Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե

Ապրիլ 17,2024 10:10

Ապրիլի 16-ին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված ակտիվիստ Սամվել Վարդանյանը ոստիկանության մեքենայով ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ոստիկանների ակնհայտ թողտվությամբ՝ դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, խոշտանգումների և նվաստացումների։

Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր նախօրեին հանրային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ որտեղ ակտիվիստը վիրավորել էր պատգամավորին, որն, ի պատասխան պատգամավորը հարվածել Ս․ Վարդանյանին։

Միջադեպից անմիջապես հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Ալեքսանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները միջադեպի մասին, որոնք այն որակում էին «խուլիգանություն» և իրավապահ մարմիններին խիստ արձագանքելու ցուցում տալիս։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել էր «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Մկրտչյան» վերնագրով հոդված։ Բացի հոդվածի վերնագրում առկա սպառնալիքներից, թերթի զրուցակիցը կոչ է արել օրենսդիրին կրկին քրեականացնել հայհոյանքները, մեղադրել ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին՝ տեղի ունեցած միջադեպի շահառու լինելու, իսկ Ս․ Վարդանյանին՝ օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ լինելու մեջ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից դատաիրավական համակարգի շարունակական յուրացմանը իր զեկույցներում։ Վարչապետի նախկին օգնականին դատախազության ղեկավար, նախկին կուսակից-նախարարին՝ ԲԴԽ ղեկավար, ոստիկանական բռնությունների և խոշտանգումների անպատժելիության պայմաններում՝ ոստիկանապետին ներքին գործերի նախարար նշանակելը ողջ իրավապահ և դատաիրավական համակարգի յուրացման ընդամենը առանձին դրվագներն են։

Նման տոտալ վերահսկողության պայմաններում կասկածի տեղիք չի մնում, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածը։ Այս ամենը իշխանության բոլոր թևերի յուրացման, անկախ դատաիրավական համակարգի բացակայության և անպատժելիության մթնոլորտի արդյունք է։

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930