Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրության բարելավմամբ պետությունը կարող է հավակնել այլ տարածքներում բնակչություն ունենալուն և քաղաքական գործընթացներին մասնակցելուն․ քաղաքագետ

Օգոստոս 08,2024 11:57 Share

«Էրդողանը վերջերս Բաքու կատարած այցերից մեկի ժամանակ Ալիևին հորդորում էր ադրբեջանցիների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ամեն ընտանիքում հինգ երեխա ծնվի և սա ճիշտ մոտեցում է աշխարհի բոլոր պետությունների համար»,-ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ու ընդգծում, որ միայն ժողովրդագրության բարելավմամբ պետությունը կարող է այնքան զարգանալ, որ կարողանա հավակնել այլ տարածքներում բնակչություն ունենալուն և բնակչության միջոցով այդ տարածքներում իրականացվող քաղաքական գործընթացներին մասնակցելուն․ «Այս կերպ է վարվում Թուրքիան, որն իր հարյուր հազարավոր քաղաքացիներին ուղարկել է եվրոպական պետություններ և այս պահին նրանցից շատերի միջոցով կարողանում է եվրոպական պետությունների ներքին և արտաքին քաղաքականության վրա լուրջ ազդեցություն ունենալ»։

Քաղաքագետի խոսքով՝ ներկայում Հայաստանի ժողովրդագրական վիճակն աղետալի է, քանի որ Խորհրդային Միությունից հետո անընդհատ նվազել է բնակչության թիվը։

Նշենք, որ 1991-2023թթ․ համագումարով միգրացիոն մնացորդը կազմել է -1 մլն 123 հազար մեկ հարյուր։ Շուրջ 33 տարվա ընթացքում ընդամենը 4 տարի է եղել, որ միգրացիոն մնացորդը դրական է կազմել․ 1991թ․՝ անկախացման տարին (+4 400), 2020թ․՝ կորոնավիրուսի և պատերազմի ժամանակահատվածը, երբ ՀՀ-ից սահմանահատման որոշակի արգելք կար (+3 400), 2022թ․՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ (+6 100) և 2023թ․՝ արցախահայերի բռնի տեղահանման տարին՝ (+41 400)։

Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում 2024թ․ ապրիլին առաջին անգամ պաշտոնապես ունենք 3 մլն-ից ավելի բնակչություն, ինչը սակայն արցախահայության տեղահանման ու ՀՀ գալու արդյունքում է գրանցվել։ Քաղաքագետը վստահ է, որ միգրացիան կանխելը գրեթե անհնար ծրագիր է․ «Պետք է լինեն այնպիսի շահագրգռող ծրագրեր, որ մարդիկ նախընտրեն այդ ծրագրերից օգտվել և չլքել երկիրը, իսկ Հայաստանի փոքր շուկայի պայմաններում, ինչպես նաև աշխարհագրական դիրքի հետ կապված բավական բարդ է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ամբողջապես իրացվելու հնարավորություն ունենան»։

ՀՀ-ում ժողովրդագրության խնդրի լուծումը քաղաքագետը տեսնում է ծնելիության խթանման միջոցով․ «Ներգաղթի միջոցով ժողովրդագրություն վարելը շատ ավելի բարդ է մեր պես փոքր շուկա ու փակ սահմաններ ունեցող պետությունների համար, նույնիսկ եթե սահմանները բացվեն այդ դեպքում էլ ներգաղթը չեմ համարի առաջնային գործոն ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։ Ծնելիությունն է պետք ավելացնել և դրա համար խթանող ծրագրեր են պետք։ Այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են բավարար չեն։ Ես կարծում եմ առաջին հերթին բնակարանով ապահովման ծրագիրը պետք է բարելավվի։ Լավ կլինի, որ բազմազավակ ընտանիքներին՝ 4-րդ, կամ 5-րդ երեխայի դեպքում պետությունը բնակարանով ապահովի»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս տարբերակով հնարավոր է կանխել նաև սեռով պայմանավորված աբորտները։

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների վերջին 4 տարիներին տարեկան կտրվածքով ավելի քան 11000 հղիության արհեստական ընդհատում է կատարվում։

Ռոբերտ Ղևոնդյանն այս թիվը բավական մեծ կորուստ է դիտարկում Հայաստանի բնակչության համար։ Նա նշում է, որ պետք չէ մարդկանց նայել բացարձակ քանակով․ «Գիտենք, որ հիմնականում ՀՀ-ում իգական սեռի երեխաներ չեն ծնվում, որոնք հաջորդ սերնդում պետք է ունենային, օրինակ, 2-3 երեխաներ, հետևաբար հաջորդ սերնդի համար մենք կորցնում ենք կրկնակի, եռակի թվով երեխաներ։  Հայությունն այժմ խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության արդյունքում թեև սպանվել և տեղահանվել է 1,5 մլն մարդ, բայց այս պահին նրանց բացարձակ թվաքանակով չպետք է չափվեն Հայաստանի կորուստները, քանի որ այդ մարդիկ վերարտադրվելու էին և 2-3 անգամ ավելի հայություն էր լինելու, այսինքն՝ փաստացի մենք 4-5մլն մարդ ենք կորցրել»։

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ նույն տրամաբանությունն էլ հղիության արհետական ընդհատումների դեպքում է գործում․ «Եթե հաշվենք, որ տարեկան 11000 մարդ չի ծնվում, 30 տարվա ընթացքում և դրանից հետո ևս 25 տարվա հաշվարկով՝ մեկ սերնդի ապրելու ժամանակամիջոցում, այդ թիվը դառնում է հարյուրավոր հազարներ»։

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն 2020թ․ վերջից ՀՀ-ում լինելու է սեղմված վերարտադրություն, այսինքն՝ մահացությունը ծնելիությանը գերազանցելու է։

Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ երիտասարդների ինքնաիրացման հնարավորությունները Հայաստանում սահմանափակ են, որի հետևանքով էլ շատ երիտասարդներ հեռանում են երկրից․ «Այսինքն՝ երկրից գնում են ավելի շատ երիտասարդներ, քան մեծահասակ մարդիկ և ստացվում է, որ համամասնությունը այս պատճառով ևս խախտվում է։ Սա բնակչության ծերացման խնդիր է, որոնք ունեն շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական զարգացած երկրները։ Կառավարության կողմից ռազմավարական ծրագրեր են անհրաժեշտ, որ այսպիսի զարգացումներ չունենանք։ Օրինակ՝ երիտասարդները, որոնք վարկերի կամ դրամահավաքների միջոցով մեկնում են արտերկրի լավագույն բուհերում սովորելու ու մնում են արտերկրում, հնարավորություն ունենան պետության տրամադրած ֆինանսական միջոցներով արտերկրում ուսանել և կնքված պայմանագրով պարտավորվել վերադառնալ Հայաստան։ Նման ծրագրերով է հնարավոր կանխել ժողովրդի ծերացման գործընթացը»։

Նարա Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031