Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ եկած 25 հազար հնդիկներից հարկ վճարում է 1106-ը. «Սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինի, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա»

Փետրվար 28,2024 18:45

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմեց վարչապետին, որը խոսել էր հարկ վճարելու պարտականության մասին՝ ասելով, որ եթե տասնյակ հազարավոր մարդիկ մեկնում են  արտագնա աշխատանքի, նշանակում է պետությունը թերացել է ու մարդուն աշխատանքով ապահովելու իր պարտականությունը չի կատարել լավ. «Ես ՊԵԿ-ին հարցում եմ արել՝ Հայաստան արտագնա աշխատանքի եկած օտարերկրացիների մասին. 2023-ին մենք ունեինք 26 հազար 224 մարդ. Բելառուս՝ 403 հոգի, Իրան՝ 1166, Ուկրաինա, ՌԴ՝ 19.979, Սեյշելյան կղզիներ՝ 1 հոգի, Հնդկաստան՝ 1106: Նրանք, ովքեր զբոսնում են քաղաքում, տեսնում եմ, որ նույնիսկ սկուտեր քշողները առնվազն այդ 1106-ից մի 10 անգամ ավելի են, շինարարությունում ինչքան են աշխատում, այդ մարդիկ ՀՀ-ում գրանցված չեն, հարկ չեն վճարում: Սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինի, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա կարող է լինի: Այդ մարդկանց հավաքում, գալիս են Հայաստան, ՀՀ-ում այդ մարդկանց աշխատանքով են ապահովում եւ մի լումա հարկ չեն վճարում: Եթե կառավարությունն ուզում է հարկի արտագնա աշխատանքի մեկնածներին, այստեղ եկած խոպանչիներին ինչի՞ չի հարկում: Ի՞նչ է արել 2023-ին կառավարությունը՝ առնվազն 25 հազար քաղաքացիներին, որոնք ըստ Միգրացիոն ծառայության, ՀՀ են եկել, հարկային դաշտ բերելու ուղղությամբ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ձեր ասածի տրամաբանությունն ընդունենք, դա նշանակում է, որ Հայաստանում հազարավոր աշխատատեղեր կան: Եթե ուրիշները գալիս են Հայաստանում իրենց կողմից արտագնա, մեր կողմից ներգնա աշխատանքի, դա նշանակում է՝ Հայաստանում կան աշխատատեղեր»:

Ինչ վերաբերում է մյուս տվյալներին, Փաշինյանն ասաց, որ դա լեգիտիմ հարց է ու մեր հարկային մարմինները պետք է զբաղվեն դրանով:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ այս 20 հազարից ավելի հնդիկները, որ եկել են Հայաստան, ուղղակի առավոտյան չեն վեր կացել, գլոբուսը պտտել ու Հայաստանի վրա մատը դրել. «Այնտեղ կան հավաքագրման կենտրոններ: Վստահաբար, այստեղ պետք է լինեն ընդունման կենտրոններ: Չի կարող 25 հազար հոգի գա, ընդամենը 1000-ը աշխատի ու պետությունը չտեսնի, որ 25 հազար մարդ աշխատում է, հարկ չի վճարում: Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար: Առերեւույթ սա խոշոր ընդհատակյա բիզնես է»:

Փաշինյանը պատասխանեց, որ 180 հազար աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում ու միջին աշխատավարձը էականորեն աճել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829