Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն առաջարկել է, որ սահմանազատումը սկսենք հյուսիսային սահմանից, ուժի սպառնալիքով է խոսում»․ ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց, որ Բաքվի պահանջներն են բավարարում

Ապրիլ 03,2024 15:17

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը կապում է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ։ «Բայց նաեւ մեզ համար խորթ չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ձեռագիրը՝ ամեն անգամ հարձակողական կամ սադրիչ գործողություններ անելուց առաջ այսպիսի ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իրականացնելու համար։ Բայց եթե դա նրան հաջողվում էր 1-2 տարի առաջ, հիմա այդքան էլ չի հաջողվում, որովհետեւ Եվրամիության դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է։ Բոլորին արդեն պարզ է, որ Ադրբեջանը ստում է։ Եվ օբյեկտիվ իրականությանն ամբողջ աշխարհը ծանոթանում է օբյեկտիվ դիտորդների միջոցով»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանը նշեց, որ ոչ ոք երբեւէ չի ասել, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության։ «Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը։ Որեւէ մեկը չի ասում, որ Ադրբեջանը խաղաղասեր է։ Եվ Ադրբեջանի հայտարարությունները հիմնականում կեղծ են կամ ստիպված են որոշակի հայտարարություններ անում որոշակի ճնշումներից հետո։ Սա շատ պարզ է, բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ուղիով, պարտադրելու ենք խաղաղություն, Ադրբեջանը պետք է լինի կառուցողական։ Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի վերադառնա կառուցողական դաշտ եւ հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական երկիր է, հարգի մեր սուվերենությունը, եւ անցնենք առաջ»։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռազմական բալանսն էականորեն խախտվեց, եւ Ադրբեջանն այսօր խոսում է միայն ուժի դիրքերից։ «Բայց Հայաստանի Հանրապետությունը կիրառում է ամբողջ գործիքակազմը՝ թե դիվանագիտական, թե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ նաեւ պաշտպանական։ Մենք այսօր մեր զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ ենք անում, ինչը քիչ տեսանելի, բայց հաստատ որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովել մեր երկրի ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Խնդիրն այդպես է դրված, եւ դրան մենք հասնելու ենք, Ադրբեջանն ուզի, թե չուզի։ Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը գնում է սադրանքների, որ Ադրբեջանի նախագահը բռնապետական ռեժիմով հանդերձ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի զարգացումը կասեցնի։ Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կկարողանա արհամարհել ողջ աշխարհի կամ առաջադեմ մարդկության կարծիքները»,- հավելեց նա։

Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Տավուշի 4 գյուղերը հանձնելու հարցին։ «Հիմա գնում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, դա մի գործընթաց չէ, որ նոր սահմաններ ենք գծում կամ նախանշում։ Սա մեր եղած սահմանների վերաարձանագրումն ու վերահաստատումն է։ Այդ սահմանները կան, որեւէ նոր սահմաններ չեն լինելու, չեն էլ կարող լինել, եւ դրանց վերահաստատման պրոցեսն է։ Ինչը մեր տարածքում է, մերն է, այն, ինչը մերը չէ, սահմանից այն կողմ է, դա վերադարձվելու է Ադրբեջանին։ Եվ նույն կերպ Ադրբեջանը պետք է ազատի այն տարածքները, որոնք օկուպացվել են իրենց կողմից։ Սահմանազատումն իրավական գործընթաց է, իրավական դաշտում է, եթե որոշվել է սկսել Տավուշից, հերթով գալիս են։ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա արհամարհել Արեւմուտքին կամ ընդհանրապես միջազգային նորմերը։ Ադրբեջանին դեռեւս միջազգային քրեական դատարանում սպասում են պրոցեսներ։ Միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքակազմ ունի, այն պետությունները, որոնք կոպտորեն սկսում են խախտել միջազգային իրավունքի նորմերը, հանցագործություններ են կատարում մարդկայնության եւ խաղաղության դեմ, շատ քչերին է հաջողվում միջազգային պատժողական մեխանիզմից դուրս պրծնել։ Եվ հաստատ Ադրբեջանը կհայտնվի այդտեղ, եթե շարունակի իր այս ռազմատենչ հայտարարությունները»,- նշեց նա։

Հարցին, թե Տավուշի գյուղերը վերադարձնելու հիմքում ի՞նչ քարտեզ է դրել իշխանությունը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ես զարմանում եմ, որ դուք այդ հարցը ինձ տալիս եք։ Դուք անընդհատ կասկածի տակ եք դնում Հայաստանի Հանրապետության սահմանները, Ալմա-Աթայի հռչակագրով»։

Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնեցված քարտեզ կա՞, հարցին Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Երեւանը քարտեզ չի համաձայնեցնում Բաքվի հետ, Երեւանը միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի, որեւէ մեկի հետ դա չպետք է համաձայնեցնենք։ Այդ քարտեզով մետր առ մետր առաջ ենք գնացել։ Դա Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված ՀՀ քարտեզն է։ Մենք նորից վերաարձանագրելու ենք պետական սահմանը։ Դա գործընթաց է, որը սկսվել է եւ պետք է առաջ տանենք ամեն գնով՝ միջազգային ճնշումներով, պետք լինի, միջազգային դատարան դիմելով»։

Անդրադառնալով Տավուշի մարզի բնակիչների հայտարարություններին, որ չեն զիջելու, դեմ են տարածքները հանձնելուն, Խաչատրյանը պատասխանեց․ «Ինչի՞ն են դեմ, ո՞ւմն են այդ հարակից տարածքները»։ Դիտարկմանը, որ միայն իշխանությունն է ասում, որ այդ գյուղերը թշնամունն են, պատգամավորը պատասխանեց․ «Ո՞նց իշխանությունն է ասում, կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում։ Իշխանությունը չի հանձնում, պրովոկացիա մի արեք, եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց։ Որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ։ Գործընթաց է սկսվել, դու չես կարող չվերադարձնել»։

Հարցին, թե այդ դեպքում ադրբեջանցիներն ինչո՞ւ չեն վերադարձնում ՀՀ-ից բռնազավթած տարածքները, նա նման պատասխան տվեց․ «Կգա ժամանակը՝ կտեսնենք»։

ՔՊ-ական պատգամավորը նաեւ խոստովանեց, որ Ադրբեջանի պահանջներն են կատարում՝ հանձնելով այդ չորս գյուղերը․ «Սահմանազատման աշխատանքներն այդտեղից ուզեցին սկսել, ուզեցին, որ այդ 4 գյուղերը տանք, որ դուք այս հարցերը բարձրացնեք, ժողովրդին ցնցումների մեջ գցեք։ Այդ դրա համար են ուզել 4 գյուղից սկսել։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսային սահմանից, գնացել ենք, սկսել ենք հյուսիսային սահմանից։ Որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան՝ լուծելով գալիս ենք՝ մինչեւ Սյունիք»։

Հարցին, թե այսինքն՝ ադրբեջանցիների ցուցումո՞վ են Տավուշից սկսել, նա պատասխանեց․ «Բա եթե ադրբեջանցիների հետ ենք բանակցում, արանքում ուրիշ մարդ չկա․․․»։

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները կատարում Ադրբեջանի ցանկությունները, այս հարցին էլ պատգամավորը պատասխանեց․ «Որովհետեւ Ադրբեջանը չի ուզում դելիմիտացիա անել, ինքն ուժի սպառնալիքով է խոսում մեզ հետ։ Գաղտնի՞ք է, որ այսօր ռազմական բալանսն այնքան խախտված է, որ մենք պատերազմի գնալու ցանկություն չունենք։ Դժվա՞ր է դա հասկանալ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուտն եք խոսում: Տավուշից են սկսում որովհետև 1) այն Հայաստանի ջրի ամենահարուստ շրջանն է (աhttps://en.wikipedia.org/wiki/Tavush_Province); 2) ունի գործող հանգստավայրեր; 3) տուրիզմի արտարոց նմուշներ (Լաստիվեր, …) կարդածեք միքիչ գոնե Վիկիպեդիա, եթե թերուս եք, բայց մեծ պաշտոն եք ընծայվել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930