Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբևէ լսե՞լ եք՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարի վերադարձի իրավունքի մասին․ ես չեմ հիշում, ինչը կասկածելի տարօրինակ է»․ Արա Ղազարյան

Մարտ 29,2024 15:46

«2020-ին պետությունը վերջապես այդ իրավական բաղադրիչը վերցրեց իր ձեռքը, քանի որ մինչ այդ ոչ միայն պասիվ էր, այլև խոչընդոտում էին, որ մենք միջազգային դատավարական գործընթացներ սկսեինք անհատական նախաձեռնությամբ՝ հիմնական քաղաքական խնդիրներից ելնելով, որ այսպես կոչված մեր նախաձեռնությունը խանգարում է Մինսկի խմբի աշխատանքին։ Ինչպես տեսաք՝ դա ռազմավարական սխալ դուրս եկավ»,- Արցախի նկատմամբ 2023 թ․ սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում և Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով պանելային քննարկման ժամանակ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) նշեց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նա հայտնեց՝ ընդդեմ Ադրբեջանի շահած երեք գործ ունի․ «Բայց Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։ Երբեք չի էլ ասում, որ չի կատարելու։ Շատ հետաքրքիր է Ադրբեջանի վարքագիծը, կարողանում է խուսանավել միջազգային իրավունքի նորմերի արանքում, բայց դա երկար չի տևելու, քանի որ որոշակի քաղաքական, իրավաբանական ռեսուրսներ կան, որոնք գնալով սպառվում են։ Ադրբեջանի քայլերը միշտ համեմատում եմ Իսրայելի հետ․ այն, ինչ անում է Գազայի հատվածում»։

Ըստ Արա Ղազարյանի՝ այն, ինչ Ադրբեջանն արեց ու անում է, դեռ պետք է դրա տակից դուրս գա․ «Ես իրավական բաղադրիչով եմ խոսում։ Քաղաքականը թող խոսեն քաղաքական գործիչները։ Իրավական բաղադրիչ, այն, ինչ Իսրայելը սկսեց Գազայում, լրջորեն անհանգստացած էր իրավական գործընթացներով, որովհետև ինքն իսկապես անկյուն է քաշված բազմաթիվ դատական գործընթացներով, այն, որ անընդհատ Իսրայելը հռչակվում է օկուպանտ երկիր։ Այն նարատիվները, որոնք աշխատացնելով Ադրբեջանը սկսեց բլոկադան, հայաթափումը, էթնիկ զտումը, երբ կարդում եմ Իսրայելի դեմ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, միանգամից հիշում եմ Ադրբեջանը․ կարծես նույն ձեռագիրն է»։

Արա Ղազարյանն ընդգծեց վերադարձի իրավունքի ապահովման կարևորությունը․ «Վերադարձի իրավունքն աներկբայորեն հաստատված նորմատիվ բնույթի իրավունք է միջազգային իրավունքում, և մենք պետք է դրանից օգտվենք։ Ադրբեջանի դեմ կանգնած է վճիռները կատարելու խնդիրը, ինչը նրա համար գերխնդիր է արդեն մեկ տարվա, քանի որ Ադրբեջանի մասնակցությունը կասեցված է ԵԽ-ում և Ադրբեջանը պետք է կատարի ԵԽԽՎ-ի պահանջները, որի երրորդ կետը վերադարձն է։ Բայց չի կատարելու, քանի որ չունի այդ ռեսուրսը։ Նա մոռացել է՝ ինչ է նշանակում ազատ խոսք, արդար դատավարություն, հիմնարար իրավունքներ և, բնականաբար, Ադրբեջանը պետք է առնվազն ինքնավարություն խոստանա հայերին, որ կարողանա ապահովել վերադարձի իրավունքը։ Ադրբեջանը կկարողանա՞ դրա տակից դուրս գալ, թե՝ ոչ՝ մեզնից է կախված, թե որքան ակտիվ մենք ամենատարբեր գործընթացներ կկարողանանք իրականացնել, այդ թվում՝ վերադարձի իրավունքի մասին։ Ադրբեջանը երբեք չի ասել, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի իր բնակավայրեր վերադառնալ։ Իհարկե, գիտենք, որ սա երկակի ստանդարտ է, երեսպաշտություն, բայց առնվազն այդ խաղը խաղում է»։

Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանին հետաքրքրում է Եվրոպայի խորհրդի հարթակում մնալը, մեծ հաշվով մեզ էլ է պետք, որ Ադրբեջանը մնա Եվրոպայի խորհրդի հարթակում, որ վերահսկողության դաշտում լինի։

Արա Ղազարյանը նկատեց՝ եթե Արցախում լիներ միջազգային ներկայություն, ապա հաստատ վերադարձի իրավունքը կլիներ․ «Մենք միայն ունենք ՌԴ-ին՝ որպես միջազգային ներկայություն․ տեսանք՝ ՌԴ-ն ինչ արեց։ Վերադարձի իրավունք չի նշանակում քաղաքացին սահմանն անցնի և գնա, տեսնի իր տունը, այլ որ հնարավորություն տան՝ անձինք վերադառնան, որոշեն՝ ուզո՞ւմ են այնտեղ ապրել, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա արվի այն, ինչ 1988-90-ին, երբ քաղիրավական հարաբերությունների շրջանակում մարդիկ առանց պետության միջամտության փոխանակել են իրենց բնակարաններն ադրբեջանցիների հետ։ Եթե խորհրդային միության ավարտին դա հնարավոր եղավ, այսօր նույնպես հնարավոր կլինի․ ուղղակի Ադրբեջանը պետք է հարգի այդ իրավունքը։ Արցախցիներն ունեն յուրահատուկ մշակույթ, բնիկ ժողովուրդ են, նրանց պատմական տարածքներն են, ունեն այնտեղ մշակութային ժառանգություն, չասած գույքային իրավունքը, դա նշանակում է՝ վերադարձն անքակտելի իրավունք է։ Ադրբեջանը չի կարող առաջ քաշել այն փաստարկը, որն առաջ է քաշում Իսրայելը Պաղեստինի նկատմամբ, որ արցախցիները վտանգավոր են, քանի որ նրան տեռորիստներ են։ Չկա այդպիսի փաստ։ Ադրբեջանն արդեն երկու անգամ արդարադատության միջազգային դատարանում պարտվել է»։

Ըստ Արա Ղազարյանի՝ 2010 թվականից ի վեր Ադրբեջանի վարքագիծն իրավական գործընթացներում փոխվում է․ «Ադրբեջանն ունի միջազգային գործընկերներ, բայց իրավական դաշտում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ռեսուրսներն աստիճանաբար սպառվում են։ Դա է պատճառը, որ այսօր պահանջում է ՀՀ-ից հրաժարվել միջազգային բոլոր դատավարություններից, քանի որ մենք այնտեղ ունենք հաջողություններ։ Առանձին քննարկման առարկա է, թե ինչ տեղի կունենա, եթե ՀՀ իշխանությունները հանկարծ որոշեն հրաժարվել այդ դատավարություններից՝ ապավինելով, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում կարող են այդ ամբողջ իրավական պաշտպանության մեխանիզմները սահմանվել»։

Վերադարձի իրավունքի ապահովման մասով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին խոսելով՝ Արա Ղազարյանն ասաց․ «Ադրբեջանը մանևրում է, ասում է՝ քաղաքացիություն ընդունեք ու եկեք, դուք կարող եք հիմա էլ գալ, գրանցվել, բայց խնդիրը դա չէ։ Վերադարձը պետք է լինի արժանապատիվ, կայուն անվտանգ։ Սա նույնպես միջազգային իրավունքի նորմ է։ Իսկ այս երեք տերմինը նշանակում է կառուցակարգեր, իսկ դա նշանակում է որոշակի ինքնավարություն։ Արդյոք կկարողանա՞ Ադրբեջանը հաղթահարել այս միջազգային իրավունքի նորմերը քաղաքականության ասպարեզում։ Ադրբեջանը ռազմաքաղաքական առավելություն ունի, և դա է պատճառը, որ Ադրբեջանը պահանջում է, որ մենք հետ վերցնենք մեր իրավական գործերը, քանի որ դա լրջորեն խանգարում է Ադրբեջանին։ Այն, ինչ մենք պահանջում ենք Ադրբեջանից իրավական գործընթացներով, պետք է ամրագրվի նաև խաղաղության պայմանագրով, եթե այդ պայմանագիրը երբևիցե կնքվի, հետո պետք է այդ պայմանագիրը կատարի Ադրբեջանը։ Հարց է, թե ինչքան կկարողանա Ադրբեջանը մանևրել, շատ բան կախված է մեզնից, մեր ակտիվությունից։ Վերադարձի իրավունքի մասին սկսել են խոսել արդեն այլ մասնագիտական խմբեր՝ մասնավորապես Օսկանյանի խումբը, կառավարությունը կարծես ընդհանրապես այդ մասին չի խոսում։ Երբևէ լսե՞լ եք կառավարությունը պաշտոնապես հայտարարի այդ մասին, ես չեմ հիշում, ինչը կասկածելի տարօրինակ է։ Ենթադրենք՝ կառավարությունն իր պատճառներն ունի չբարձրաձայնելու, բայց քաղհասարակությունը, ակադեմիական հասարակություն պարտավոր են անընդհատ ոչ միայն բարձրաձայնել, այլ ինչ-որ բան անել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031