Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ում վարկաբեկում․ բացառիկ մանրամասներ՝ Կարեն Սարուխանյանի քեռորդու ու ընկերոջ ձերբակալությունից

Նոյեմբեր 11,2024 23:35 Share

Aravot.am-ը դեռ նախորդ օրն էր գրել , որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին էին տեղափոխվել երկու ՔՊ-ականներ նրանցից մեկը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Պարգև Գևորգյանն էր, մյուսը՝ Վարուժան Խոջումյանը՝ Գյումրու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատանքների գծով պատասխանատուն, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Այս թեման թերևս այդքան ուշագրավ չլիներ, եթե այս երկու անձինք փոխկապակցված չլինեին Ազգային ժողովի պատգամավոր, ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հետ․ Վարուժան Խոջումյանը նրա քեռու որդին է, իսկ Պարգև Գևորգյանը նրա մտերիմ ընկերներից է․ տեղեկություններ են շրջանառվում, որ Ազգային ժողովում եղել է Կարեն Սարուխանյանի օգնականը։

Ինչևէ, մեր հրապարակմանը հաջորդեց Պարգև Գևորգյանի ֆեսբուքյան հերքումը, որ ինքն անմեղ է, լրատվամիջոցներն են վարկաբեկում իրեն, և որ իրեն ճանաչում են Գյումրիում, իր ապրած թաղում, միջավայրում, և որ բոլորը կփաստեն, որ լրատվամիջոցների էջերում հայտնված ստահոդ լուրերի հետ ինքը որևէ առնչություն չունի։

Ավագանու անդամը նույնիսկ ենթադրություններ էր արել՝ չբացառելով, որ այդ «կեղտոտ ու էժանագին արշավն ունի նաև քաղաքական ենթատեքստ ու նպատակ` արատավորել իր և ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրու ՔՊԿ ՏԿ խորհրդի նախագահ, Գյումրու ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի բարի համբավը», որի հետ ինքը մոտ է։

Ավագանու նորաթուխ անդամն իր տեքստի վերջում կոչեր էր հնչեցրել, թե «Կեցցե՜ արդարությունը, կեցցե՜ Գյումրին» ու ստորագրել էր՝ «Հարգանքներով` Գյումրու ՔՊ խմբակցության ավագանու անդամ Պարգև Գևորգյան»։

Նկատենք, որ նրա գրառումը սրտիկել ու տարածել էին ՔՊ-ականները՝ քաջալերելով նրան ու պատվեր կատարելու մեջ մեղադրելով լրատվամիջոցներին։

Եվ մինչ ավագանու անդամը փորձում էր համոզել (բնականաբար ոչ իր շրջապատին ու մարզի իրավապահներին, նրանք լավ գիտեն՝ ինչ է կատարվել), որ ինքը շրջանառվող տեղեկությունների հետ կապ չունի, իրեն ընդամենը բերման են ենթարկել ոստիկանության Կումայրի բաժին, որտեղից դուրս է եկել՝ կասկածը չհիմնավորվելուց հետո, Shamshyan.com-ը բացառիկ մանրամասներ է հաղորդել դեպքի մասին։

«Գ. Շամշյանի տեղեկություններով, նոյեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի համայնքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, հնարավոր է, իրենց մոտ թմրանյութ ունենան։

Համայնքային ոստիկանները օպերատիվ ժամանում են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալում են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջունյանին։

Վերջիններս «Opel»-ով տեղափոխվում են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։

Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար, նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:

Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը»։

 Հ․Գ․ Ի դեպ, այս ամենից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է ում վարկաբեկում, այն էլ ընտրություններից առաջ․ մամո՞ւլն է ՔՊ-ին ու Կարեն Սարուխանյանին վարկաբեկում, թե՞ իր ՔՊ-ական մտերիմները, որոնք չեն գիտակցում, որ ընտրարշավ է և չարժե այդքան անզուսպ ապրել ու քաղաքապետի թեկնածուին խայտառակել:

Հավելենք նաեւ, որ Կարեն Սարուխանյանը «Ազատության»-ը պատմել է, թե ինչ է իրեն հայտնի իր թիմակցի ու մորեղբոր որդու ձերբակալության մասին. «Պարգև Գևորգյանն ավագանու անդամ է, ինքը իր մեքենայով է եղել, ինքը վարորդ է եղել և Վարուժ Խոջումյանը եղել է իր հետ, ուժեղացված ծառայության շրջանակներում ստուգումներ են իրականացնում, մենք տեղյակ ենք, որ բոլոր տեղերը դա կա, պարբերական բնույթ է կրում, ուսումնասիրություն են կատարել, ստուգումներ իրականացրել և որոշ կասկածներով տարել են ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնում Պարգև Գևորգյանի մոտ հստակ արձանագրվել է, որ որևէ բան չի եղել»:

Եթե պատգամավորը ավագանու անդամի մասով վստահ էր, որ նրա մոտ թմրանյութ չեն գտել, ապա նույն մեքենայից ձերբակալված մորեղբոր որդու մասին պնդել է, թե շատ բան չգիտի. «Վարուժ Խոջումյանի մասով էլ մանրամասներին այս պահին չեմ տիրապետում, բայց իմ իմանալով՝ որևէ լուրջ բան չկա»։

Կարեն Սարուխանյանը շեշտել է՝ ինքն իր արարքների համար է պատասխանատու.  «Ես ունեմ 50-ից ավելի հոպարի տղա, մեր ազգը շատ մեծ է, և ես պատասխանատու եմ իմ արարքների, իմ վարքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930