Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ԵՄ դիտորդների զեկույցներին ծանոթանո՞ւմ եք, հրապարակում կա՞ այն մասին, որ Ադրբեջանը հայկական իշխանություններին սպառնում է ուժի կիրառմամբ»

Մարտ 19,2024 15:56

ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասաց, որ նախագիծը միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կայունության ապահովմանը։ Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը։

Մնացական Սաֆարյան

«Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արեւելյան սահմաններին իրավիճակի հավանական սրացման լուրջ վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել առաքելության գործունեության ժամկետը։ Ելնելով նրանից, որ առաքելության կազմը ձեւավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, եւ տվյալ կազմով առաքելության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն եւս 2 ամիս ժամկետով, ԵՄ-ն հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Հայաստանը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ։ Այսպիսով, 2023 հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը՝ 138-ից հասցնելով 209-ի, ինչը հնարավորություն տվեց մեծացնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը։ Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց ԱԳ փոխնախարարին․ «Այս փաստաթղթում կա դրույթ, որ ԵՄ-ն իր դիտորդական առաքելության մեջ կարող է ընդգրկել ոչ ԵՄ անդամ երկրներ։ Փաստաթղթում չեմ գտնում որեւէ դրույթ, որ Հայաստանն այդ այլ պետություններին ընդգրկելու դիրքորոշում կամ համաձայնություն պետք է հայտնի։ Եվրամիությանն այդպիսի հնարավորություն տալով՝ արդյոք չի՞ բացառվում տարբերակ, որ ենթադրենք Թուրքիայից, Ալբանիայից կամ այլ երկրներից կարող են դիտորդներ ընդգրկվել»։

Մնացական Սաֆարյանն ի պատասխան ասաց, որ նախքան առաքելության կազմում ԵՄ անդամ չհանդիսացող պետության ներգրավումը, քաղաքական երկխոսության շրջանակներում Հայաստանի հետ ձեռք է բերվում համապատասխան համաձայնություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը բարձրաձայնեց հարցը, որ այս համաձայնագրում միայն Հայաստանի պարտավորությունների մասին է գրված։ «Ի՞նչ իրավունքներ ունի Հայաստանի Հանրապետությունն այս պարտավորություններից բացի, կոնկրետ ի՞նչ իրավունքներով է օժտվում Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն»,- հարցրեց Ռուստամյանը։

Փոխնախարարն ասաց, որ համաձայնագրի կնքումը բխել է նրանից, որ ԵՄ առաքելության գործողությունները եւ Հայաստանում գտնվելը ՀՀ անվտանգության տեսանկյունից համարվել է նպատակահարմար։ «Իսկ իրավունքների տեսանկյունից, համաձայնագիրը դրույթ ունի, որով ցանկացած պահի Հայաստանը կարող է դադարեցնել այս համաձայնագրի գործողությունը։ Եվ այդ առումով ինքնիշխանության հետ կապված որեւէ հարց չկա»,- նշեց Սաֆարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կառավարությունը խորհրդարան է բերել մի փաթեթ, որն ամբողջությամբ Հայաստանի պարտավորությունների մասին է․ «Ի՞նչն է խանգարում այս փաթեթում արձանագրել հստակ նպատակները, մանդատը եւ նաեւ մեր իրավունքների մասը, թե ինչ ենք մենք ստանում։

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց Մնացական Սաֆարյանին․ «Դուք՝ որպես դիվանագետ, տարօրինակ չեք համարո՞ւմ այն, որ Ազգային ժողովը հաստատում է մի փաստաթուղթ, որով մինչ այդ չի հաստատել իրենց մանդատը»։

ԱԳ փոխնախարարն ասաց, որ այս օրինագիծն առաքելության կարգավիճակի մասին է, իսկ առաքելությունը Հայաստան է հրավիրվել Հայաստանի ԱԳ նախարարի դիմումով։ Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը սահմանադրորեն ունի իրավունք՝ ներգրավվելու այսպիսի հարաբերություններում։ ԵՄ առաքելության ժամկետը կավարտվի 2025 թվականի հունվարին։

Գեղամ Նազարյանը նաեւ հարցրեց․ «Երբ ԵՄ դիտորդները զեկույցներ են ներկայացնում, դուք այդ զեկույցներին ծանոթանո՞ւմ եք, եւ արդյոք այդ զեկույցներում հրապարակում կա՞ այն մասին, որ Ադրբեջանը հայկական իշխանություններին պարբերաբար սպառնում է ուժի կիրառմամբ»։ Մնացական Սաֆարյանն ի պատասխան ասաց․ «Ոչ, ՀՀ կառավարությունն այդ զեկույցների բովանդակությանը ծանոթ չէ, բայց մեր ընդհանուր քաղաքական գնահատականը դրա մասին հնչեցվել է, որ առաքելությունը նպաստում է ՀՀ սահմաններին անվտանգության բարձրացմանը»։

 

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031