Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Փարաջանովի և Խաչատրյանի հոբելյաններին նվիրված՝ կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթի հաղթողները

Մարտ 21,2024 17:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 2023-2024 ուսումնական տարում իրականացրել են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվել է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում: Մրցույթում 27 ֆիլմ է ընդգրկվել Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից և Թեհրանից:

Մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մասնակից կրթօջախներից ակնկալվում էր ձևավորել ուսուցիչների ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր, որոնք կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին, իրականացնել Արամ Խաչատրյանին կամ Սերգեյ Փարաջանովին նվիրված նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությունները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող էր լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):

Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ, իսկ լավագույն 4 ֆիլմերի հեղինակները՝ պատվոգրեր: Լավագույն ֆիլմեր են համարվել՝

«Պուպրիկները» – Գալուստեան-Նուպարեան ազգային վարժարան, Կահիրե,

«Փրկենք արժեքները, որ արժեքներն էլ մեզ փրկեն» – «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի Մենուա Հովհաննիսյանի անվան դպրոց, Երևան,

«Արվեստի երանգները» – «Երևակ» կրթահամալիր, Երևան,

«Ծաղիկներ նկարող խելագար ծերուկ» – Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոց, Երևան:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031