Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, բայց էական աջակցության մասին է խոսքը». Վասիլիս Մարագոս

Ապրիլ 04,2024 14:04

«Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջը։ Ես ուրախ եմ, որ մենք առաջընթաց ունենք անվտանգային ոլորտում համագործակցության հարցում։ Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունության եւ կարգավորման հարցին»,- այս մասին «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպանը խոսեց համագործակցության ծրագրերի մասին. «Նախ եւ առաջ քաղաքական եւ անվտանգային երկխոսությունը Հայաստանի հետ, ես ցանկանում եմ Հայաստանի իշխանություններին շնորհակալություն հայտնել այդ երկխոսության հանձնառության համար։ Երկրորդը՝ ԵՄ քաղաքական դիտորդական առաքելությունն է Հայաստանում, որը մշտադիտարկում է սահմանի հայկական կողմից իրավիճակը եւ հայ ժողովրդի համար ներդրում է կատարում մարտական իրավիճակի ուղղությամբ։ Նաեւ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները։ Սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմին»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ աշխատում են Հայաստանի հետ համագործակցության նոր օրակարգի շուրջ։ «Նոր օրակարգը հիմնված է անցյալի համագործակցության վրա, բայց ավելի շոշափելի է։ Մենք ձեռքներս ծալած չենք նստում, աշխատանքը բոլոր ուղղություններով է ընթանում։ Երբեւիցե այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ երկխոսության համար, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասաց նա։

Վասիլիս Մարագոսը հավելեց, որ կառավարության հետ ստեղծել են ներդրումների համակարգման հարթակ, որը նպատակ ունի վերանայել ծրագրերը եւ հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է արվեն, որպեսզի արագացվեն առարկայական ներդրումները։ «Աշխատանքն ընթանում է, բայց ես ավելի շատ կցանկանայի տեսնել կիրարկում։ Տնտեսական եւ ներդրումային ծրագիրն արդեն 550 մլն եվրոյից ավելի գումար է մոբիլիզացրել։ Մենք շարունակում ենք նաեւ մեր աշխատանքը Սյունիքում։ Մեր անդամ պետությունների հետ արդեն 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբիլիզացրել Սյունիքում»,- հավելեց նա։

«Վերջում երեք կետ կուզեմ ընդգծել, նախ եւ առաջ սեփականության զգացողություն։ Շատ հաճախ հարցնում են՝ ո՞րն է Եվրամիության նպատակը Հայաստանում։ Ես պատասխանում եմ՝ նոր գործընկերության օրակարգը ձեւավորվում է եւ կձեւավորվի երկու կողմերից, դա հայ ժողովրդի նկրտումներ են։ Նպատակն է ձեւավորել մի օրակարգ, որն էլ ավելի կխորացնի մեր գործընկերությունն ու համագործակցությունը։ Մենք ունենք համատեղ արժեքներ, մենք համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների եւ իրավունքի վրա։ Եվ ես հավատում եմ, որ մենք շատ հստակ արդյունքների կհասնենք միասին։ Այն բարեփոխումները, որոնց մասին մենք խոսում ենք, հարկավոր է, որ լինի սեփականության եւ սեփականատիրոջ զգացողություն թե իշխանությունների, թե քաղհասարակության, թե ինստիտուտների, բոլորի կողմից։ Ունենք հիմքը, պետք է համոզվենք, որ դա արդյունավետ կաշխատի։

Մյուսը օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունն է, լավ աշխատող, անկախ դատական համակարգ, որը կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը տարբեր սպառնալիքներին արձագանքելիս։

Մյուսը մեր աջակցությունն է փախստականներին։ ԵՄ-ն իր անդամ պետությունների հետ արդեն 60 մլն եվրո է մոբիլիզացրել, ու հիմա կառավարության հետ քննարկում ենք հավելյալ աջակցության հարցը՝ բնակարանաշինություն, ապրուստ»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930