Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը փոխանցել. Գայանե Մանուկյան

Ապրիլ 16,2024 13:52

«Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915թ․ մամուլի էջերում» նախագծի համակարգող Գայանե Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

2015թ.-ին մեր համեստ, փոքրիկ աշխատախմբով, մեծագույն նվիրումով, ստանձնեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ կոչված www.armeniangenocide100.org կայքի «Այսօրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ արվեց մեկտեղել հայալեզու օտար մամուլում 1915-ին լույս տեսած հոդվածները: Հետազոտությունն արդեն չարագույժ 2018թ.-ին հրատարակվեց առանձին ժողովածուով, որն էապես կհեշտացնի ոչ միայն Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը, այնպես էլ Ցեղասպանությունն ուրացողների հետեւորդների պատմականի եւ իրականի պրպտումները։

1915թ.-ի մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն էր: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը: Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը:

Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքական այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները:

Հարկ է նշել, որ աշխատությունն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի…

Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915թ.-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, մեր օրերին։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը փոխանցել անդոներին եւ նրանց տերերին։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930