Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ձեռք է բերվել բալետային նոր հատակ

Մարտ 25,2024 20:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսավորմամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին տրամադրվել է շուրջ 80 մլն դրամ՝  միջազգային չափանիշներին համապատասխանող բալետային փորձասենյակների և բեմահարթակի նոր հատակածածկույթի ձեռքբերման նպատակով:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, շրջայց է կատարել և ներկա եղել բալետի պարողների փորձին՝ նոր հատակածածկույթով փորձասենյակում:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ պետության կողմից հատկացված գումարի տրամադրումը բխում է ոլորտում իրականացվող ռազմավարական ծրագրերի ապահովման անհրաժեշտությունից. «Պրոֆեսիոնալ բալետային հատակի ձեռքբերումը կնպաստի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովմանը, ազգային, դասական պարարվեստի բնագավառում նոր բեմադրությունների և ծրագրերի իրականացմանը, օպերայի և բալետի ազգային ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը: Պետությունը բոլոր հնարավոր միջոցները ներդնում է, որպեսզի ապահովվի օպերային և բալետի թատրոնի ներկայացումների բարձր որակը: Նոր ենթակառուցվածքների ապահովումը կարևոր է՝ արտերկրում մեր բալետային բեմադրությունների ներկայացման բարելավման, ինչպես նաև արտերկրից հյուրախաղերի եկած արտիստների և բալետային խմբերի անխոչընդոտ և բարձր մակարդակով ելույթների իրականացման առումով։ Բոլոր ջանքերը պետք է ներդնենք  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հայաստանի այցեքարտը դարձնելու ուղղությամբ: Այս ամենի համատեքստում անչափ կարևորում եմ նաև  կադրային ճիշտ քաղաքականությունը,  Երևանի պարարվեստի պետական քոլեջի  երիտասարդ պարողների մասնագիտական գործունեության խթանման, մասնագիտական զարգացման,  դեպի մեծ բեմ նրանց մուտքի ապահովման տեսանկյունից»:

Նախարարի տեղակալը շնորհավորել է բալետային խմբի անդամներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝  հատակածածկույթը ձեռք է բերվել  բալետային 2 փորձասենյակների և բեմահարթակի համար. «Եվրոպական «Harlequin Liberty» ապրանքանիշի այս  հատակածածկույթը համապատասխանում է միջազգային  չափանիշներին:

«Հատակը, որ մենք արդեն ունենք, հնարավորություն կտա նաև բալետային ներկայացումներով ճամփորդել ՀՀ տարածքում: Կավելանան մեր մարզային շրջագայությունները և այժմ կկարողանանք մարզերի մեր հանդիսատեսին հնարավորություն ընձեռել վայելելու բալետային ներկայացումներ»,- նշել է Կարեն Դուրգարյանը:

Թատրոնի գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող Ռուբեն Մուրադյանի խոսքով բալետային հատակի ձեռքբերումը կարևոր է դերասանների անվտանգ մասնագիտական գործունեության ապահովման առումով, այն նաև կնպաստի նրանց կատարողական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանը և լիարժեք հնարավորություն կտա անկաշկանդ կատարել տեխնիկապես բարդ վարժություններ՝ հանդիսատեսին ներկայանալով բարձր պատրաստվածությամբ։

 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031