Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են օգտվել սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից

Փետրվար 23,2024 17:23

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար առողջապահության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի, ինչպես նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ:

Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն հաշվառվել է 70 495 մարդ: Այս պահին առողջության առաջնային պահպանման օղակում առաջարկվող բոլոր բուժծառայությունները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է երեխաների պատվաստմանը, հղիների հաշվառմանը, քրոնիկ հիվանդների հաշվառմանը, դեղերի հետագա ապահովմանը, ինչպես նաև հատուկ դժվարամատչելի հետազոտությունների և հիվանդանոցային բուժման պարագայում ամբողջը պլանային ձևով կազմակերպմանը: Այս պահին հաշվառված է 639 հղի, եղել է 374 ծնունդ:

Առողջապահության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներից 209 ավագ և 516 միջին բուժաշխատողի պետական պատվերի շրջանակում տրամադրվել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ: Արդեն իսկ 216 բուժաշխատող անցել է աշխատանքի հանրապետությունում, որից 34-ն աշխատում են մարզերում: Այս 34 աշխատողը՝ որպես մարզերում աշխատող, օգտվում է նաև լրավճարի ծրագրից:

Արտակ Ջումայանը նշել է, որ 2024 թվականի մարտից որոշ խմբերի դեղեր տրամադրվելու են էլեկտրոնային դեղատոմսով, հետևաբար՝ տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում հաշվառված հայրենակիցները, համապատասխանաբար, էլեկտրոնային դեղատոմսով և անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենան այն դեղատներին, որոնց հետ պայմանագիր ունեն պոլիկլինիկաներն ու գյուղական ամբուլատորիաները, և ստանան դեղերը:

Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ 77 000 հիվանդանոցային դեպք է սպասարկվել այս ամբողջ ժամանակահատվածում, որից 2192-ը՝ 2024 թվականի ընթացքում: Նշվել է, որ խոսքը պլանային և անհետաձգելի բուժօգնության մասին է:

Զարուհի Մանուչարյանը մանրամասներ է ներկայացրել սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Խոսքը սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին է, որից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները, եթե բռնի տեղահանված ամուսնական զույգերից մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, առկա է ամուսնական վկայական, ինչպես նաև ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք կամ ունեն կիսակառույց շինություն, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ և նախահաշիվ:

Պետության աջակցությունն այս ծրագրի շրջանակում կազմում է մինչև 16 մլն դրամ, այսինքն՝ նախահաշիվը, եթե չգերազանցի 16 մլն դրամը, ապա ամբողջ հիփոթեքային վարկի մարումը կիրականացվի պետության կողմից: Ծրագրից կարելի է օգտվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը: Ծրագրի մյուս կետով օտարերկրյա պետությունում գրանցված ամուսնական վկայականը նույնպես ուժ ունի, եթե այն հյուպատոսական վավերացում ունի և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանություն կա: Ծրագրին դիմելու առաջին քայլը ծրագրի գործընկեր բանկերից մեկին դիմելն է: Գործընկեր բանկերն են՝ Կոնվերս բանկը, Էվոկա բանկը, Ամերիաբանկը և Ակբա բանկը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829