Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին և մեղադրանք են առաջադրել ցեղասպանական գործողություններին մասնակցելու»․ Արման Թաթոյան

Մարտ 29,2024 13:51

«Ակնհայտ է, որ ԼՂ-ում կամ Արցախում Ադրբեջանն ուներ լիարժեք հայաթափելու նպատակ և այնպես անելու, որ մարդիկ ստիպված լինեին դուրս գալ իրենց բնակավայրերից՝ լինելով այնտեղ հազարամյա բնիկ ժողովուրդ»,-Արցախի նկատմամբ 2023 թ․ սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում և Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով պանելային քննարկման ժամանակ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) հայտարարեց ՀԱՀ մարդու իրավունքների և սոցիալական արդարության ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արման Թաթոյանը։

Նա փաստեց՝ Ադրբեջանն իրականացրել է Արցախի լիարժեք շրջափակման քաղաքականություն՝ սկսած 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո, երբ այսպես կոչված էկոակտիվիստները արգելափակեցին կյանքի միակ ճանապարհը, որը կապում էր Արցախը ՀՀ-ի հետ, որոնք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներն էին։

Արման Թաթոյանը նաև փաստեց՝ 2020-ի պատերազմից հետո չորս բնակավայր էր մնացել Արցախի վերահսկողության տակ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ և Մարտունի․ «Ադրբեջանը նպատակ էր դրել, նախապես քաղաքականություն մշակել հարձակում իրականացնել չորս ուղղությամբ, մեկուսացնել այս բնակավայրերն իրարից, քաոսային իրավիճակ ստեղծել, այնպես անել, որ կառավարում իրականացնել հնարավոր չլինի։ Ռազմավարական ուղղություններով էին հարձակվել այն ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք կենսական նշանակություն ունեին Արցախի համար։ Նրանց նպատակը Ստեփանակերտի ջրամատակարարման հանգույցը միանգամից օկուպացնելն էր, որը մարդկանց զրկեց խմելու ջրի հնարավորությունից։ Մարդիկ սարերից եկող չֆիլտրացված ջուր էին խմում։ Ադրբեջանն ակնհայտ հասկանում էր, որ մարդիկ մեկուսացած վիճակում էին, հոգեբանորեն ընկճված էին, առանց էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, շատ ընտանիքներ ստիպված էին իրենց երեխայի հացը հայթայթելու համար գնալ այլ շրջան՝ անգամ մինչև Ստեփանակերտ։ Ակնհայտ էր, որ այս ամենն օգտագործում էին, որ մարդկանց շրջանում առավել մեծ խուճապ առաջացնեին»։

Վերլուծելով ադրբեջանական հարձակումների ուղղությունները և ադրբեջանական զինված ուժերի ժամանակավոր տեղակայումները՝ Արման Թաթոյանը հայտարարեց․ «Երբ առաջին անգամ սկսեցին Գետավանի և Չարեքթարի վրա հարձակվել, մարդիկ գնացին դեպի Սարսանգի ջրամբար, հետո Մարտակերտի կողմից էլ էին հարձակվել, հետագայում մարդիկ բարձրանում էին վերև, տեսնում էին, որ ճանապարհներն արգելափակված են, ստիպված իջնում էին ներքև։ Նույնը Գետավանից դեպի Վաղուհաս գյուղի ճանապարհին էր։ Ունեինք դեպքեր, երբ մարդիկ գնում էին Վաղուհաս, բայց տեսնում էին, որ այդտեղից էին հարձակվում։ Նրանց միակ ելքը Խաչենի կամուրջն էր, բայց Ադրբեջանի զինված ծառայողները Վանք գյուղի ուղղությամբ հարձակումներ էին իրականացնում, արգելափակվում էր նաև այդ ելքը։ Պատկերացրեք, որ մի սենյակի մեջ են մարդկանց բոլորին «լցնում» և մի անկյունից քշում դեպի մյուսը․ դուռը մեկն է։ Իրականում դա էլ է արգելափակված։ Խաչենի կամուրջով արդեն հիմնական ելքն էլ էին Մարտակերտից արգելափակել ադրբեջանական զինծառայողները։ Մարդիկ վառելիք էլ չունեին մեքենաների համար, անգամ խմբերով բեռնատարների մեջ էին, հաճախ ոտքով էին։ Սա նպատակային ծրագիր էր, որը հանգեցրեց մեծ խնդիրների ոչ միայն հոգեբանական տառապանքների, այլև ունեինք քաղաքացիական անձանց թվում զոհեր, քանի որ այս ամենը զուգակցվում էր հրետանու հարձակումներով, զինված հարձակումներով։ Սկզբում հայտարարել էինք 18, բայց հետո 20 հոգի էին, որից 6-ը երեխաներ էին»։

Արման Թաթոյանը նաև հայտնեց՝ Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին և մեղադրանք են առաջադրել ցեղասպանական գործողություններին մասնակցելու համար այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության համար։

Արման Թաթոյանը վստահեցրեց․ «Այս փաստերն օրինակ են, որոնք ապացուցում են՝ ադրբեջանական այն քաղաքականությունը, թե իբր իրենք մարդկանց հետ խնդիր չեն ունեցել, մարդիկ կամավոր են դուրս եկել, իբր անգամ համոզել են, որ մնան, էթնիկ զտում չեն իրականացրել, ամբողջը բացարձակ սուտ է։ Այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն եղել դուրս գալ, նրանք գերեվարվել են։ Ունենք դեպքեր, որ մարդիկ գերեվարվել են, պահվել են ադրբեջանական զինծառայողների մոտ և ենթարկվել են դաժան վերաբերմունքի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031