Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է էապես բարելավենք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրը». Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 17,2024 19:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության, մասնավորապես՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանը և ֆրանսերենի ուսուցմանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանին է վստահել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը, որը, ըստ նախարարի, շատ կարևոր ու պատասխանատու հանձնառություն է Հայաստանի համար:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող միջոցառումների կազմակերպումից բացի՝ պետք է նաև էապես բարելավենք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը՝ ուղղված հատկապես Հայաստանում ֆրանսերենի մակարդակի բարձրացմանը և բարելավմանը:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավելացել են ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները. այս պահին ծրագրում ներառված է 18 դպրոց: Համագործակցության խորացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆրանսիական կողմի աջակցությունը դասագրքերի և ուսումնական նյութերի ստեղծման ուղղությամբ՝ հատկապես հանրակրթական պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված:

Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Էմմանուել Սանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի ակտիվ դերակատարությունը Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունում: Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր հավատարմությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարներին ու արժեքներին:

Էմմանուել Սանսոնը նշել է՝ CREFECO-ն պատրաստակամ է Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև աջակցել ուսումնական նյութերի ստեղծման հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով հարաբերությունների խորացման և ֆրանսերենի զարգացմանն ուղղված համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմանը:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930