Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգտումներ եւ իրականություն. որքանո՞վ է իրատեսական ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացման հեռանկարը

Մարտ 23,2024 14:00

Թեեւ հաճախ է բերվում Վրաստանի օրինակը, սակայն պետք է փաստենք, որ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան ստորագրեցին ասոցացման համաձայնագիր եւ դրանից շուրջ ինը տարի անց միայն նրանց տրվեց թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Հայաստանը չի ստորագրել ասոցացման համաձայնագիր, քանի որ 2013-ին հայտնի պատճառներով մեկ գիշերում Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել ԵԱՏՄ-ին։

Այն օրվանից հետո, երբ Եվրոպական խորհրդարանը ձայների 504 «կողմ», 4 «դեմ», 32 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւը, ՀՀ-ում սկսեցին կարծիքներ շրջանառվել, թե ՀՀ-ի՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածության ստացման պահը շատ մոտ է։

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանն՝ ինչպես յուրաքանչյուր եվրոպական երկիր, իրավունք ունի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։  Նա մասնավորապես նշել է. «Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար», – նշել է Ստանոն՝ ի պատասխան հարցին՝ արդյոք Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի համար: Նաեւ հիշեցրել է, որ երբ երկիրը ԵՄ-ին անդամակցելու համար հայտ է ներկայացնում, դա դիտարկվում է կազմակերպության անդամ երկրների կողմից, այնուհետեւ որոշում են կայացնում՝ հիմնվելով «ԵՄ պայմանագրերի եւ սահմանված չափանիշների վրա»։

Հենց այս չափանիշներին բավարարումն է, որ ստիպում է իրատեսական դիտանկյունից նայել խնդրին։ Թեեւ հաճախ է բերվում Վրաստանի օրինակը, սակայն պետք է փաստենք, որ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան ստորագրեցին ասոցացման համաձայնագիր եւ դրանից շուրջ ինը տարի անց միայն նրանց տրվեց թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Հայաստանը չի ստորագրել ասոցացման համաձայնագիր, քանի որ 2013-ին հայտնի պատճառներով մեկ գիշերում Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել ԵԱՏՄ-ին։ Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը կարծում է՝ «Եթե մենք մտադիր ենք դառնալ ԵՄ անդամ, հիմա հարմար պահ է անդամակցության կարգավիճակի համար դիմելու, քանի որ եթե հիմա քննարկվում է ԱԼԳ երեք պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի անդամակցության հարցը, ապա հետո հասկանալի է, որ այդ քննարկումը երբ փակվեց, այդ պետությունները ստացան իրենց անդամակցությունը, ՀՀ-ի համար առանձին քննարկում չի բացվելու»։

Չափանիշներ, որոնք սահմանում են, թե արդյոք երկիրն իրավասո՞ւ է միանալ Եվրոպական միությանը

Ինչպես ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն էր փաստել՝ «Երբ երկիրը ԵՄ-ին անդամակցելու համար հայտ է ներկայացնում, դա դիտարկվում է կազմակերպության անդամ երկրների կողմից, այնուհետեւ որոշում են կայացնում՝ հիմնվելով ԵՄ պայմանագրերի եւ սահմանված չափանիշների վրա»։ Այդ չափանիշներն, այսպես կոչված, կոպենհագենյան չափանիշներն են, որոնք պահանջում են, որ պետությունն ունենա ժողովրդավարական կառավարում եւ մարդու իրավունքների պաշտպանման ինստիտուտներ, գործող շուկայական տնտեսություն եւ ընդունի ԵՄ պարտավորություններն ու առաջարկները։ Անդամակցության այս չափանիշները սահմանվել են 1993-ի հունիսին՝ Դանիայում՝ Կոպենհագենում, Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ։ Այդ փաստաթղթում ամրագրված է. «Անդամակցությունը տեղի կունենա այն դեպքում, երբ ասոցացված երկիրը կարողանա ստանձնել անդամակցության պարտավորությունները՝ բավարարելով պահանջվող տնտեսական եւ քաղաքական պայմանները»։ Այդ չափանիշներով պահանջվում է, որ պետությունն ունենա ժողովրդավարական կառավարում եւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ, գործող շուկայական տնտեսություն եւ ընդունի ԵՄ պարտավորություններն ու առաջարկները։

Ակնհայտ է, որ այս չափանիշներից շատերին ՀՀ-ն չի բավարարում։ Օրինակ՝ տնտեսական եւ քաղաքական պահանջների մասին խոսելով՝ պետք է արձանագրենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ է, եւ դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի գործընթաց մեկնարկել առանց զուգահեռաբար քննարկելու այս կառույցներին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու հարցը։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի գնահատմամբ՝ հնարավորությունները, ՀՀ-ԵՄ օրակարգը բավականին հավակնոտ են, կարեւոր է նաեւ այն, որ հենվում է համատեղ արժեքների վրա, սակայն միեւնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ գործընթացը մեկ-երկու օրվա չէ. «Չեմ կիսում այն լավատեսությունը, թե ԵՄ կարգավիճակ ստանալու հարցը երկու-երեք ամսվա հարց է։

Դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, երբ կարող ենք թեկնածուի կարգավիճակ ստանալ առանց դուրս գալու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Ինչո՞ւ է ԵՄ-ն մեր դիմադրողականությունն ամրապնդում, ինչո՞ւ է մեզ օգնում բազմազանեցնել տնտեսությունը, ինչո՞ւ է ներդրումներն ակտիվացնում, մարդկային շփումների վրա դնում շեշտը, որովհետեւ ուզում են երկուստեք պայմաններ ստեղծել, որ դիմենք արդեն այն դե յուրե քայլերին, որոնք պարտադիր են, որ մենք կարողանանք ստանալ թեկնածուի կարգավիճակ»։

Ուստի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի պատրաստվածության մակարդակից բխում է այն, որ Հայաստանի՝ ԵՄ կարգավիճակ ստանալու, այնուհետեւ ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հարցն ավելի շատ ձգտումների տիրույթում է, քան իրատեսական դաշտում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031