Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը երբեք այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, ինչպես այսօր է»․ Արմեն Խաչատրյան

Ապրիլ 03,2024 15:46

«Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգը, եւ ամեն ինչ անելու է, որպեսզի անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին։ Դա ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, էական չէ, մենք գնալու ենք մեր ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններին։

Նա նշեց, որ այն անվտանգային համակարգը, որն ունեցել ենք, փաստորեն՝ անվտանգային համակարգ չի եղել, ընդամենը թղթի վրա գրված պարտավորություններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել, ինչի հետեւանքով այսօր Ադրբեջանը 150 քկմ տարածք է բռնազավթել․ «Մենք այլեւս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունենք եւ քայլեր ենք անում բոլոր ուղղություններով՝ եւ դիվանագիտական, եւ քաղաքական, եւ պաշտպանական»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը երբեք այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, ինչքան հիմա։ «Հայաստանի հետ հաշվի են նստում եւ Արեւմուտքը, եւ ԱՄՆ-ն, եւ շատ ու շատ ռազմավարական հարցեր են քննարկում։ Հայաստանն այսօր ավելի շատ սուբյեկտայնություն ունի, քան երբեւէ ունեցել է։ Այն ժամանակ, այո, Մարիա Զախարովայի երկրում էին որոշում հարցեր, թե Հայաստանը ուր պետք է գնա»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի պատասխանին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Մեր անընդհատ հնչող պահանջին, որ, հարգելի ՀԱՊԿ, ասեք՝ մեր սահմանները որտեղ են սկսվում ու ավարտվում, Հայաստանը ո՞ր սահմաններով է մտել ՀԱՊԿ, շատ երկար մտածել են ու այսպես մանեւրելով պատասխան են տվել։ Դա, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ ու անընդունելի հայտարարություն է, որովհետեւ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահման ունի, այդ սահմաններով մտել ենք ՀԱՊԿ-ի մեջ, ՀԱՊԿ-ն ընդունել է դա, եւ հիմա ասում են՝ տեսնենք, թե դուք ինչ նոր սահման եք գծում։ Ոչ մի նոր սահման էլ չենք գծում։ Այն, ինչը միջազգայնորեն կա, այն, ինչը Ալմա-Աթայում եւ ՌԴ-ն, եւ ԽՍՀՄ մյուս պետություններն են ճանաչել, դա ՀՀ սահմանն է։ Ես էլ ՀԱՊԿ-ին եմ հարց տալիս՝ բա լավ, որ Հայաստանը մտնում էր ՀԱՊԿ, այդ պատասխանատվության գոտին, տարածքը ո՞րն էր, մենակ Երեւա՞նն էր ՀԱՊԿ պաշտպանության գոտին։ Կարո՞ղ է մենակ Երեւանն են վերցրել, տեղյակ չենք»։

Հարցին, թե եկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը, պատգամավորը պատասխանեց․ «Եթե այդ անվտանգային համակարգը չի գործում, եւ մենք տեսնում ենք, որ չի էլ կարող գործել, միանշանակ այդ անվտանգային համակարգում մենք չենք լինի, բացառվում է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930