որպեսզի հետաքրքիր նյութ ունենան, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը իրականության հետ աղերս ունի»,-նշեց նա:

Ավագանու մանդատը վայր դնել պատրաստվող անդամի ձեւակերպմամբ, ավագանու անդամները քվե են ստացել, որպեսզի լուծեն երևանցու խնդիրները, ու եթե պիտի վերցնեն մանդատը, բայց չներկայանան նիստերին, ապա թող գնան, գան հաջորդները, ինչն ավելի ազնիվ կլինի, քան վերցնել մանդատն ու բոյկոտել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829