Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ԲԴԽ նախագահը, թանկանոց սիրուն շորերով պահակները եղել են, բայց ավագանուց ո՞վ է եղել». «Մայր Հայաստանի» դատն՝ ընդդեմ Ավինյանի

Ապրիլ 15,2024 17:53

Այսօր Երեւանի վարչական դատարանում քննարկվեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի։

Հայցը ներկայացրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը: Վիճարկվում է Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը: Ըստ հայցի, քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը քվորում չի ունեցել, ինչը հակասում է օրենսդրական պահանջներին: Պահանջվում է ոչ իրավաչափ ճանաչել Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:

Այսօրվա նիստում ներկայացվեց հայցի էությունը եւ նպատակը. «Ուզում ենք, որ այլեւս դա չկրկնվի»:

Պատասխանողը Երեւանի ավագանին է, ուստի պատասխանող կողմն ընդգծեց, որ հայցվորը ավագանու անդամ է, երբ ասում է՝ այլեւս չանեն նման բան, ո՞վ պետք է չանի:

Հայցվորի ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյանը պատասխանեց, որ նիստի նախագահողը պետք է հետեւեր, որ քվորում լիներ, բայց այն ոչ իրավաչափ է եղել. «Պետք է նիստը աներ Երեւանի ավագանին»:

Պատասխանողը հարցրեց՝ այս դատական նիստին մասնակցում են իրենք, հայցվորը, հայցվորի ներկայացուցիչը, դատավոր Մաքեյանը, հիմա իրենցից ո՞վ է նիստն անում:

Հայցվորի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը պատասխանեց, որ հարցը անհասկանալի է, համեմատությունը՝ անտեղի ու համեմատության նպատակն էլ չհասկացվեց. «Երեւանի ավագանին պիտի հավաքվեր, գործողություն պիտի աներ, անցկացներ իրավազոր նիստ եւ Տիգրան Ավինյանը վեր կենար, երդվեր: Հիմա այդ գործողությունը իրավազոր կերպով չի արվել: Օրենքն ասում է՝ որ ընտրվի քաղաքապետ, այդ քաղաքապետն իր լիազորությունները պիտի ստանձնի ավագանու նիստով: Ավագանու նիստն էլ, օրենքն ասում է՝ նայեք, հա, պիտի անպայման իրավազոր ձեւով անեք, պիտի քվորում լինի: Հիմա որ իրավազոր չի եղել, քվորում չի ապահովվել, այդ գործողությունը, որ եկել են, նստել են, Նիկոլ Փաշինյանն է եկել, թանկ շորերով ինչ-որ մարդիկ են եկել, հետո պարզվեց՝ արարողակարգ է եղել, այդ գործողությունը հետագայում մեկնաբանվել է Երեւան քաղաքի ավագանու նիստ, որում համայնքապետը ստանձնել է իր լիազորությունները երդվելով: Մենք ասում ենք՝ ինչ արել են, իրավաչափ ձեւով չի եղել: Այնտեղ ո՞վ է եղել՝ ՔՊ ֆրակցիա՞ն, քանի՞ հոգով են եղել՝ ոչ մեկին հայտնի չի, 1/6-րդ են եղե՞լ, 1/7-րդ են եղե՞լ, ընդամենը երկո՞ւ ավագանու անդամ է եղել, մեկը՝ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ տարիքով ավագը… այդ ամեն ինչը մեզ հայտնի չի: Մենք ասում ենք՝ իրավունք եք խախտել»:

Հարցրեցին՝ միայն ՔՊ-ի անունը տվեցիք, ուրիշ խմբակցություններից ներգրավված չե՞ն եղել այդ գործընթացում: Վարազդատ Հարությունյանը պատասխանեց, որ նաեւ «Հանրապետություն» խմբակցությունը, բայց դա ենթադրություն է. «Ներողություն եմ խնդրում, բայց մենք ստացել ենք ավագանու նիստի արձանագրությունը, անգամ արձանագրությունից պարզ չէ, թե ով է ներկա եղել, որովհետեւ նշված է, որ մասնակցել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ԲԴԽ-ի նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, մշակութային գործիչներ, էն իմ ասած պահակները՝ թանկանոց սիրուն շորերով, բայց, օրինակ, պարոն Հակոբյանը չի եղել: Բացի պարոն Հակոբյանից, իրենց ֆրակցիայի անդամներն էլ չեն եղել: Մամուլում շրջանառվում է, որ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց» ֆրակցիան էլ չի եղել: Նաեւ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» չի եղել, բայց թե ով է եղել՝ ընդհանրապես պարզ չի: Նիստի արձանագրությունից չի երեւում»:

Տեսնելով, որ պատասխանողը նորից հարցեր է ուղղում, թե նիստը ո՞վ պետք է աներ, ձեր հայցը ավագանու դե՞մ է թե՞ ավագանու առանձին անդամների, Վարազդատ Հարությունյանը պատասխանեց՝ «ավելի պրիմիտիվացնեմ պատասխանը» ու ցուցադրեց հատուկ նիստի արձանագրությունը. «Ենթադրվում է, որ ավագանին է այդ նիստն արել ու այս արձանագրությունը առհավատչյան է ողջ իրավական գործընթացի»:

Հետո պատասխանողի ներկայացուցիչը հարցրեց՝ վտանգ կա՞, որ նոր քաղաքապետ ընտրվի, Գաբրիելյանը պատասխանեց. «Նախորդ երեք դեպքերում՝ Տարոն Մարգարյանի, Հայկ Մարությանի, Հրաչյա Սարգսյանի դեպքում քվորում եղել է, շարունակվել է երդմնակալության արարողությունը: Հրաչյա Սարգսյանը պաշտոնը ստանձնել է այն պայմաններում, երբ Հայկ Մարությանի լիազորություններ ինչ-ինչ պատճառներով դադարեցվել էին: Նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այս կարգը պահպանել է: Այո, իհարկե, հնարավոր է, որ Տիգրան Ավինյանը իր լիազորությունները մինչեւ վերջ չիրականացնի եւ փոխվի քաղաքապետը»:

Ըստ պատասխանողի ներկայացուցչի, խնդիրն իրավական է ու զուտ օրենսդրության մեկնաբանության հարց է: Վարազդատ Հարությունյանը հարցրեց՝ ավագանու քանի՞ անդամ պետք է լիներ, որ համարվեր իրավազոր, քանի որ չպատասխանեցին, նա հայցադիմումի պատասխանից մեջբերում արեց՝ ներկա պիտի լիներ ավագանու 33 անդամ: Սակայն պատասխանում նշված է, որ օրենսդրությունը առաջին երդման արարողության համար նախատեսել է իրավազորության պահանջ, հետագայում Երեւանի ավագանին հրաժարվել է իրավազորության պահանջ նախատեսելու մոտեցումից: Վարազդատ Հարությունյանը հարցրեց՝ նկատի ունեք, որ այլեւս իրավազորության պահանջը կարող էր չտարածվե՞լ այս ավագանու նիստի նկատմամբ:

Դատավորն ասաց, որ դա կարող են քննարկել դատաքննության փուլում:

Ըստ պատասխանող կողմի, կանոնակարգը փոխվել է, դրա համար երդման արարողության իրավազորության հարց չկա: Սամվել Հակոբյանն ասաց, որ Երեւանի ավագանին ունի 65 անդամ, վերջին ընտրություններից հետո ձեւավորվել է իշխանական կոալիցիա, որն ունի 32 անդամ. «Այդ նիստի ժամանակ քվորում չի եղել, YouTube-ի հղումներ կան նախորդ երդմնակալություններից, որում նիստը վարում է տարիքով ավագ ավագանին, դրանից հետո ասում են՝ ներկա է, ասենք, 61 ավագանու անդամ, նիստը իրավազոր է, երդմնակալության արարողության սկիզբը հայտարարում եմ պաշտոնապես սկսված: Իսկ վերջինում օրենքով համապատասխան նիստ չի եղել, նշանակում է՝ Տիգրան Ավինյանը կարող էր Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հետ երեքով կանգնեին այդ շենքում ու իրենց երդումը տային: Սակայն սա ավագանու նիստ է ու մեր հայցի կորիզը թափանցիկության եւ օրինականության պահանջն է, որ այսուհետ հանրությունը իմանա, որ տվյալ ուժը օրենքը խախտելով է գործընթացներ անում: Երկրորդը՝ հետագայում խախտենք նման օրենքի խախտումները»:

Վարազդատ Հարությունյանն ասաց, որ ավագանու կանոնակարգը սահմանվել է 2009-ին ու մանրամասն պահանջներ կան, որ աշխատակազմը ժամը 10-11-ին ավագանու անդամների գրանցումն է անում:

Գործը մտավ դատաքննության փուլ, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 29-ին ժամը 15:30:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930